Ջալալ Հարությունյանը հրաժարվեց պաշտպաններից․ մեղադրող կողմը  սա գնահատում է որպես ձգձգման փորձ

Հայկ Ղազարյան

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը հրաժարվել է իր երկու պաշտպաններից՝ Արսեն Սարդարյանից և Անդրանիկ Մնացականյանից՝ վստահության պակասի հիմքով։ Այս մասին հայտնի դարձավ մայիսի 16-ին «Դ20 դիվիզիոնի» գործով Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցած նիստի ընթացքում, որտեղ քննվում էր նրա ազատազրկման դատավճռի բողոքը։

Հարությունյանի խոսքով՝ առաջին ատյանի դատավարության ժամանակ իր պաշտպանները համոզել են, թե ռազմական փորձագիտական եզրակացությունը բավարար է, դատաքննության ամբողջ ծավալով իրականացումը նպատակահարմար չէ։ Սակայն, արդյունքում, դատարանը նրան դատապարտել է 5 տարի 6 ամիս ազատազրկման։ «Ես վստահել եմ պաշտպաններիս և հրաժարվել որոշ կարևոր միջոցառումներից, իսկ հիմա այս ամենի հետևանքով դատապարտվել եմ», – հայտարարեց նա։

Ջալալ Հարությունյանը Վերաքննիչ քրեական դատարանի դահլիճում, մայիսի 16

Դատախազ Դավիթ Նավասարդյանը վերապահումով մոտեցավ պաշտպաններից հրաժարվելու հիմնավորումներին՝ պնդելով, թե դա կարող է լինել դատավարությունը ձգձգելու նպատակով։ Նա մասնավորապես նշեց, որ բողոքը ներկայացվել է ուշ, և որ պաշտպանի ընտրության հարցը կարելի է լուծել շատ ավելի կարճ ժամանակում։

Զոհված զինծառայող Արթուր Ասրյանի հայր Արմեն Ասրյանը նիստի ժամանակ համակարծիք է եղել դատախազի հետ․ «Այս մարտավարության նպատակն է ձգձգելով հասնել նրան, որ մեղադրյալները ազատվեն քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։ Սա կարող է ծնողների վրա շատ ծանր բարոյահոգեբանական ազդեցություն ունենալ»։

Դատարանը, սակայն, ընդունեց, որ պաշտպաններից հրաժարվելը մեղադրյալի օրինական իրավունքն է, և որոշեց նրան տրամադրել հայցվող երեք շաբաթի փոխարեն երկու շաբաթ ժամանակ՝ նոր փաստաբան ներգրավելու նպատակով։

Նիստի ընթացքում Ջալալ Հարությունյանը նաև մտահոգություն հայտնեց հանրային մեղադրողի անաչառության վերաբերյալ՝ պնդելով, թե դատախազը միակողմանի է ներկայացնում գործը և ուշադրություն չի դարձնում կարևոր վկայությունների վրա։ Դատարանը տեղեկացրեց, որ դատախազին բացարկ տալու համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր միջնորդություն։

Ջալալ Հարությունյանը կարծում է, որ հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը հաշվի չի առել դիվիզիոնի փախուստը։ Այս հայտարարությունից հետո դատարանի դահլիճում կրքերը բորբոքվեցին։

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 15-ին Ջալալ Հարությունյանին մեղավոր է ճանաչել «ռազմական դրության, պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետևանք» հոդվածով (ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով): Ըստ քրեական գործի՝ «ՑՕՐ» զորամասի Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ ստորաբաժանման հրամանատարությունը կապ է հաստատել Ջալալ Հարությունյանի տեղակալ, պաշտպանության բանակի հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանի հետ՝ տեղեկացնելով հակառակորդի հարձակման մասին, բայց Ջալալ Հարությունյանը պատասխանել է, որ մոտեցողները յուրայիններ են։ Այդ օրը սպանվել է 20 զինծառայող, 7-ը՝ վիրավորվել, իսկ փոխգնդապետ Նորայր Հայրապետյանը համարվում է անհետ կորած։

Վերաքննիչ դատարանում գործընթացը կշարունակվի նոր պաշտպանի ներգրավումից հետո։

Տե՛ ս նաև՝

Ո՛չ դիվիզիոնի հրամանատարը, ո՛չ էլ զորամասի հրետանու պետը չգիտեին, որ անցնում են 18-րդ դիվիզիայի ենթակայության տակ

«ՑՕՐ» զորամասի Դ-20 դիվիզիոնի գործի մասին

Մեկնաբանել