2023-ի բռնի տեղահանումից ի վեր՝ մայիսի 20-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 9451 անձ դիմել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Նույն ժամանակահատվածում Հայաստանի նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 8315 դիմորդի։ Այս տվյալները լրագրողների հետ զրույցում ներկայացրել է Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը։
Մեկ ամիս առաջ՝ ապրիլի 16-ի դրությամբ, ՆԳՆ-ից ՍիվիլՆեթին հայտնել էին, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 8568 անձ է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։
Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանի խոսքով՝ քաղաքացիության դիմում կարող են ներկայացնել միայն չափահաս անձինք, մինչդեռ անչափահասները քաղաքացիություն կարող են ստանալ ավտոմատ կերպով՝ ծնողներից որևէ մեկի քաղաքացիություն ստանալու հիմքով։
Փոխնախարարը նշել է, որ վերջին շաբաթներին նկատվում է դիմումների աճ։
«Տարվա սկզբին օրական միջինը 20 դիմում էինք ստանում, իսկ այժմ այդ թիվը հասել է մոտ 40-50-ի»,- ասել է Ղազարյանը։