Էլեն Մուրադյան
Պետք է վերականգնել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը. հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի քանի լրատվամիջոցների տված հարցազրույցում, որը հրապարակվել է երկուշաբթի։
Երկրորդ նախագահի խոսքով՝ Հայաստանն այսօր ի վիճակի չէ տարածաշրջանում ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը։ «Նախ և առաջ պետք է բանակով զբաղվել, դառնալ ավելի կազմակերպված և աշխարհաքաղաքական հնարավոր գործընկերների հետ այնպիսի հարաբերություններ կառուցել, որոնք կկոմպենսացնեն քո երկրի բացերը»,- ասել է Քոչարյանը՝ կարևորելով Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումը։
«Այսօր մտածել, թե Եվրոպան կարող է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծել, միամտություն է կամ մանկամտություն»,- ասել է նա՝ նշելով, որ կա երեք պետություն, որոնք հողի վրա այս տարածաշրջանում իրականում կարող են դերակատար լինել՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան։ «Հիմա ո՞ր երկիրն է մեզ ավելի հոգեհարազատ»,- հարցադրում է արել նա և պատասխանել, որ Ռուսաստանի հետ տնտեսական, պատմական և մշակութային կապերն ամենամոտն են Հայաստանին։
«Պետք է վերականգնել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը և, իհարկե, ներառել Իրանի գործոնը։ Հայ-ռուսական հարաբերություններին գումարենք Իրանի կոմպոնենտը՝ դարձնելով դրանք եռակողմ հարաբերություններ»,- նշել է նա։
Քոչարյանը խոսել է նաև Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը Հայաստանի միանալու մասին խոսակցությունների մասին և անհիմն որակել այն մեղադրանքները, թե ինքը ցանկանում է իշխանության գալ և Հայաստանը դարձնել Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության անդամ։ «Իմ նախագահության ժամանակ Ռուսաստանի նախագահների հետ երբեք խոսակցություն չի եղել Հայաստանը Միութենական պետության կազմում ընդգրկելու մասին։ Ոչ էլ Բելառուսի նախագահն է խոսել դրա մասին»,- ասել է նա։
Քոչարյանի խոսքով՝ Հայաստանի այսօրվա իշխանությունները Ռուսաստանի հետ կապված կեղծ թեզեր են առաջ բերում, ամբողջ քարոզչամեքենան դրա համար օգտագործում։ Ըստ նրա՝ հիմնական նպատակը հակառուսական տրամադրություններ զարգացնելն է և ՌԴ-ի նկատմամբ անվստահություն սերմանելը։
2020-ի պատերազմին հաջորդած սահմանային էսկալացիաների, Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների վրա հարձակումների ժամանակ, հատկապես 2022-ի սեպտեմբերին տեղի ունեցած հարձակման դեպքում ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, (ՀԱՊԿ) որի անդամ է Հայաստանը, ռազմական և/կամ քաղաքական աջակցություն չցուցաբերեցին Հայաստանին։ Սեպտեմբերյան հարձակումից հետո, որին հայկական կողմից զոհ գնաց ավելի քան 230 հոգի, օկուպացվեցին ՀՀ տարածքներ։ 2022-ի հոկտեմբերի 6-ին Հայաստանը Պրահայում Ադրբեջանի հետ ստորագրեց հայտարարություն, որը երկուստեք ամրագրում է միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, այսինքն՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչում էր Ադրբեջանի կազմում։
«Մենք նեղացած կողմի կեցվածք ենք ընդունել, բայց նման կեցվածք պետք է Ռուսաստանն ընդուներ Պրահայում ստորագրված փաստաթղթից հետո, որովհետև ՌԴ-ի միջնորդական դերը զրոյացրել ենք, հետո էլ ասում ենք՝ արի միջնորդիր»,- ասել է Քոչարյանը։ Ըստ նրա՝ Ադրբեջանի՝ Հայաստանի տարածքներն օկուպացնելու հարցը ՀԱՊԿ-ով չէ, որ պետք է լուծեինք, այլ հայ-ռուսական հարաբերություների շնորհիվ։
«ՀԱՊԿ-ի ողնաշար հանդիսացող երկրի հետ հարաբերություններդ փչացնում ես, ու հետո ասում՝ ՀԱՊԿ-ը մեզ չօգնեց»,- ասել է Քոչարյանը։
«Եթե Հայաստանի համար գերակա խնդիրը ինքնիշխանությունն է, ԵՄ-ից որքան հեռու մնաք, այնքան լավ»,- ասել է Քոչարյանը՝ ընգծելով, որ ԵՄ-ն ունի Եվրահանձնաժողով, որը հնարավորություն ունի անդամ-երկրներին պատժելու, տուգանելու, ինչ-որ բաներ պարտադրելու։