Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Նոր ընտրված Հռոմի Պապի՝ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստի հայկական ծագման մասին լուրերը լայն տարածում են գտել հայկական լրատվամիջոցներում և սոցցանցերում՝ թուրքական աղբյուրներին հղում տալով։
Կոմիտաս վարդապետ Հովնանյանը ֆեյսբուքյան իր էջում թուրքական աղբյուրներից հրապարակումներ է տարածել Հռոմի նոր ընտրված Պապ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստի հայկական ծագման վերաբերյալ։
Ամերիկացի կարդինալ Ռոբերտ Պրևոստը մայիսի 8-ին ընտրվել է Հռոմի Պապ՝ ընդունելով Լևոն 14-րդ անունը։
«Հռոմի պապ Լևոն XIV-ի նախապապը՝ Պարսեհյան Սեդրակը, 1915 թվականին Կայսերիի (Էվերեկ) Դևելի շրջանից ներգաղթել է Արգենտինա»,- գրել է oragir.news-ը։
Նման վերտառությամբ հոդվածներ տարածել են նաև այլ լրատվամիջոցներ՝ asekose.am, azg.am, «Կենտրոն» հեռուստալիքը և այլն, հիմնվելով Հովնանյանի գրառման կամ թուրքական այլ աղբյուրների վրա։
#CivilNetCheck-ը գնացել է այս պնդման հետքերով։
Աղբյուրը՝ հայկական արմատներով թուրք գործարարն է
Կոմիտաս վարդապետ Հովնանյանն ֆեյսբուքյան իր էջում կիսվել է թուրքական denizpostasi.com կայքի հոդվածով։ Դրանում, մասնավորապես, ասվում է, թե նոր Պապի նախապապը՝ Սեդրակ Պարսեհյանը, 1915-ին Օսմանյան Թուրքիայի Կայսերի նահանգի Դևելի (նախկինում հայտնի որպես Էվերեկ) շրջանից ներգաղթել է Արգենտինա, ապա ԱՄՆ։
«Նույն ժամանակահատվածում Հռոմի պապի նախապապի քույրը՝ Եվա Օհանյանը, մնացել է Ստամբուլում։ Նուրհան Չեթինկայան՝ Եվա Օհանյանի թոռը, ներկայումս Ստամբուլում զբաղվում է առևտրով»,- նշված է հոդվածում։
Ավելի ուշ Կոմիտաս վարդապետ Հովնանյանը տարածել է նաև ոմն Նուրհան Չեթինկայայի տեսանյութը, որտեղ վերջինս պնդում է, թե Ռոբերտ Պրևոստը հայ է և ազգակցական կապ ունի իր հետ։
«Ֆրենսիս Պրևոստը՝ հայրանունը Փարուկ Պարսեհյան, իր պապերը Կայսերիից են գաղթել Ամերիկա, որտեղ էլ, որ կրոնական կրթություն է ստացել և գնացել է Վատիկան, և հիմա էլ Պապ է դարձել՝ մորս քեռու կողմից իմ ազգականն է»,- նշում է Նուրհան Չեթինկայան տեսանյութում։
Հռոմի Պապի՝ ազգությամբ հայ լինելու մասին լուրի աղբյուրը հենց Նուրհան Չեթինկայան է, որին հղում անելով, լուրը տարածել են նաև թուրքական լրատվամիջոցները։
denizpostasi.com-ի հոդվածում, ինչպես նաև «Կենտրոն» հեռուստալիքի ռեպորտաժում նշվում է, թե Նուրհան Չեթինկայան զբաղվում է առևտրով, գործարար է։ Չեթինկայայի ֆեյսբուքյան էջում նշված է նաև, որ նա քաղաքական վերլուծաբան է, սյունակագիր։ Որոշ թուրքական լրատվամիջոցներ նրան ներկայացրել են որպես հետազոտող։
Չեթինկայան սոցցանցերի իր էջերում հաճախ գրառումներ է անում հայերի և Հայաստանի մասին, նաև այցելել է Հայաստան։
Ո՞ւր են տանում Ռոբերտ Պրևոստի արմատները
Վատիկանի պաշտոնական կայքում՝ vaticannews.va-ում, ներկայացված կենսագրության համաձայն՝ Ռոբերտ Պրևոստը ծնվել է ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում՝ իտալական և ֆրանսիական ծագում ունեցող Լուի Մարիուս Պրևոստի և իսպանական ծագում ունեցող Միլդրեդ Մարտինեսի ընտանիքում։
Ամերիկյան ABC News-ը և որոշ ազգաբաններ ուսումնասիրել են Պապի տոհմածառը։ Լրատվամիջոցին հաջողվել է փաստաթղթեր և լուսանկարներ գտնել Պապի նախնիների վերաբերյալ։
ABC News-ը հրապարակել է Ռոբերտ Պրևոստի մայրական կողմից պապի ու տատի՝ Ջոզեֆ Մարտինեսի և Լուիզ Բակիեի 1887-ի ամուսնության վկայականը։ Վկայականում պապի՝ Ջոզեֆ Մարտինեսի ծննդավայրը նշված է Հաիթին։

1910-1912-ին Ռոբերտ Պրևոստի ընտանիքը Նյու Օրլեան քաղաքից տեղափոխվել է Չիկագո։ ABC News-ը լուսանկարները ցույց է տվել Պապի եղբորը՝ Ջոն Պրևոստին։ Վերջինս հաստատել է, որ լուսանկարում իրենց տատն ու պապն են։

Դրանից բացի, Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի (The Church of Jesus Christ of Latter-day Saints) եկեղեցական կազմակերպության ստեղծած Family Search հարթակը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին գտնել իրենց նախնիներին՝ գրելով անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվև ու այլ տվյալներ։
Այս հարթակի տվյալներով ևս Հռոմի նոր Պապը հայկական արմատներ չունի։ Նրա հայրական կողմից պապը ծնվել է Իտալիայիում՝ 1876-ին, իսկ տատը՝ Ֆրանսիայում` 1894-ին։ Նրանց նախնիներն էլ նույն երկրներից են։

Հատկանշական է, որ վրացական լրատվամիջոցներում ևս տարածվել են լուրեր, թե Պապն ազգությամբ վրացի է։
Այսպիսով, պնդումը, թե Հռոմի նոր Պապ Ռոբերտ Պրևոստը հայկական արմատներ ունի և ծնվել է Կայսերիում, որևէ կերպ չի հաստատվում։ Ավելին՝ առկա փաստաթղթերը ապացուցում են, որ նրա նախնիները Իտալիայից և Ֆրանսիայից են։