Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում

Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում՝ 2026-ի գարնանը։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում։

«Պատիվ է Եվրոպական քաղաքական համայնքի առաջնորդներին ընդունել մեր երկրում և շնորհակալություն եմ հայտնում բոլոր առաջնորդներին, այս որոշմանն աջակցելու համար»,- նշել է Փաշինյանը։

Եվրոպական քաղաքական համայնքը միջկառավարական հարթակ է, որը միավորում է եվրոպական երկրների ղեկավարներին՝ քննարկելու ռազմավարական նշանակության թեմաներ՝ անվտանգության, էներգետիկայի, միգրացիայի, ենթակառուցվածքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության հարցերում։ Այն նախաձեռնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2022-ին՝ նպատակ ունենալով ձևավորել երկխոսության ընդհանուր դաշտ ԵՄ անդամների և Եվրոպական հարևանության երկրների միջև։

ԵՔՀ առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2022-ի հոկտեմբերին՝ Պրահայում։

Այս գագաթնաժողովի շրջանակում էր, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ ստորագրված հայտարարությամբ ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991-ի Ալմա-Աթայի Հռչակագրին:

Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա:

Հետագա գագաթնաժողովները կայացել են Իսպանիայի Գրանադա քաղաքում (2023), Մեծ Բրիտանիայի Վուդստոք քաղաքում (2024), Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում (2024) և Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում՝ 2025-ի մայիսին։ Մինչ այժմ տեղի է ունեցել վեց գագաթնաժողով, և Հայաստանը կհյուրընկալի յոթերորդը։

Հայաստանը մասնակցել է բոլոր նախորդ գագաթնաժողովներին։

Մեկնաբանել