Քաշմիրի շուրջ իրավիճակը սրվեց ապրիլի 22-ին Փահալգամում խաղաղ մարդկանց դեմ ահաբեկչական հարձակման պատճառով, որին հետևեցին Հնդկաստանի ռազմական հարվածները Պակիստանին։ Այն աշխարհի ուշադրությունը սևեռեց Քաշմիրի համար Պակիստան-Հնդկաստան պայքարին, քանի որ պակիստանյան ահաբեկչական խմբավորումները որդեգրել են Համասի գործելաոճը՝ սպանելով խաղաղ քաղաքացիների։
Համասի և Պակիստանի հետախուզական գործակալությունների միջև կապերը զգալիորեն աճել են Իսրայելի հարավում 2023-ի հոկտեմբերի 7-ին Համասի ահաբեկչական հարձակումներից հետո։ Այդ հարձակումները մեծ ուշադրություն են գրավել իսլամիստների շրջանում և խթանել միջազգային ահաբեկչական խմբավորումների գործունեությունը։
Պակիստանը որոշել է նմանատիպ հարձակումներ իրականացնել Հնդկաստանում, հատկապես Ջամմու և Քաշմիր նահանգում՝ Քաշմիրի հարցը միջազգայնացնելու նպատակով։ Պակիստանն ու Հնդկաստանը տասնամյակներ պայքարում են Քաշմիրի տարածաշրջանի համար։ Հատկանշական է, որ Համասի մի քանի պատվիրակություններ այցելել են Պակիստան, և երկու խմբավորումների ներկայացուցիչները հանդիպել են չեզոք վայրերում՝ իրենց կապերը խորացնելու համար։ Սա կարող է անվտանգային լուրջ հետևանքներ ունենալ Հնդկաստանի և միջազգային հանրության համար։
Պակիստանյան բանակի հետ Քաշմիրի հարցում համերաշխություն ցուցաբերելու նպատակով Համասի առաջնորդների պատվիրակությունը, այդ թվում՝ Զահիր Նաջին և խոսնակ Խալեդ Քադդումին, մասնակցել են «Քաշմիրի համերաշխության օրվա, Համասի Ալ-Աքսայի հեղեղի (2023-ի հոկտեմբերին Համասի ահաբեկչական գործողությունը Իսրայելի դեմ) գործողության համաժողովին» փետրվարին։ Միջոցառումը կազմակերպող խմբերի թվում են եղել Ջամմու Քաշմիրի Միացյալ Շարժումը և Ջաիշ-է-Մոհամմեդը (ՋէՄ)։ Միջոցառումն անցկացվել է «Պակիստանի գրավյալ Ջամմու և Քաշմիրի» տարածաշրջանում։
Համաժողովի ընթացքում, որին Համասը մասնակցել է «Գազայի և Քաշմիրի մուսուլմանների» հետ համերաշխություն արտահայտելու նպատակով, մի շարք ահաբեկչական հրամանատարներ հակահնդկական ելույթներ են ունեցել և կոչ արել մուջահիդներին («ջիհադիստներին») աշխարհով մեկ աջակցել Քաշմիրի «ազատագրմանը», ինչը ուղղակի սպառնալիք է Հնդկաստանին։
Ընդամենը երկու ամիս անց Դիմադրության ճակատը՝ իսլամական Լաշքար-է-Թայիբա (ԼեԹ) ահաբեկչական խմբավորման փոխկապակցված խումբը, իրականացրեց Փահալգամի ահաբեկչական հարձակումը՝ սպանելով 26 հինդու զբոսաշրջիկների։ Հարձակման գործելակերպը և ընտրված թիրախները ակնհայտ նմանություններ ունեն Համասի՝ Իսրայելի քաղաքացիների դեմ ահաբեկչական գործողությունների հետ։
Նաև, ինչպես Համասի դեպքում, ահաբեկիչները տեսագրել են իրենց հարձակումը, ինչը ցույց է տալիս, թե ինչպես են նրանք ճանաչում հինդու զբոսաշրջիկներին, ստիպում նրանց արտասանել իսլամական տողեր և օգտագործում քաղաքացիական անձանց՝ Հնդկաստանի կառավարությանը ապագայում հինդուների դեմ նմանատիպ հարձակումների մասին զգուշացնելու համար։
Պակիստանը Համասի և Իսրայելի դեմ նրա ահաբեկչական գործունեության հիմնական աջակիցն է եղել։ Քանի որ ահաբեկչական խումբը փնտրում է ապաստարաններ՝ իր մնացած առաջնորդներին պաշտպանելու համար, Պակիստանը դարձել է նրանց թաքնվելու համար հիմնական անվտանգ վայրերից մեկը, քանի որ արաբական շատ երկրներ հրաժարվել են նման քայլերից։ Որոշ զեկույցներ վկայում են, որ Պակիստանը կարող է պետական պաշտպանություն տրամադրել Համասի բարձրաստիճան որոշ առաջնորդների՝ փոխարենը ստանալով ֆինանսական օգնություն և նյութատեխնիկական աջակցություն հակահնդկական ահաբեկչական խմբավորումների համար։
Աղբյուրները նշում են, որ փոխադարձ համաձայնության շրջանակներում Պակիստանի ռազմական իսթեբլիշմենթը Համասից պահանջել է մարտավարական փորձաքննություն ԼեԹ-ի, ՋէՄ-ի և ահաբեկչական այլ խմբերի համար՝ Ջամմու և Քաշմիրում կրոնական շարժառիթներով հարձակումներ իրականացնելու նպատակով։ Բացի այդ, Պակիստանի հետախուզական գործակալությունները կազմակերպել են Համասի առաջնորդների այցը Պակիստանի գրավյալ Ջամմու և Քաշմիր՝ խրախուսելու և ճնշում գործադրելու տեղի բնակչության վրա՝ միանալու այսպես կոչված «Քաշմիրի ազատագրման» շարժմանը և աջակցություն ստանալու «Պաղեստինի» իսլամական գործին։
Ապրիլյան հարձակումից մեկ շաբաթ առաջ գեներալ Սյեդ Ասիմ Մունիրը՝ Պակիստանի բանակի շտաբի պետը, հրապարակավ քննադատել էր հինդուիզմը և անուղղակիորեն ակնարկել իրենց հարձակման մասին։
Ջամմու և Քաշմիրում ահաբեկչությամբ՝ Մունիրը Հնդկաստանին դիտավորյալ հրահրում է սկսելու տարածաշրջանային ռազմական հակամարտություն։ Սա կօգնի միջազգայնացնել Քաշմիրի հարցը պակիստանցիների համար և անհրաժեշտ աջակցություն ձևավորել Մունիրի շուրջ, որն ամեն օր հարձակումների է ենթարկվում տեղի բնակչության կողմից՝ իր անկարողության և երկրի քաղաքականության մեջ հակասահմանադրական ներգրավվածության պատճառով։
Ամենամտահոգիչը, սակայն, Քաշմիրում վերջին ահաբեկչական միջադեպերում Համասի հետ տեսանելի կապերն են, որոնք միջազգային ահաբեկչության երանգ են ավելացրել տարածաշրջանային խնդրին։
Աննախադեպ տնտեսական ճգնաժամի և ռեկորդային ցածր վարկանիշների պայմաններում Պակիստանի բանակը կօգտագործի ցանկացած հնարավորություն՝ Քաշմիրի և Իսրայել-Համաս հակամարտության վերաբերյալ հասարակական աջակցություն ստանալու համար և ուշադրությունը շեղելու իրական խնդիրներից։ Որպես երկարատև քաղաքական դիրքորոշում՝ Պակիստանը միջազգային ատյաններում միավորում է այս երկու հարցերը՝ մուսուլմանական մյուս երկրների և մարդու իրավունքների կազմակերպությունների աջակցությունը ստանալու համար։
Այս հարցերով Հնդկաստանի և Իսրայելի դեմ թափ հաղորդելու Իսլամաբադի հուսահատ ջանքերը մինչ այժմ ձախողվել են։ Այնուամենայնիվ, Պակիստանի բանակը որոշել է սրել իրավիճակը Ջամմու և Քաշմիրում՝ Փահալգամում հինդու զբոսաշրջիկներին սպանելով, որը հետևում է Համասի հստակ գործելակերպին։ Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Մունիրի՝ ահաբեկչական ռազմավարությունը, որը սրում է լարվածությունը և անվտանգային լայնածավալ հետևանքներ ունենում տարածաշրջանում։
Հոդվածի բնօրինակը՝ Pakistani terrorist outfits adopt Hamas’s strategy