Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
«Փաստինֆո» լրատվական գործակալությունը մայիսի 13-ին գրել է, թե վարչապետի աշխատակազմը պետական բյուջեի հաշվին գնել է 65 հատ ծաղկային կոմպոզիցիա՝ ընդհանուր 4,475 մլն դրամ արժողությամբ, ինչպես նաև 3,000 հատ ծաղիկ՝ 600,000 դրամ արժողությամբ։ Հրապարակման մեջ նշվում է, թե ծաղիկները գնվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում։
«Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 1-ին ուղևորվել է Վաշինգտոն՝ շուրջ մեկ շաբաթով։ […] Այդ օրերին պետական նշանակության մեծ միջոցառումներ ու հյուրեր հանրապետությունում չեն եղել։ Փոխարենը փետրվարի 1-ին Աննա Հակոբյանն է նշել ծննդյան օրը՝ ուղևորվելով Վաշինգտոն»,- գրել է թերթը։
Հոդվածն արտատպել են Mamul.am, Yerevan.Today, News.am, Yerkir.am, Panorama.am, Asekose.am, 5-րդ ալիք, Kentron.am և այլ լրատվականներ: Արտատպված նյութերից շատերում որպես նյութի գլխավոր նկար ընտրված է Աննա Հակոբյանը՝ ծաղկեփնջով:
#CivilNetCheck-ը ուսումնասիրել է վարչապետի աշխատակազմի՝ ծաղկային կոմպոզիցիաների ձեռքբերման պայմանագիրը և պարզել, որ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը մոլորեցնող է: Կնքված համաձայնագիրը ոչ թե փետրվարի 3-ին մեկանգամյա գնման, այլ 2025-ի ամբողջ տարվա ընթացքում ծաղիկների մատակարարման մասին է:
Պայմանագիրը կնքվել է դեռ 2024-ի սեպտեմբերին
Ֆինանսների նախարարության պետական գնումների Armeps.am հարթակում «Վարչապետի աշխատակազմի կարիքների համար ծաղիկների և ծաղկային կոմպոզիցիաների ձեռքբերում» էլեկտրոնային աճուրդը հայտարարվել է դեռ 2024-ի օգոստոսի 19-ին: Գրանցվել է միայն մեկ մասնակից՝ «Գարանտ 24» ՍՊԸ-ն, որն էլ 2024-ի սեպտեմբերի 12-ին ճանաչվել է հաղթող, և կնքվել է պայմանագիր։

2025 թվականի փետրվարի 3-ին կնքվել է համաձայնագիր և հաստատվել է 2024-ի սեպտեմբերի 12-ին կնքված պայմանագրի մատակարարման և վճարման ժամանակացույցը։ Նշվում է, որ մատակարարումները պետք է կատարվեն ամբողջ տարվա ընթացքում՝ ըստ աշխատակազմի պատվեր-հայտերի, իսկ վճարումն իրականացվելու է փաստացի մատակարարված ապրանքների դիմաց:

Պայմանագրի իրական արժեքը
Իրականում վարչապետի աշխատակազմը 2025-ին նախատեսել է գնել ոչ թե 4,5 մլն դրամի, այլ շուրջ 8,4 մլն դրամի ծաղկային կոմպոզիցիաներ և ծաղիկներ։
Համաձայն պայմանագրի՝ նախատեսվում է ձեռք բերել 65 հատ ծաղկեպսակ, 3,000 մեխակ և 3,000 վարդ։

Ծաղիկները պետք է լինեն թարմ, վարդերն ու մեխակները՝ առնվազն 90 սմ երկարությամբ: Մեկ վարդի արժեքը գրված է 1,100 դրամ, իսկ մեխակինը՝ 200 դրամ, ծաղկեպսակը արժեքը 55,000-75,000 դրամ՝ կախված տեսակից: Այս արժեքների մեջ ներառված է նաև առաքումը:
Վերջին երկու ամիսների ընթացքում, ինչպես տեղեկանում ենք Armeps համակարգից, վարչապետի աշխատակազմն այս պայմանագրի շրջանակում արդեն իսկ մի քանի համաձայնագիր է կնքել ու ձեռք բերել ծաղիկներ կամ ծաղկային կոմպոզիցիաներ։

Վարչապետի աշխատակազմի պարզաբանումը
Վարչապետի աշխատակազմը պարզաբանում է տարածել, հայտնելով, որ ծաղկեպսակների և մեխակների գնումը իրականացվել է ողջ 2025-ի կարիքների համար՝ սգո և հիշատակի արարողությունների նպատակով:
«Այսինքն, հոդվածում առկա ենթադրությունը, թե գնումն իրականացվել է փետրվարի 3-ին՝ որևէ կոնկրետ միջոցառման համար, իրականությանը չի համապատասխանում»,- նշել են աշխատակազմից։
Այսպիսով, վարչապետի աշխատակազմի ծաղկային գնումների վերաբերյալ լրատվամիջոցների տարածած տեղեկությունը մոլորեցնող է։ Պայմանագիրը կնքվել է դեռ 2024-ի սեպտեմբերին, իսկ փետրվարին պարզապես հաստատվել է մատակարարման ժամանակացույցը։ Գնումները նախատեսված են 2025-ի ամբողջ տարվա համար։