Հայհոյանքներ, պիտակավորում, ազգամիջյան ատելություն․ քաղաքական խոսույթը Հայաստանում

Արամ Թադևոսյան

Պառակտիչ և վիրավորական բառապաշարի օգտագործումը քաղաքական դերակատարների կողմից հայաստանյան քաղաքական մշակույթի գլխավոր խնդիրներից է։ Ըննդիմության և իշխանության կողմից թիրախավորող, վիրավորական խոսույթների կիրառմանը Democracy Watchն անդրադառնում է պարբերաբար։ Որևէ խնդրի շուրջ վեճը հաճախ տեղափոխվում է անձերի դաշտ, որտեղ սկսվում են փոխադարձ մեղադրանքները՝ չխուսափելով պիտակավորումներից և վիրավորանքներից։ Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի հանրային դաշտում նմանօրինակ բառապաշարի պակաս չկար։

Փաշինյանը պատգամավորին անվանեց «համբալ»

Մայիսի 7-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանի հարցին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց հուզական տոնով թվարկել որոշ մեդիա հարթակներում շրջանառվող պիտակավորումներն ընդդիմության մասին. «Ձեր մասին գրում են, որ դուք օտարերկրյա շպիոն եք։ Ի՞նչ գործ ունեք դուք, ընդհանրապես, այս դահլիճում․․․»։ «Եթե մամուլի հրապարակումներով գնայինք, հիմա ձեզ կախաղաններ էինք հանել կամ Հայաստանից արտաքսել էինք ընդհանրապես․․․ Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ՝ սաղիդ պիտի տանեմ լցնեմ ԱԱԾ-ի պադվալը․․․»,- ասաց վարչապետը։

Բացի հաշվեհարդարի սպառնալիքներից՝ կարևոր է նաև անդրադառնալ, թե «մամուլի» ինչ հրապարակումների մասին է խոսում վարչապետը։ Հայաստանյան ընդդիմությանը «օտարերկրյա գործակալ» և նմանատիպ պիտակներ տվող մեդիան, որը հիմնականում վերահսկվում է իշխանության կողմից, Փաշինյանը հակադրում է անկախ լրատվականներին։ Աննա Գրիգորյանի հարցը «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի (ԱՆԻՖ) հետ կապված կոռուպցիոն բացահայտումների մասին էր, որի վերաբերյալ հետաքննություններ ունեն Հետքը, Ազատությունը, Սիվիլնեթը, որոնք ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության, հայաստանյան չորս անկախ լրատվամիջոցների թվին են պատկանում։

Սկսված լեզվակռվի ընթացքում պատգամավորներից մեկի հասցեին վարչապետն ասաց՝ «վեր ընգի տեղդ, համբալի մեկը»։ Վարչապետը հիշյալ խոսքերի համար հետագայում ափսոսանք չհայտնեց, ոչ էլ ներողություն խնդրեց։ Հակառակը՝ իշխանական կողմը սկսեց մեղադրել ընդդիմությանը սադրելու համար։ Ըստ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ընդդիմադիր պատգամավորները պետք է ներողություն խնդրեն Փաշինյանից իրենց «լկտիության» համար։

Ազգային Ժողովում Փաշինյանի արտահայտությունների վերաբերմամբ մայիսի 15-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման հիմքով։

«Թուրքը»՝ հայհոյանք

Ազգային Ժողովում հերթական լեզվակռվի և լարվածության նոր պատճառ դարձավ ազգամիջյան ատելություն հարուցող խոսույթը։

Ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանն օգտագործում է «թուրք» էթնոնիմը «դավաճան» բառի հետ իմաստային նույն հարթության մեջ։ Նրա կարծիքով՝ Փաշինյանը «համակերպվել է այդ պիտակների հետ», մինչդեռ ինքը «թուրք» բառը ծանրագույն վիրավորանք է համարում և իր հասցեին այդ բառն ասողներին ծածկում է բազմաշերտ հայհոյանքներով։

Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ելույթներից մեկի ժամանակ նույնպես կիրառեց ազգային խտրականության տարր պարունակող բառապաշար։ Այնպիսի պարզ մարդկային հատկանիշներ, ինչպիսին է սեփական խոսքը պահելը կամ ծնողին սիրելը, պատգամավորը համարում է հայ, քրիստոնյա տղամարդու բնորոշիչ, որը այնքան էլ հասու չէ «Ադրբեջանում Հեյդար Ալիևի երաշխավորագրով կոմունիստ դարձած Ռոբերտ Քոչարյանին», որը «գուցե այդքան էլ լավ չի հասցրել ուսումնասիրել հայ հասարակությունը, ծանոթանալ մեր՝հայերիս արժեքներին, սկզբունքներին»։ Պետք է շեշտել, որ Ալեքսանյանի խոսքում խնդիրը Քոչարյանի անձը չէ, այլ հայերի արժեքներին անհաղորդ լինելը։

Մեկ այլ իշխանական պատգամավոր Հակոբ Արշակյանը, հակադարձելով Լևոն Քոչարյանին, թե «ինչ է խոսում ժողովուրդը Փաշինյանի մասին», ներկայացնում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ եղած խոսակցությունները և եղած տարբերակներից ընտրում է «նրա հայրը թուրք է» խոսույթը։

Էթնիկական բնույթի պիտակավորումների շարքը շարունակեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ ասելով, թե «թուրք» բառը կարող է օգտագործվել որպես հայհոյանք։ Նա իր հերթին հայհոյանքներ հասցրեց իրենց «թուրք» անվանողներին։

Որոշ մարդկանց էթնիկական ծագման վերաբերյալ բամբասանքները պատգամավորների կողմից շահարկման թեմա դարձնելը, դրանով միմյանց պիտակավորելը չի տեղավորվում ժողովրդավարական երկրի արժեհամակարգի մեջ և հակասում է կառավարության հռչակած խաղաղության օրակարգին։

Աննա Հակոբյանի նոր բառապաշարը

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, որ նախինում ևս անմասն չի եղել թիրախավորող խոսքից, վերջերս նոր դիրքորոշում է ընտրել։ Մայիսի 17-ին վարչապետի կնոջ Ֆեյսբուքի ետնանկարում հայտնվեց գրառում․ «Խոսքի և սեփական կարծիքն արտահայտելու ազատությունը բոլորի անքակտելի իրավունքն է։ Եվ ես այսուհետ իրացնելու եմ իմ այդ իրավունքը»։ Դրան հաջորդեցին նրա և նրա կողմից ղեկավարվող «Իմ քայլը» հիմնադրամի հասցեին քննադատական կամ մոլորեցնող հրապարակումների հեղինակներին պիտակավորման շարք։

Սեփական հարթակում տեղադրելով մի շարք նյութեր, Աննա Հակոբյանն իր կարծիքն է հայտնում դրանց մասին՝ օգտագործելով բազմաթիվ վիրավորական բառեր՝ «տխմար», «տգետ», «անգրագետ», «անբարոյական», «անդաստիարակ», «ոջիլ», «ղզիկ», «էշ», «գեղցի»։ Երբեմն Աննա Հակոբյանի վիրավորական խոսքը տարածվում է ոչ միայն կոնկրետ անձանց, այլև մեծ խմբերի վրա՝ արհամարհական վերաբերմունք արտահայտելով խոսվածքի («գեղցու ակցենտ») և բնակության վայրի («հեռավոր գեղ») համար։

Այս բառապաշարը Աննա Հակոբյանը համարժեք պատասխան է համարում իր և իր ընտանիքի հասցեին ուղղված վիրավորական խոսքին։ Նրա կարծիքով՝ դրա դեմ պայքարելու այլ տարբերակ չկա։ Հայաստանում ատելության խոսքի տարածման առաջն առնելու միջոցը, ըստ վարչապետի կնոջ, կրթվելն է («Ստիպվա՛ծ եք կրթվել, պարտավո՛ր եք կրթվել: Նեխել եք. ուղեղներդ օդափոխել է պետք»), բայց առայժմ նա նախընտրում է պատասխանել «իրենց հասկանալի լեզվով», իսկ վերոհիշյալ պիտակներն օգտագործելու համար իրեն քննադատողներին հորդորում է «իրենց գործով զբաղվել»։

Անհամաչափ պատասխանատվություն

Համարժեք կամ ավելի ուժեղ պատասխանելու (իմա՝ հայհոյելու) իշխանության ներկայացուցիչների դիրքորոշումը ոչ միայն ապակառուցողական է, այլև անպատասխանատու։ Չի կարող համարժեքություն լինել սահմանափակ լսարան ունեցող բլոգերի և նրան «ոջիլ» անվանող Աննա Հակոբյանի խոսույթի միջև։ Խտրական, պիտակավորող խոսքի դեմ առաջնահերթ պայքարողը, մարգինալացնողը պետք է իշխող ուժը լինի, առավել ևս այն ուժը, որն իր գլխավոր ձեռքբերումներից մեկն է համարում Հայաստանի ժողովրդավարացումը։ Մինչդեռ Հայաստանում առկա է հակառակ դինամիկան, երբ իշխանությունները մրցակցության մեջ են մտնում ընդդիմության հետ ավելի շատ անընդունելի բառապաշար օգտագործելու գործում։

Իշանությունները և հիմնական ընդիմադիր ուժերը, գալիք ընտրություններին ընդառաջ, ավելի շատ են կիրառում պառակտիչ և վիրավորական բառամթերք։ Տպավորություն է, որ ո՛չ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», ո՛չ էլ խորհրդարանական ընդդիմությունը հույս չեն կապում չկողմնորոշված ընտրողներին իրենց կողմը գրավելու հետ և այնպիսի ֆոն են ապահովում, որ նրանց ապատիայի մեջ գցեն, միևնույն ժամանակ իրենց «հավատարիմ» ընտրազանգվածին էլ տոնուսի մեջ են պահում։

Որքան հայաստանցիների մոտ ամրապնդվի համոզմունքը, որ քաղաքականությունը հենց այն է, ինչ ցուցադրում են բարձրաստիճան պաշտոնյաները և նրանց ընտանիքի անդամները, այնքան քիչ կլինի ցանկությունը դրա հետ որևէ առնչություն ունենալ։

Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի (ԺԱՏԿ) համատեղ նախաձեռնությունն է։

Արամ Թադևոսյան ԺԱՏԿ փորձագետ է։

Մեկնաբանել