Քննչական կոմիտեի վարչական շենքից առանձնապես խոշոր չափերով գումար են հափշտակել։ Դեպքի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել, մեկ անձ արդեն ձերբակալվել է։
Ըստ կոմիտեի հաղորդագրության՝ հափշտակությունը տեղի է ունեցել Երևանի Դեղատան 3 հասցեում գտնվող Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքում։
Գործը քննվում է պաշտոնեական անփութության և բնակարան ապօրինի մուտք գործելով առանձնապես խոշոր չափերով գողության հատկանիշներով։ Հակակոռուպցիոն կոմիտեն նշում է, որ իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական և ապացուցողական գործողություններ։ Նախաքննությունը շարունակվում է։
Ավելի վաղ, «Փաստինֆո»-ն տեղեկություն էր տարածել, որ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքում անհայտ անձը գիշերը մուտք է գործել շենք՝ քննիչի կեղծ անցագրով և հափշտակել որպես իրեղեն ապացույց պահվող 590 հազար ԱՄՆ դոլար։ Նշվում է, որ գումարը պահվել է 6-րդ հարկում գտնվող չհրկիզվող պահարանում։