Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20-21-ն աշխատանքային այցով կայցելի Երևան: Այս մասին հայտնում են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Լավրովը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ երկկողմ օրակարգի և տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակ քննարկելու համար։
«Օրակարգում ներառված է երկկողմ համագործակցության, եվրասիական ինտեգրացիոն միավորումների միջոցով փոխգործակցության, միջազգային հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում, դիրքորոշումների համակարգման վերաբերյալ հարցերի լայն շրջանակի քննարկում»,- հայտնում են նախարարությունից։
Նախատեսված են բանակցություններ նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
«Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ, այդ թվում՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների հեռանկարների վերաբերյալ։ Նախատեսվում է 2025-2026-ի միջգերատեսչական խորհրդակցությունների պլանի ստորագրում», – հաղորդում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։
Ռուսաստանի գլխավոր դիվանագիտական կառույցից նշում են, որ «Մոսկվան ակնկալում է, որ այցը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական և միջգերատեսչական երկխոսության ամրապնդմանը, կհանգեցնի փոխըմբռնման աճի և կողմերից յուրաքանչյուրի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի փոխադարձաբար ընդունելի լուծումներ գտնելու»։
Մայիսի 15-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան նախապատրաստական փուլում է։
Սերգեյ Լավրովը վերջին անգամ Հայաստան է այցելել 2022-ի հունիսին։
Առաջիկայում նախատեսված է նաև ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի պաշտոնական այցը Հայաստան։