Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հակահայկական հայտարարությունները, որոնք հնչել են Բաքվում կայացած Ղազիների խորհրդի նիստում։
Փաշազադեն ատելությամբ ու թշնամանքով թիրախավորել է Հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն։
«Կեղծիքի տարածման մեջ գերազանցելով ինքն իրեն՝ Փաշազադեն հայտարարել է, թե իբր Հայաստանում և տարածաշրջանում տասնյակ դարեր գործող հայկական սրբավայրերը, անգամ 1700-ամյա Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը, գտնվում են «պատմական ադրբեջանական հողերում», և հայերը որպես թե «յուրացրել են» այդ տարածքները։ Անհեթեթ պնդումների շարքը Փաշազադեն եզրափակում է Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացնելով որպես սպառնալիք տարածաշրջանի երկրների համար։
Խորհրդային իշխանությունների ազգաշինարարության արդյունքում 1930-ական թթ․ երկրորդ կեսին «ադրբեջանցի» էթնոնիմն ստացած ժողովրդի հոգևոր առաջնորդը փորձում է վիճարկել պատմականությունը հայ ժողովրդի, որի հազարամյակների ստեղծագործ կյանքի ու հոգևոր-մշակութային ժառանգության արժեքն ու պատկանելությունը համընդհանուր ճանաչում ստացած իրողություններ են։ Առավել քան զարմանալի է, որ այլոց արժեքների յուրացման մեջ հայ ազգին ուղղված մեղադրանքները ներկայացնում է մի երկրի ներկայացուցիչ, որի պետության անվանումն իսկ յուրացված է այլ երկրից ու ժողովրդից»,- ասված է Մայր Աթոռի հայտարարության մեջ։
Մայր Աթոռը դատապարտելի է համարում Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հրապարակային խոսքերում շարունակաբար տեղ գտնող թշնամանքի ու կեղծարարության դրսևորումները, նշելով, որ դրանք վկայությունն են այն իրողության, որ Ադրբեջանը հենց ինքն է, Փաշազադեի խոսքերով ասված, սպառնալիք տարածաշրջանի հարևան երկրների համար։