Գևորգ Թոսունյան
Հակակոռուպցիոն դատարանում մայիսի 13-ին «Քիմիկների զորամաս» անունով հայտնի քրեական գործով նախնական դատական նիստում հարցաքննվեցին վկաները։ Նրանցից Նարեկ Վարդանյանը պատերազմի ժամանակ եղել է պայմանագրային զինծառայող: Վկան մանրամասնեց՝ ինչպես է մասնակցել Զանգելանի ուղղությամբ գործողությանը, որը, իր խոսքով, «սանրման» նպատակ ուներ։ Իրենց, սակայն, տարել են սխալ ուղղությամբ, և հայտնվել են հակառակորդի դիմաց։
Նարեկ Վարդանյանը դատարանում հայտնեց, որ 2020-ի հոկտեմբերի 18-ին մի խումբ զինծառայողների հետ մեկնել է Մեղրի, ապա տեղափոխվել տարբեր բնակավայրեր՝ Լիճք, Կապան, իսկ հետո Զանգելան։
«Հրամանատարն ասել էր, որ խնդիր ենք ստացել ու պետք է գնանք Զանգելան՝ սանրման աշխատանքների համար։ Այնտեղ կան վիրավոր հակառակորդներ, որոնց պետք է դուրս բերեինք ու գերեվարեինք», – պատմեց Վարդանյանը։
Նա նշեց, որ երբևէ նմանատիպ գործողության չի մասնակցել։ Ըստ նրա՝ խմբում ընդգրկված է եղել 62 մարդ։ Հարցին՝ արդյոք գործողության մասնակցությունը եղել է կամավորության սկզբունքով, վկան պատասխանեց․ «Այդ ժամանակ բոլորն ուզում էին գնալ, անգամ կռիվ էր գնալու համար»։ Միչդեռ իրենց տարել են սխալ տեղ՝ մի քանի անգամ գերազանցող հակառակորդի մոտ։

Էջմիածնի «քիմիկների» զորամասի զինծառայողները 2020-ի հոկտեմբերի 21-ին տեղափոխվել են Զանգելան։ Գործով քննվում է 62 հոգանոց խմբի հարցը։ Նշվում է, որ մարտական խնդրի կատարման ժամանակ նրանք շրջափակման մեջ են ընկել, 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, 24-ի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանին, N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանին, պատերազմի ժամանակ նույն զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանին և զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանին։
«Ադրբեջանիցները մեզ գերազանցում էին»
Նարեկ Վարդանյանի խոսքով՝ զորամասից դուրս գալիս ունեցել են ինքնաձիգ, չորս պահեստատուփ, սակայն զրահաբաճկոն կամ նռնակներ չեն ունեցել։ Ինքը նստել է վերջին՝ երրորդ ավտոբուսը։ Ճանապարհին նկատել է ոստիկանական հենակետեր։ Երբ հասել են տեղ, իջել են, և հակառակորդը սկսել է կրակել․ «Երբ կրակեցին, վազեցի առաջ ու պատսպարվեցի։ Կռիվը սկսվեց»։
Վկան հիշում է, որ եղել են Զանգելանի դպրոցի մոտ, սակայն, ըստ նրա, իրական առաջադրանքը դպրոցը չէր․ «Մենք հրահանգավորված էինք, որ մի x տեղ պետք է քողարկվեինք, հետո ռազվեդկան գար, ու միայն այդպես սկսվեր գործողությունը։ Բայց չգիտեմ՝ ինչպես հայտնվեցինք դպրոցի մոտ»։
Նրա խոսքով՝ կրակի ինտենսիվությունից զգացել է, որ հակառակորդը թվով գերազանցում է իրենց։ Մոտ կես ժամ մնացել է բլրի տակ, այնուհետև նետվել է գետի մեջ, և երբ կրակոցները դադարել են, վերադարձել է հայկական դիրքեր։
Այնուհետև վկան պատմեց, որ երեք հոգով գետով փորձել են դուրս գալ, ճանապարհին մարդ չեն տեսել, միայն հակագազ։
Հասել են մի սարի, որը կարծում էին, թե հայկական է. «Երբ հասանք սար, մարդիկ էին, զենքը պահեցին մեզ վրա ու ասացին, որ զենքը դնենք գետնին ու նոր մոտենանք։ Մեր տղերքից Խորոն զենքը դրեց գետնին, գետն անցավ ու մոտեցավ իրանց։ Մենք եղել ենք երեք հոգի։ Խորոն առաջինը անցավ, հետո ձեռքով մեզ է կանչել»։
Ո՞վ է մեղավոր․ ծնողները՝ վկային
Նիստին ներկա էին նաև անհետ կորած զինծառայողների ծնողները։ Ծնողներից մեկը՝ Հրաչ Ալեքսանյանը, վկային խնդրեց ասել, թե ով է մեղավոր․ «Ես չեմ կարող ասել՝ ով է մեղավոր»,- պատասխանեց վկան՝ հավելելով, որ դահլիճում կարող էր «ոչ ինքը լիներ, ոչ էլ հրամանատարը», այսինքն՝ այս գործով անցնող մեղադրյալ Արսեն Աբգարյանը։
Նույն հարցը կրկնում էր նաև անհետ կորած Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը։ «Հիմա ո՞վ է մեղավոր՝ իմ որդի՞ն, դո՞ւ, հրամանատա՞րը՝ Արսեն Աբգարյանը»,- հարցրեց նա։ Վկան կրկնեց, որ դա իր գործը չէ, նա չի կարող այդ հարցին պատասխանել։
Հրաչ Ալեքսանյանը նաև դիմեց մեղադրյալ Արսեն Աբգարյանին․ «Արսեն, ես ուրախ եմ, որ դու էլ ես դուրս եկել, բայց դու պիտի ասես՝ ով է մեղավոր։ Այս հարցի պատասխանը պետք է տաք»։
Ո՞րն է եղել պատճառը, որ խումբը հայտնվել է այդ տեղանքում, հետաքրքրվեց նիստը նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը, իսկ վկան պատասխանեց․ «Պատճառը եղել է այն, որ անձնակազմը սխալ վայրում է հայտնվել։ Մենք պետք է չգնայինք էդքան հեռու։ Ինձ թվում է՝ ուղեկցողն է եղել պատճառը»։ Զինծառայողներին երկու սպաներ են ուղեկցել դեպի նպատակակետ։



Դատավոր Սարգիս Դադոյանը նաև հարցեր ուղղեց այդ ժամանակ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ Վարդան Նշանյանի որդու՝ ենթասպա Գևորգ Նշանյանի վերաբերյալ։ Նա եղել է «Քիմիկների զորամասի» կազմում, բայց չի մասնակցել մարտական գործողությունների, քանի որ բարեկամն էր մահացել ու վերադարձել էր Սյունիքից։ Դատավորը հետաքրքրվեց, թե Արսեն Աբգարյանը վկային ևս թույլ կտա՞ր դուրս գալ ծառայությունից այդ ընթացքում, եթե հարազատը մահանար։ Վկան չկարողացավ հարցին պատասխանել։
Դատավոր․ «Բնակվելու եմ քննիչի հարևանությամբ, բայց այդ հանգամանքը չի ազդի իմ անաչառության վրա»
Նույն նիստին դատավոր Սարգիս Դադոյանը հայտարարեց, որ մինչդատական վարույթ իրականացնող քննիչ Դերենիկ Իգիթյանի հարևանությամբ է ապագայում բնակվելու, բայց այդ հանգամանքը որևէ ազդեցություն չունի իր անաչառության վրա։ Կողմերը առարկություն չունեցան։
Հարցաքննվեց նաև նախկին վկա Արման Մանուչարյանը, որը 2020-ին 60 տարեկան էր, աշխատել է զինկոմիսարիատում և եղել է N զորամասի հրամանատարի տեղակալ։
Նա փոխանցեց, որ դեպքի պահին հակառակորդը Կապանից մոտ 10-15 կմ հեռավորության վրա էր։ Ըստ վկայի՝ իրեն բանավոր առաջարկել են ուղեկցել զինծառայողներին, սակայն չի համաձայնել, քանի որ այլ գործողություններ ուներ։
«Ագարակ գյուղի ուղղությամբ հակառակորդը դիրքեր էր ավելացնում։ Մենք էլ պետք է նպաստավոր դիրքեր վերցնեինք, որ չմտնի գյուղ։ Ագարակի հրամանատարի հետ պայմանավորվել էինք խումբ ստեղծել ու այդ գործողություններն իրականացնել», – պատմեց վկան։
Սպաները հրաժարվել են ուղեկցել զինծառայողներին․ փաստաբան
Փաստաբաններից մեկը նշեց, որ ինչպես Մանուչարյանը, այնպես էլ այլ անձինք հրաժարվել են մասնակցել ուղեկցման առաջադրանքին։
«Դուք էլ եք ասում, որ այլ հանձնարարություն ունեք։ Մյուս անձինք էլ։ Փաստական տվյալները վկայում են, որ մարդիկ խուսափել են այդ պարտականությունները կատարելուց»,- ասաց նա։
Ի պատասխան՝ Մանուչարյանն ընդգծեց, որ եթե այլ հանձնարարություն չունենար, ինքն անձամբ կուղեկցեր։ Նա նաև նշեց, որ զինծառայողներին «սխալ են տարել»՝ հեռու ուղղությամբ։
Անահիտ Ադոյանը հարց ուղղեց վկային, թե ուր են իրենց որդիները։
«Ես, ցավոք սրտի, ոչ մեկին չեմ տեսել»,- հակիրճ պատասխանեց Մանուչարյանը։
«Մեկն ասաց՝ ոնց որ մտել ենք Զանգելան, ասի՝ հնարավոր չի»
Դատական նիստի ընթացքում հարցաքննվեց զորամասի դասակներից մեկի հրամանատար Գեորգի Ախնազարովը։ Նա պատմեց, որ դեպքի օրը ավտոբուսում զինծառայողներից մեկը հասկացել է, թե սխալ ուղղությամբ են շարժվում։

«Երկար ճանապարհով գնում էինք, երբ զինծառայողներից մեկն ասաց, որ կարծես Զանգելան ենք մտել։ Ասացի՝ հնարավոր չէ։ Նա պատասխանեց, որ ինքն այդտեղ է ապրել։ Հետո սարի վրա մարդիկ նկատեցինք։ Բոլորին հրահանգեցի՝ մագազինները հանեն ու զենքերը պահեն ձեռքին։ Կալոնան կանգ առավ, և անմիջապես հնչեց կրակոց։ Դուռը բացեցինք, իջանք ու գնացինք մոտակա քանդված շինությունների հետևը։ Մարտ սկսվեց։ Լսում էի տարբեր սպաների ձայներ, հետո ձայները կտրվեցին։ Նրանց կողքը ինչ-որ բան պայթեց»,- վկայեց Ախնազարովը։
Նա պատմեց, որ մի պահից հետո ինքը և ևս չորս զինծառայող նահանջել են։ Վերելք են կատարել մոտակա սարի վրա և միացել այլ զինծառայողների, որոնց հետ թաքնվել են։ Այդ ընթացքում լսել են զրահամեքենայի ձայն։
«Հակառակորդը ռուսերենով ասում էր՝ դուրս եկեք, հայեր, չենք վնասի։ Սպասեցինք մութն ընկնի։ Երբ մթնեց, դուրս եկանք դեպի եղեգների կողմը։ Ես հետից էի գնում։ Մութ էր։ Երբ հասա, տեսա՝ մարդ չկա։ Փնտրեցի, բայց ոչ ոք չկար։ Ամբողջ գիշեր մենակ մնացի այդ տեղանքում», – ասաց նա։
Առավոտյան փորձել է նորից պատսպարվել, մնացել է ևս մեկ օր։ Գիշերը լսել է հրաձգության ձայներ։ Հաջորդ օրը ճանապարհ է գտել, շարունակել գնալ, թաքնվել։ Երկու օր անց հասել է մոտակա հանքավայրերից մեկը, որտեղ դիրքեր են եղել, բայց անձնակազմը բացակայում էր։
«Դիրքերում սնունդ կար, տարբեր իրեր։ Վերցրեցի անհրաժեշտը ու գնացի ճանապարհով։ Ճանապարհին երկու ոստիկանական մեքենա տեսա՝ հենակետում։ Սկզբում մտածեցի մտնեմ, գուցե վարեմ, բայց հետո որոշեցի ոտքով գնալ», – պատմեց նա։
Ճանապարհին հանդիպել է երկու անձի։ «Խոսում էին ղափանցու բարբառով։ Ասացին՝ քո ակցենտը էն չի։ Ասացի, որ Ռուսաստանից եմ։ Հարցրին ազգանունս, ասացի՝ Ախնազարով։ Զգացի, որ լարված են, ուզում էին կրակել։ Ես գոռացի՝ հանգստացեք, չկրակեք, հայ եմ։ Վերջում լեզու գտանք ու գնացինք միասին Սյունիք։ Այդպես հայտնվեցի Հայաստանի տարածքում», – եզրափակեց Ախնազարովը։
Ինչու էին քիմիկները հասել Զանգելան
Ավելի վաղ այս գործով հրապարակվել էին մի շարք ապացույցներ՝ գրությունների ու այլ պաշտոնական փաստաթղթերի տեսքով։ Ըստ դրանցից մեկի համաձայն՝ մարտական գործողություններին ՊՆ N զորամասից մասնակցել է թվով 50 զինծառայող, որոնցից 25-ը պահեստազորայիններ։
Մեկ այլ գրության մեջ նշվում էր, որ «2020-ի հոկտեմբերի հոկտեմբերի 21-ին Զանգելանի հատվածում զորամասի անձնակազմը պետք է կատարեր «սանրման» աշխատանքներ. հայտնաբերեր հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերն ու ոչնչացներ, այնուհետև անցներ պաշտպանության և թույլ չտար թշնամու ներթափանցումը ՀՀ տարածք»։
Նշվում էր նաև, որ անձնակազմը համալրված է եղել ինքնաձիգով ու սաղավարտներով, իսկ գործողությունը ղեկավարող Մակարյանն ու Աբգարյանը միմյանց հետ որպես կապի միջոց օգտագործել են բջջային հեռախոսներ։
«Ստացված տեղեկությունների համաձայն՝ Զանգելան քաղաքից 3-4 կմ հեռավորության ճանապարհին պետք է լիներ անցակետ, սակայն այդ հատվածում որևէ մեկը չի հանդիպել մարտական խնդիրներ կատարող զինծառայողներին։ Զինծառայողները համալրված են եղել իրենց ամրակցված զենք-զինամթերքով, զրահաբաճկոններ հատկացված չեն եղել»,- նշված էր այլ գրությունում։