Վրաստանի վարչապետ Կոբախիձեն բաց նամակ է հղել Թրամփին և Վենսին

Նաթե Օսթիլլեր, OC Media

Մայիսի 13-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ծավալուն բաց նամակ է հրապարակել՝ հասցեագրված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։ Նամակում նա դժգոհություն է հայտնում ԱՄՆ վարչակազմի և «Վրացական երազանք» կուսակցության կառավարության միջև բարձր մակարդակի հանդիպումների և հաղորդակցության բացակայության կապակցությամբ։

Կոբախիձեն նշել է, որ «մի քանի շաբաթ առաջ» նամակ էր ուղարկել Թրամփին և Վենսին, որտեղ արտահայտել է իր կառավարության ցանկությունը՝ «Վրաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերությունը վերականգնելու զրոյից՝ հստակ ճանապարհային քարտեզի հիման վրա»։

Նա ընդգծել է, որ իր նախորդ փորձերը՝ կապ հաստատելու Թրամփի վարչակազմի հետ, մնացել են անպատասխան, և հավելել, որ այդուհետ նույնպես բարձր մակարդակի որևէ շփում տեղի չի ունեցել։

Կոբախիձեն նշել է, որ Վաշինգտոնից այս լռությունը «զարմացրել է Վրաստանի ժողովրդին և կառավարությանը», հաշվի առնելով ԱՄՆ-Վրաստան երկարատև և սերտ հարաբերությունները։ Նա ասել է, որ Թբիլիսին տարածաշրջանում ԱՄՆ-ի «ամենահուսալի գործընկերն» է և վկայակոչել է Վրաստանի զինված ուժերի մասնակցությունը ԱՄՆ-ի գլխավորությամբ իրականացված գործողություններին Իրաքում և Աֆղանստանում՝ պնդելով, որ այդ մասնակցությունը «խնայել է ԱՄՆ-ին 2,5 մլրդ դոլար», ինչը, ըստ նրա, գերազանցում է Վրաստանին տրամադրված ԱՄՆ-ի ամբողջական ֆինանսավորումը։

Կոբախիձեն նաև նշել է, որ այդ գումարը չի ներառում 2008-2011 թվականներին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարությանը ԱՄՆ-ի տրամադրած ֆինանսավորումը, որը, ըստ նրա, հատկացվել էր Սաակաշվիլիի կառավարությունը «փրկելու» համար, երբ վերջինս «խորքային պետության» հրամանով սկսել էր 2008-ի օգոստոսյան պատերազմը Ռուսաստանի դեմ։ «Խոր պետություն» հասկացությունը Վրաստանի իշխող կուսակցության կողմից հաճախ օգտագործվող անհստակ տերմին է, որով բնութագրում են ենթադրյալ ուժեր, որոնք, իբր, փորձում են Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ և տապալել գործող իշխանությանը։

Կոբախիձեն հավելել էր, որ նշված 2,5 մլրդ դոլարը չի ներառում այն ֆինանսավորումը, որը տրամադրվել է ԱՄՆ դեսպանատան, USAID-ի, Ազգային ժողովրդավարական հիմնադրամի (NED) կամ «Սորոսի հիմնադրամի» միջոցով՝ պնդելով, թե այդ միջոցները օգտագործվել են «ռադիկալիզմի և ատելության հրահրման, հեղափոխությունների կազմակերպման, Վրաց ուղղափառ եկեղեցու հեղինակության խարխլման, կրոնական ծայրահեղականության խրախուսման, պետական հաստատությունների թուլացման, գենդերային և ԼԳԲՏ քարոզչության և այլ նմանատիպ նպատակների համար»։

Կոբախիձեն նշել է, որ Վաշինգտոնի և Վրաստանի ներկա կառավարությունների միջև գոյություն ունի «արժեհամակարգային և գաղափարական զարմանալի համընկնում»՝ հատկապես՝ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի համեմատությամբ։

«Հաշվի առնելով վերոնշյալը և այն փաստը, որ Ձեր վարչակազմը ակտիվ երկխոսություն և հաղորդակցություն է վարում բազմաթիվ պետությունների հետ, այդ թվում՝ բացահայտ ոչ ժողովրդավարական և ավտորիտար, Ձեր լռությունը Վրաստանի նկատմամբ մեզ համար տրամաբանական որևէ բացատրություն չունի»,- գրել է Կոբախիձեն։

Մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից վերջերս ընդունված «MEGOBARI» ակտը, որը նա որակել էր որպես «թշնամական», ինչպես նաև՝ վրացական իշխանությունների նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պահպանումը, Կոբախիձեն նշել է, որ վրաց ժողովուրդը «շփոթության մեջ է», քանի որ «մի կողմից դուք խիստ քննադատում եք նախագահ Բայդենի որոշումները, մյուս կողմից դեռ չեք չեղարկել նրա որևէ հանցավոր քայլ»։

Կոբախիձեն նամակը եզրափակել է՝ հույս հայտնելով, որ «Վրացական երազանքը» դեռ «լիահույս է», որ Թրամփը վերջնականապես կհաղթի «խորքային պետությանը», ինչը, ըստ նրա, «հիմք կդնի ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների վերաձևման և երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության վերականգնման համար»։

Այս հոդվածի հրապարակման պահին Կոբախիձեի նամակին ԱՄՆ-ից պաշտոնական որևէ արձագանք չկար։

Մեկնաբանել