Մակրոն-Փաշինյան հանդիպման ժամանակ կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը և այդ ուղղությամբ շարունակական և հետևողական քայլերի իրականացումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրությունից։
Մայիսի 16-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային և միջազգային զարգացումներին:
Կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը և այդ ուղղությամբ շարունակական և հետևողական քայլերի իրականացումը: Մակրոնն ընդգծել է Ֆրանսիայի հաստատակամ աջակցությունը խաղաղ գործընթացին՝ նշելով, որ կայունությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում կենսական նշանակություն ունեն ընդհանուր տարածաշրջանային համագործակցության համար:
«Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա խորացման, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի առաջմղման վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ: