Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ նշելով, որ դրա իրականացումը հնարավոր կլինի, եթե Երևանի և Բաքվի միջև կնքվի խաղաղության համաձայնագիր, ինչպես նաև կարգավորվեն Երևանի և Անկարայի միջև հարաբերությունները։
«Մենք անկեղծորեն մաղթում ենք նրանց հաջողություն այս գործում։ Ակնհայտ է, որ համաձայնագիրը ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի միջև մի քանի եռակողմ գագաթնաժողովների շնորհիվ։ Մենք պատրաստ ենք շարունակել աջակցել դրան, եթե երկու կողմերն էլ հետաքրքրված են դրանով», – ընդգծել է Սերգեյ Լավրովը։
Սերգեյ Լավրովն այս մասին խոսել է Ռուսաստանի պատմական հարավային հողերին նվիրված բարձր մակարդակի համաժողովում՝ անդրադառնալով Հարավային Կովկասում և այլ տարածաշրջաններում հաղորդակցության ուղիների և ենթակառուցվածքների հնարավոր ապաշրջափակմանը, այդ թվում՝ Հայաստանի կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության հեռանկարներին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ հայկական կողմը իրեն ներկայացրել է այս նախաձեռնության մանրամասները մի քանի օր առաջ Երևան կատարած այցի ժամանակ։
«Հայկական կողմը մշակում է «Խաղաղության խաչմերուկ» անվամբ նախաձեռնություն՝ ձգտելով իր տարածքը և լոգիստիկ հնարավորությունները ներառել մեծ մայրցամաքային գործընթացներում։ Եթե խոսենք այս մասին, ապա մենք կողմ ենք բոլոր ենթակառուցվածքային նախագծերի զարգացմանը», – նշել է Լավրովը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նաև անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ նշելով, որ հակամարտությունների հաղթահարումը և այդ հակամարտությունների պատճառով փակված տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակումը, անշուշտ, կնպաստեն տարածաշրջանի մրցունակության բարձրացմանը։