Չնայած իրանա-ադրբեջանական համատեղ զորավարժություններին՝ Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեի այցը Հայաստան, իսկ Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովինը՝ Իսրայել, ցույց են տալիս, թե տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից Թեհրանի ու Բաքվի համար որ երկրներն են առավել առանցքային։
Պաշտոնական այցով Հայաստանում է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեն։ Նա Երևան է ժամանել Հայաստանի պաշտոնակից Սուրեն Պապիկյանի հրավերով։ Վերջինս պաշտոնական այցով Թեհրանում էր 2024-ի մարտի սկզբին։ Իրանի մայրաքաղաքում նա հանդիպել էր Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռաիսիին։
Իրանցի գեներալը Հայաստանում հանդես եկավ մի շարք կարևոր հայտարարություններով, որոնք իրենց հերթին փաստում են այցի նշանակությունը։
«Իրանի և Հայաստանի համատեղ սահմանը երկու ժողովուրդների պատմական կապուղին է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այդ սահմանին»,- ասել է Իրանի ՊՆ ղեկավարը՝ հավելելով, որ Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի՝ հարևանների հետ ունեցած հարաբերություններում, և ըստ Նասիրզադեի՝ «ոչ մի խոչընդոտ չի կարող վնասել այս գործը»։
Ըստ իրանական Mehr գործակալության՝ հայկական ու իրանական պաշտպանության գերատեսչությունները համագործակցության հուշագիր են ստորագրել։
Այս հայտարարությունները վկայում են, որ Իրանի մոտեցումները Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման հարցում, ինչպես նաև Կովկասում ունեցած զգայունությունները փոփոխության չեն ենթարկվել։ Միամիտ է կարծել, թե Նասիրզադեի խոսքերն ուղղված էին միայն հայկական լսարանին. դրանք ունեին միջազգային հասցեատերեր։
Իրանի բարձրաստիճան զինվորականի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան տեղի է ունենում ուշագրավ զարգացումների համատեքստում։ Մինչ մայիսի 18-21-ը Ղարաբաղում հատուկ ջոկատայինների մասնակցությամբ տեղի են ունենում ադրբեջանա-իրանական զորավարժություններ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մայիսի 19-ին մեկնել է Իսրայել՝ հանդիպելու իր պաշտոնակից Իսրայել Կացին։
Մամուլի հաղորդագրությունների համաձայն՝ այցը նպաստելու է կողմերի միջև առկա ռազմական համագործակցության ուժեղացմանը՝ Իսրայելի ու Ադրբեջանի «խորը ռազմավարական դաշինքի» մասին հիշատակմամբ։
Հասանովի այցի մասին հրապարակումներում իսրայելական մամուլը չի թաքցրել Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը հատկապես Իրանի դեմ հարցում՝ առանձնացնելով հետախուզական տեղեկությունների փոխանցման գործոնը։
Դեռևս 2020-ի Արցախյան պատերազմից հետո, երբ Իրանը միջազգային սահմանների պահպանությանը միտված զորավարժություններ սկսեց անկացնել սեփական տարածքում, հիմնականում երկու ուղերձ էր փոխանցում։ Առաջինը՝ ադրբեջանական կողմի ձևակերպած՝ «Զանգեզուրի միջանցք» թույլ չտալն էր, մյուսը՝ պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողությանը անցած տարածքներում Իսրայելի ներկայության բացառումը կամ էլ դրա խոչընդոտումը։ Այլ կերպ ասած՝ Կովկասում նոր իրավիճակի ստեղծումից հետո Իրանին պարբերաբար մտահոգել են այս երկու հնարավոր զարգացումները, որոնք անմիջականորեն վտանգ են սպառնում Թեհրանի շահերին։
Ավելին՝ հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի բացակայությունն ու Իսրայելի հետ Բաքվի ունեցած սերտ կապերը, Իրանում տարբեր մտահոգություններ են հնչել առ այն, որ իսրայելական կողմը հակաիրանական քայլերի համատեքստում կարող է օժանդակել Ադրբեջանին՝ Հայաստանի տարածքով «միջանցքի» բացման հարցում։ Հետևաբար, Իրանը ամեն կերպ փորձում է մեծացնել սեփական դերակատարությունը հարևանների հետ տարվող հարաբերություններում՝ դրանով իսկ նվազեցնելով ռիսկերը՝ խուսափելու անցանկալի զարգացումներից։
Այդ համատեքստում կարելի է դիտարկել նաև Ադրբեջանին հնարավորինս մոտ պահելու Իրանի քաղաքականությունը, որը տարբեր դրսևորումներ է ունենում՝ Իրանի նախագահի՝ Բաքու կատարած այցից մինչև համատեղ վարժանքներ։
Սրանով Իրանում ոչ միայն ցանկանում են կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ, այլև ուղերձ են հղում Իսրայելին՝ Ադրբեջանի հետ սահմանին սեփական դերակատարության բարձրացման վերաբերյալ։ Պատահական չէ, որ ադրբեջանա-իրանական համատեղ վերջին չորս զորավարժություններից երեքը անցել են ադրբեջանա-իրանական սահմանին։
Իսկ ինչպես հայտնի է թեկուզև ոչ հեռավոր պատմական փորձից՝ տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից Իրան-Ադրբեջան հարաբերություններն այնքան էլ վստահելի ու հուսալի չեն կարող համարվել, քանի որ միջազգային տարբեր իրավիճակներով պայմանավորված՝ երկու երկրների միջև հարաբերությունները խիստ լարվում են։
Հայաստանի պարագան բոլորովին այլ է․ Երևանն ու Թեհրանը մի շարք ոլորտներում, հատկապես տարածաշրջանի անվտանգության և հաղորդակցային ուղիների հարցերում ունեն համանման պատկերացումներ, որոնք ռազմավարական նշանակություն ունեն կողմերի համար։ Հետևաբար՝ Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հայտարարությունները Երևանում կարևոր ազդակ են երկկողմ կապերի զարգացման ուղղությամբ։
Ավելին՝ չնայած իրանա-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, Ազիզ Նասիրզադեի այցը Հայաստան, իսկ Զաքիր Հասանովինը՝ Իսրայել, ցույց են տալիս, թե տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից Թեհրանի ու Բաքվի համար որ երկրներն են առավել առանցքային։
Իրանի բարձրաստիճան զինվորականի պատվիրակությունից առաջ Թեհրանում էր գտնվում նաև Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա չնայած Թեհրանում էր՝ մասնակցելու Tehran Dialogue Forum 2025-ին, բայց հասցրել է մի շարք կարևոր հանդիպումներ ունենալ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Հատկանշական էին Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հայտարարությունները Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը։ Նա, կարևորելով Երևանի հետ ընդհանուր շահերը, խոսել էր երկկողմ հարաբերություններն առանց սահմանափակումների խորացնելու անրաժեշտության մասին։ Ահմադիանը, ինչպես Նասիրզադեն Երևանում, վստահություն են հայտնել, որ որևէ կողմ չի կարող խոչընդոտել Երևան-Թեհրան հարաբերությունները։
Իրանի բարձրաստիճան զինվորականի այցը Երևան, ինչպես նաև հայտարարությունները կարևոր իմաստ են ձեռք բերում տարածաշրջանային համատեքստում։ Իրանը, հաշվի առնելով Իսրայելի ու Ադրբեջանի միջև սերտ կապերը, փորձում է թույլ չտալ Հայաստանի հետ սահմանին ցանկացած էսկալացիայի հնարավորություն։ Անշուշտ, դրա գործնական քայլերից մեկը կլիներ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս արագ կնքումը, որը բխում է Թեհրանի շահերից։