Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 13-ին Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ: Այս մասին հայտնում են անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Հնդկաստան երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես ընդգծվել է տնտեսական համագործակցության խորացման ընթացքը և անվտանգության ոլորտի ընթացիկ համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, ինչի շրջանակներում Աջիթ Դովալը՝ ՀՀ ԱԽ քարտուղարի խնդրանքով, ներկայացրել է տեղեկատվություն կապված վերջին օրերին Հնդկաստան-Պակիստան սահմանին տեղի ունեցած իրադարձությունների հնարավոր զարգացումների վերաբերյալ, իսկ հնդկական կողմի խնդրանքով՝ ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը: