Կոնյակի արտահանման խնդրի պատճառով Պապոյանը հնարավոր է՝ մեկնի Վրաստան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ առաջիկայում չի բացառվում, որ ինքն անձամբ գնա Վրաստան՝ տեղում քննարկելու կոնյակի սպիրտի արտահանման հետ կապված խնդիրները: Այդ մասին նա այսօր հայտարարել է Ազգային ժողովի նիստի ժամանակ:

«Խնդիրն իսկապես կա, ու ես կարծում եմ, որ մեր տնտեսվարողները ճիշտ են։ Այս հարցով մենք տարբեր սցենարներ, իրավիճակներ ենք քննարկում Վրաստանի մեր գործընկերների հետ», – ասել է նախարարը։

Մի խումբ արտահանող ընկերությունների ներկայացուցիչներ մայիսի 13-ի հավաքվել էին Երևանում Վրաստանի դեսպանատան դիմաց։ Նրանք պարզաբանում էին պահանջում դեսպանից, թե ինչու են իրենց բեռները Վրաստանում ստուգումների ենթարկվում, և ինչու է վրացական կողմն արգելում Հայաստանից դուրս եկած ապրանքները Վրաստանի տարածքով հասցնել Ռուսաստան և այլ երկրներ։

Վրաստանի դեսպանատնից ընդունել են բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներին։ Դեսպանատնից հայտնել են, որ արդեն դիմել են պաշտոնական Թբիլիսիին և սպասում են խնդրի լուծման վերաբերյալ պատասխանի։

Մեկնաբանել