«1000-ը 1000-ի դիմաց»․ ի՞նչ են պայմանավորվել Ռուսաստանն ու Ուկրաինան

Ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել երեք տարվա ընթացքում գերիների ամենախոշոր փոխանակմանը՝ «1000-ը 1000-ի դիմաց»։ Այս մասին բանակցությունների ավարտից հետո լրագրողներին հայտնել են կողմերի ներկայացուցիչները․ հաղորդում են ռուսական ու ուկրաինական լրատվամիջոցները։

Մայիսի 16-ին Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները տևեցին շուրջ երկու ժամ։ Բանակցություններին մասնակցում էր նաև թուրքական կողմը։

Պայմավորվածություն է ձեռք բերվել, որ յուրաքանչյուր կողմ կներկայացնի հնարավոր հրադադարի իր տեսլականը: Այս մասին լրագրողներին հայտնել է ռուսական պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին:

«Այն բանից հետո, երբ այդ տեսլականը կներկայացվի, մենք նպատակահարմար ենք համարում շարունակել բանակցությունները»,- ասել է Ռուսաստանի նախագահի օգնականը՝ հավելելով, որ Ռուսաստանը բավարարված է արդյունքներով և պատրաստ է շարունակել շփումները:

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն էլ շեշտել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները սկզբունքային համաձայնության են հասել նոր հանդիպման վերաբերյալ:

Կողմերը նաև համաձայնել են երեք տարվա ընթացքում գերիների ամենախոշոր փոխանակմանը՝ «1000-ը 1000-ի դիմաց»։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը՝ չհստակեցնելով, թե երբ է փոխանակումը տեղի ունենալու․ «Մենք գիտենք ամսաթիվը, բայց առայժմ չենք ասի այն»,- ընդգծել է նա։ Այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն։ Մինչ այդ գերիների փխանակումը եղել է առավելագույնը «246-ը 246-ի դիմաց»։

Այս բանակցությունները վերջին երեք տարվա ընթացքում առաջին ուղիղ բանակցություններն էին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Մայիսի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի իշխանություններին առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել 2022-ին ընդհատված ուղիղ բանակցությունները՝ առանց նախապայմանների՝ հակամարտության արմատական ​​պատճառները վերացնելու և, հնարավոր է, հրադադարի հասնելու համար։

Մեկնաբանել