Գևորգ Թոսունյան
Վարչապետի ավտոշարասյան կողմից հղի Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատական նիստը մայիսի 22-ին անցավ լարված մթնոլորտում, երբ մեղադրյալ Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը հայտարարեց, որ Սոնան պատահարի օրը վիճել է ճանապարհը կարգավորող ոստիկանի հետ։ Մահացած հղի կնոջ հայրը՝ Մնացական Մնացականյանը, ամբողջ ընթացքում լուռ էր, սակայն հունից դուրս եկավ, երբ փաստաբանը սկսեց որակումներ տալ իր դստեր գործողություններին։
«Ինչի՞ ես կպնում իմ աղջկան, ինչ ասում ես՝ ձայն չենք հանում, լսում ենք։ Հասկանո՞ւմ ես՝ ինչ ողբերգություն է»,- դիմելով Բալոյանին՝ բղավում էր մահացած հղի կնոջ հայրը, իսկ վրաերթի ենթարկող Արամ Նավասարդյանի փաստաբանը նրան տեղից արձագանքում էր, ինչն ավելի էր զայրացնում տղամարդուն։ Ընդմիջում հայտարարվեց, որի ժամանակ նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը հորդորեց փաստաբանին զսպվածություն դրսևորել․ «Վերջ ի վերջո տուժողի դուստրն է մահացել, մի փոքր կարելի է նաև տուժողի դրությունը հասկանալ»,- դիմելով Բալոյանին՝ ասաց դատավորը։

Գործի նախապատմությունը
2022-ի ապրիլի 26-ին վարչապետ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մեկը Երևանում՝ Լեո և Պարոնյան փողոցների խաչմերուկում, վրաերթի ենթարկեց 31 շաբաթական հղիություն ունեցող հետիոտն Սոնա Մնացականյանին։ Ո՛չ Սոնայի, ո՛չ էլ նրա առաջնեկի կյանքը փրկել չհաջողվեց։ Փաշինյանը շտապում էր Ազգային ժողով իր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ հանդիպմանը։ Դեպքը լայն արձագանք ստացավ հանրության շրջանում։ Երիտասարդ կնոջ վրաերթից հետո, սակայն, ո՛չ վրաերթ կատարած մեքենան, ո՛չ էլ շարասյան մյուս մեքենաները չկանգնեցին, և փորձ չարվեց նրան տեղափոխել հիվանդանոց։
Ըստ նախաքննության՝ Արամ Նավասարդյանը կատարել է հատուկ շարասյան ուղեկցում՝ ընթանալով շարասյան առջևից և խախտելով երթևեկության կանոնները՝ վարել է մեքենան 108.7 կմ/ժ արագությամբ՝ գերազանցելով վարչապետի ավտոշարասյան դեպքում թույլատրելի 100 կմ/ժ արագությունը։ Ավելին, նա միջոցներ չի ձեռնարկել արագությունը նվազեցնելու համար։ Մեղադրական եզրակացությամբ՝ Նավասարդյանը վրաերթի է ենթարկել կանաչ լույսի տակ «հանգիստ քայլող հետիոտն Սոնա Մնացականյանին»։
Գործով ձերբակալվել էր Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի հրամանատար Արամ Նավասարդյանը, որի խափանման միջոցն ավելի ուշ փոխվեց։ Ներկայում նա ազատության մեջ է։ 2022-ի հոկտեմբերի 14-ին գործը մեղադրական եզրակացությամբ մտել է դատարան։


Ինչ քննարկվեց նիստին
Մայիսի 22-ին առաջին ատյանի դատարանում մեղադրյալ Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը հայտարարեց, որ գործով փորձագիտական եզրակացությունը սխալ է եղել, ասաց՝ ունի միջնորդություն։
Բալոյանը պնդեց, թե «մեղադրանքը փլուզող հանգամանքներ կան»՝ միջնորդելով նոր փորձաքննություն նշանակել։ Ըստ Բալոյանի՝ սխալ է գրվել մեքենայի արագությունը։
Ռուբեն Բալոյանը դատարանում հայտարարեց, որ Արամ Նավասարդյանի «Տոյոտա» ավտոմեքենան ենթարկվել է 72 կմ/ժ արագությամբ, մինչդեռ մեղադրանքում 108.7 կմ/ժ է․ «Երբ փոխվում է արագությունը, այս մեղադրանքը փլուզվում է»,- նշեց նա։ Բալոյանը, կարդալով փորձագետի եզրակացության որոշ դրույթներ ու մեջբերելով հատվածներ փորձագետի ցուցմունքից, զայրանում էր՝ ասելով՝ «ստին էլ չափ ու սահման կա, բայց նա այդ չափն ու սահմանը անցել է»։
Ըստ փաստաբանի՝ Արամ Նավասարդյանի վարած «Տոյոտա»-ի հետևից եկող ոստիկանական մյուս մեքենայի վարորդը՝ Մարատ Սիմոնյանը, ասել է, որ «մի քանի անգամ փորձել է այդ խաչմերուկում երթևեկել 100 կմ/ժ, բայց չի ստացվել»։ Փաստաբանի խոսքով՝ փորձագիտական եզրակացությունը «պատվեր է», բայց դժվարացավ ասել՝ ում կողմից։
Բալոյանի ելույթի ժամանակ հանրային մեղադրողը գրիչով նկարում էր, հետո պարզվեց, որ նա այնաստիճան զավեշտալի էր համարում Բալոյանի խոսքերը, որ որոշել էր նկարել դեպքի վայրը, ավելի պատկերավոր դարձնելու իր ելույթը։


Դատախազը հայտարարեց, որ պաշտպանի ներկայացրած միջնորդությունն ակնհայտ անհիմն է, և նա զբաղված է «ժամավաճառությամբ»։ Նա հարց բարձրացրեց՝ եթե խնդիր կար փորձաքննության մասով, ինչու չէին միջնորդում այն վերանայել նախաքննության ընթացքում, այլ հիմա, երբ մի քանի տարի անցել է։
«Եթե ակնհայտ սխալ եզրակացություն էր, ինչու եք այսքան ուշ դիմել, ձեր իրավունքն է՝ կարող էիք տասը տարի հետո դիմել»,- հայտարարեց մեղադրողը։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը պնդեց, որ պաշտպանի ասածները «օդի մեջ հայտարարություններ են»։ Նրա խոսքով՝ փորձագիտական եզրակացության ու փորձագետի ցուցմունքում վիճահարույց հանգամանքներ չկան։
Փաստաբանի խոսքով՝ Բալոյանը որպես անկողմնակալ անձ է մեջբերել բացառապես ոստիկանների ու Պետական պահպանության ծառայության աշխատակիցների ցուցմունքները։
«Արագության վերաբերյալ, որ ընդամենը 60-70 կմ/ժ արագությամբ էին երթևեկում, միայն ոստիկանության աշխատակիցներն էին ասում։ Բայց մենք գիտենք, որ ոստիկանները տվյալ դեպքում իրենց գործընկերոջ նկատմամբ գործում չեն կարող անկողմնակալ լինել»,- նշեց Ասլանյանը։

Րաֆֆի Ասլանյան
Նա ասաց, որ ուղեկցման ընթացքում լինում են նաև քաղաքացիական ավտոմեքենայով անձինք։ Ըստ փաստաբանի՝ պաշտպան Բալոյանը մեջբերել է տարածքում գտնվող մի քաղաքացիական մեքենայի վարորդի ցուցմունքը, որն իրականում Պետական պահպանության ծառայության աշխատակից էր։ Այդ մասին հենց այդ անձն էր ասել դատարանում։
«Մենք լավ հասկանում ենք, որ նման դեպքերում նաև քաղաքացիական մեքենաներով ՊՊԾ աշխատակիցներ են լինում։ Այդ անձը դատարանում հայտարարեց, թե իբր պատահական է հայտնվել դեպքի վայրում։ Բալոյանը նրա ցուցմունքը փորձում է բերել ու հիմնավորել, որ արագությունը ցածր է եղել։ Նա չի կարող լինել անկողմնակալ։ Ամեն դեպքում, արագությունը չի կարող որոշվել ըստ որևէ անձի գնահատման, այլ եզրակացությամբ, իսկ եզրակացությունը հստակ արձանագրել է, որ արագությունը սահմանվածից բարձր էր»,- ասաց փաստաբանը։
Ձգձգվող դատավարություն
Դատավորը հայատարարեց, որ մեղադրյալի պաշտպանի միջնորդությունը մերժում է։ Այնուհետև Բալոյանն ասաց, որ մեկ այլ միջնորդություն ունի՝ իրեղեն ապացույցի ուսումնասիրություն։ Դատախազի խոսքով՝ նման միջնորդությունները պետք է բավարարվեն, ըստ օրենսգրքի, բայց նա ակնարկեց, որ փաստաբանը ձգձգում է դատավարությունը։
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ևս փորձում էր որևէ կերպ դատարանից ստանալ երաշխիքներ, որ կմտնեն արդեն ճառերի փուլ։
«Մենք մայիս ամսից արդեն մեկ տարի գտնվում ենք դատաքննության լրացման փուլում, պաշտպանությունը մեկ միջնորդում է՝ մի փորձագետի հարցաքննել, այնուհետև՝ մեկ այլի։ Ամեն ինչ արվում է դատաքննության ընթացքի անհարկի ձգձգման համար»,- հայտարարեց փաստաբանը։
Րաֆֆի Ասլանյանը առաջարկեց, որ դատաքննությունը լրացնելու միջնորդություն չանի Բալոյանը։ Բալոյանն ասաց, որ մեղադրանքի կողմը չպետք է իրեն ստիպիպի հրաժարվել իր իրավունքներից, ինչին ի պատասխան Րաֆֆի Ասլանյանը, դիմելով դատավորին, հիշեցրեց․ «Քրեական դատավարությունում կա իրավունքի չարաշահման եզրույթ, մենք մոտենում ենք իրավունքի չարաշահմանը։ Դրանց պետք է գնահատական տա դատարանը»։ Դատավոր Ֆարխոյանն էլ խնդրեց իրեն չհիշեցնել իր լիազորոթյունների մասին։
Հաջորդ նիստին կողմերը կուսումնասիրեն իրեղեն ապացույցներից մեկը։
Կարդացեք նաև՝