Վրաստանը օրենք է ընդունել, որով պարզեցվում է կուսակցությունների արգելումը 

Միխեիլ Գվաձաբիա, OC Media

Իշխող Վրացական երազանք կուսակցությունն ու նրա արբանյակները խորհրդարանում վերջնական ընթերցմամբ ընդունել են օրենսդրական փաթեթ՝ քաղաքական կուսակցությունների արգելման վերաբերյալ: Փոփոխությունների համաձայն՝ Սահմանադրական դատարանը կունենա կուսակցություն արգելելու իրավասություն, եթե կուսակցության նպատակներն ու կազմը համապատասխանում են արդեն արգելված կուսակցության նպատակներին ու կազմին:

Իշխող կուսակցությունն ընդունել է օրենսդրական փոփոխություններն այն նպատակադրմամբ, որ արգելի նախկին իշխող կուսակցությունը՝ Միացյալ ազգային շարժումը (ՄԱՇ), ինչպես նաև խոշոր այլ ընդդիմադիր կուսակցություններ, որոնք, ըստ նրանց պնդումների, ՄԱՇ-ի արբանյակներն են և ծառայում են նրա շահերին:

Քաղաքացիների քաղաքական միավորումների մասին օրենքի 36-րդ հոդվածը թույլատրում է արգելել հատուկ նպատակներ ունեցող կուսակցություններ, այդ թվում՝ սահմանադրական կարգը տապալելը, երկրի տարածքային ամբողջականությունը խախտելը կամ ազգային, կրոնական կամ այլ հիմքերով անհամաձայնություն հրահրելը:

Սակայն Վրացական երազանքը օրենսդրությանն ավելացրել է առանձին ենթակետ, որը դատարանին իրավասություն կտա արգելելու ցանկացած կուսակցություն, որի հայտարարված նպատակները կամ գործունեությունը «էականորեն կրկնում են» նույն հոդվածի համաձայն նախկինում արգելված կուսակցության հայտարարված նպատակները կամ գործունեությունը:

«Էական կրկնություն» տերմինը վերաբերում է նաև կուսակցական ցուցակների կազմին:

Նոր փոփոխություններով կառավարությունը կկարողանա ոչ միայն խնդրել արգելել գոյություն ունեցող ընդդիմադիր կուսակցությունները, այլև ցանկացած կուսակցություն, որոնք, հնարավոր է, հիմնադրվեն ապագայում, եթե Վրացական երազանքը դրանք համարի նախկինում արգելված կուսակցությունների իրավահաջորդներ:

«Ես կարծում եմ [այս օրենքն ընդունվել է], որպեսզի նա [Վրացական երազանքի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին] ձեռքում ունենա շանտաժի գործիք՝ կարողանալու հեշտությամբ լուծարել կուսակցությունները, երբ ցանկանա, և հարմարավետ կերպով վերաձևել քաղաքական դաշտը ընտրություններից առաջ»,- ասել է Դիմիտրի Ցկիտիշվիլին՝ Հանուն Վրաստանի կուսակցության անդամ և Վրացական երազանքի նախկին պատգամավոր:

Փետրվարին Վրացական երազանքը խորհրդարանում ստեղծել էր «փաստահավաք հանձնաժողով»՝ նպատակ ունենալով ուսումնասիրել ՄԱՇ-ի կառավարման ժամանակաշրջանը և ի վերջո պատժել կուսակցությանը:

Սակայն իշխող կուսակցությունն այնուհետև ընդլայնել է հանձնաժողովի մանդատը՝ ներառելով 2012-ից հետո ընկած ժամանակահատվածը՝ նշելով, որ նախկին կառավարության ներկայացուցիչները «բազմաթիվ հակապետական գործողություններ» են իրականացրել նույնիսկ 2012-ից հետո՝ ընդդիմության մեջ գտնվելու ժամանակահատվածում: Այդ ընդլայնումից հետո հանձնաժողովին տրվել է այն անձանց կանչելու իրավասություն, որոնք երբևէ ՄԱՇ-ի անդամ չեն եղել: Նման մի դեպքում իշխող կուսակցությունը հարցաքննել է Գիորգի Գախարիային, որը վարչապետ է եղել Վրացական երազանքի օրոք և այժմ ընդդիմության մեջ է:

Վրացական երազանքն արդեն հայտարարել է, որ հանձնաժողովի եզրակացությունները հիմք կծառայեն Սահմանադրական դատարան ներկայացվող իր դիմումի համար, որով այն կձգտի արգելել ՄԱՇ-ին և նրա «արբանյակներին»:

«ՄԱՇ-ի արբանյակներ» ասելով՝ իշխող կուսակցությունը նկատի ունի ներկայում գոյություն ունեցող բոլոր խոշոր ընդդիմադիր կուսակցությունները. ոչ միայն նրանք, որոնց առաջնորդները նախկինում ՄԱՇ-ի անդամներ են եղել, այլև, օրինակ, Գախարիայի հիմնադրած Հանուն Վրաստանի կուսակցությունը, որը ՄԱՇ-ի սուր քննադատն է:

2025-ի հոկտեմբերին կայանալիք տեղական ընտրությունների շուրջ ենթադրությունների շրջանակում, մասնավորապես, թե արդյոք կուսակցությունների արգելումը կիրարկվելու է քվեարկությունից առաջ, թե հետո, իշխող կուսակցության խորհրդարանական առաջնորդ Մամուկա Մդինարաձեն ապրիլին հայտարարել էր, որ կուսակցությունները չեն արգելվի ընտրություններից առաջ՝ վկայակոչելով տեխնիկական պատճառներ: Փոխարենը, նա պնդել էր, որ կուսակցությունները կարգելվեն դրանից անմիջապես հետո:

Վրացական երազանքի կողմից հակա-ՄԱՇ հանձնաժողովի աշխատանքը, ինչպես նաև նոր սահմանափակող օրենքների ընդունումը իրականացվում են այնպիսի խորհրդարանում, որտեղ ընդդիմություն գործնականում գոյություն չունի: 2024-ի խնդրահարույց ընտրություններից հետո ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվել են մասնակցել օրենսդրական գործընթացին:

Այս համատեքստում Վրացական երազանքը խորհրդարանում ստեղծել է արբանյակային խմբեր, որոնք սկսել են իրենց ներկայացնել որպես «առողջ ընդդիմություն»: Գործնականում սա մինչ այժմ արտահայտվել է իշխող կուսակցության օրենսդրական բոլոր նախաձեռնություններին նրանց անվերապահ աջակցությամբ:

Մեկնաբանել