ԱԲ-ով ստեղծված կեղծ տեսանյութերը հայկական սոցցանցերում

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Սոցցանցերի հայկական տիրույթում վերջին ամիսներին տասնյակ էջեր զանգվածաբար տարածում են արհեստական բանականությամբ (ԱԲ) ստեղծված կեղծ տեսանյութեր և հորինված պատմություններ: Գրավիչ ու սենսացիոն վերնագրերով այս գրառումները հավաքում են բազմահազար դիտումներ և արձագանքներ՝ մոլորեցնելով օգտատերերին:

Ապրիլի 22-ին ֆեյսբուքյան տասնյակ հայկական էջեր տարածել են տեսանյութ, որտեղ շունը իբր սգում է իր տիրոջ՝ զինվորի գերեզմանի վրա: Գերեզմանաքարին կցված էր զինվորի և շան լուսանկարը:

Գրառման մեջ նշվում էր, որ շունը «ինչ-որ բան է թաքցնում»՝ ուղղորդելով կարդալ մանրամասները մեկնաբանություններում, որտեղ տեղադրված էր Arminfonews.ru կայքում հոդվածի հղումը: Այս տեսանյութերից մեկը հավաքել է ավելի քան 15,000 հավանում և շուրջ 2,6 մլն դիտում։

Arminfonews.ru-ը սունկ կայք է, որտեղ հրապարակված հոդվածում ռուսերեն լեզվով ներկայացված է ամբողջովին հորինված պատմություն այն մասին, թե ինչպես է տիրոջ մահվանից հետո հավատարիմ շունը իբր «պաշտպանում լքված կատվի ձագերին»:

AFP ֆրանսիական գործակալությունը դեռ 2019-ին բացահայտել է, որ սոցցանցերում այս լուսանկարին կից տարածվող «տիրոջը հավատարիմ շան» պատմությունը կեղծ է: Բնօրինակ լուսանկարը հրապարակվել է 2015-ին անտուն կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության կողմից:

Պարզվել է, որ լուսանկարում սովորական թափառական շուն է, որը ենթադաբար փորել էր գերեզմանը՝ որպես թաքստոց ձագերի համար: Տեսանյութում օգտագործվում է այդ լուսանկարի արհեստական բանականությամբ մշակված տարբերակը, որտեղ ավելացվել է զինվորականի և շան լուսանկարով շիրմաքարը:

Փաշինյանի դիփֆեյք տեսանյութը՝ «անորակ ջրի» մասին

Ֆեյսբուքյան մի շարք այլ էջեր ակտիվ տարածում են ԱԲ-ով ստեղծված տեսանյութ, որում վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ դեմքով բաժակից ջուր է թափում: Գրառումում նշվում է՝ «Տեսեք ինչ ջուր եք խմում»:

Իրականում Փաշինյանը նման տեսանյութ չի հրապարակել և վերջին շրջանում չի խոսել երկրում խմելու ջրի որակից։ Տեսանյութից կադրերի հակադարձ որոնումը որևէ արդյունք չտվեց: Փաստացի՝ տեսարանն ամբողջությամբ գեներացված է ԱԲ-ով:

Կայքի հոդվածը, որին հղում է արվում գրառման մեկնաբանություններում, պարունակում է մեքենայական թարգմանությամբ ռուսերեն տեքստ՝ առանց Փաշինյանի մասին որևէ հիշատակման: Հոդվածի տեքստը ընդհանրական բնույթի է և որևէ հստակ տեղեկություն կամ լուր չի պարունակում Հայաստանի ջրի որակի մասին:

Հորինված պատմություն՝ ոստիկանի և շան մասին

Բազմաթիվ էջեր տարածել են ԱԲ-ով ստեղծված մեկ այլ տեսանյութ, որտեղ ոստիկանը դատարանի դահլիճում գրկում է իր շանը: Գրառման մեջ նշվում է, թե «սխալ դատապարտված ոստիկանը» հանդիպել է իր սիրելի շանը:

Գրառմանը կից հոդվածը պարունակում է հորինված պատմություն «Ալեքսան Մանուկյան» անունով ոստիկանի և «Գերդ» անունով գերմանական հովվաշան մասին: Պատմության համաձայն՝ ոստիկանը դատական սխալի պատճառով երեք տարի ազատազրկման է դատապարտվել, և նրան «աջակցել է» միայն իր ծառայողական շունը:

Տեսանյութի հակադարձ որոնումը ցույց է տալիս, որ նույն կեղծ տեսարանը 2018-ից ի վեր բազմիցս օգտագործվել է տարբեր լեզուներով նման «հուզիչ» պատմությունների տարածման համար: Տեսանյութի անկյունում հստակ երևում է տեսանյութերի ստեղծման Kling AI հարթակի տարբերանշանը։

Ավելի վաղ #CivilNetCheck-ը գրել էր հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանի մասնակցությամբ արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ տեսանյութի մասին։

Այսպիսով, սոցցանցերի հայկական տիրույթում ակտիվ տարածվում են ԱԲ-ով ստեղծված կեղծ տեսանյութեր և հորինված պատմություններ, որոնք հավաքում են միլիոնավոր դիտումներ և մոլորեցնում օգտատերերին:

Մեկնաբանել