Եթե մեզ հաջողվի բեկում ապահովել Թուրքիայի հետ, ապա այդ բեկումը, անկասկած, հսկայական դրական ազդեցություն կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վրա: Սա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի գնահատականն է։ «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի շրջանակներում Միրզոյանը նաև նշել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսությունն այնքան խնդրահարույց չէ, որքան կարելի է ենթադրել:
«Եվ այժմ մենք հասել ենք այն կետին, որտեղ միակ բանը, որ կանգնած է այսօրվա և վաղվա միջև, երբ կարող են հաստատվել դիվանագիտական հարաբերություններ մեր երկու երկրների միջև, սահմանները վերջապես բացվել, և կապի խնդիրը լուծվել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների և երկխոսության ոչ լիովին ավարտված վիճակն է»,- ասել է Միրզոյանը:
Արտգործնախարարն ընդգծել է, որ երկխոսությունը Թուրքիայի հետ Հայաստանը սկսել է՝ հաշվի առնելով, որ գործընթացը պետք է տեղի ունենա առանց որևէ նախապայմանի:
Միրզոյանը նշել է, որ մեծ ջանքեր են գործադրվել՝ խոսելու Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, Եվրամիության հետ հարաբերությունների խորացման մասին։ Հայաստանի գլխավորի դիվանագետի կարծիքով, եթե հիմա չապահովվեն իրական, շոշափելի արդյունքներ, ապա այս պահը, այս «դրական դինամիկան» կանհետանա։
«Կարծում եմ՝ ոչ միայն մեկ, ոչ միայն երկու կամ հինգ տարի կպահանջվի, այլ, գուցե, մի ամբողջ սերնդի փոփոխություն՝ առնվազն մեր դեպքում, մեր տարածաշրջանում, որպեսզի հնարավոր լինի վերականգնել այս երկխոսությունը, այս համագործակցությունը, որի ներուժն իսկապես գոյություն ունի՝ թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ։ Եվ մենք այսօր իսկապես շատ, շատ մոտ ենք այդ հնարավորությանը։ Ուստի, կարծում եմ՝ սա թերևս միակ միտքն է, միակ շեշտադրումը, որտեղ հարկ եմ համարում անհամաձայնություն հայտնել»,- ասել է Միրզոյանը։
Անդրադառնալով Եվրամիության հետ հարաբերություններին, Միրզոյանը նշել է, որ մեծ ակնկալիք կա այդ գործընթացից։
«Մենք կարող ենք ակնկալիքներ ունենալ, բայց միգուցե դա այդպես չէ և դա չէ եվրոպական կողմից պատրաստվածությունը։ Այսպիսով, մենք պետք է հասկանանք, թե որտեղ են մեր տեսլականները համընկնում։ Եվ եթե այդ տեսլականներն իսկապես համընկնում են, ապա անհրաժեշտ է հասկանալ՝ ինչպես պետք է գործել, ինչպես պետք է միասին պլանավորել մեր ընդհանուր ապագան։
Ներկա պահին, կրկին ուզում եմ ընդգծել, որ հայ հասարակության ներսում գոյություն ունեն հսկայական սպասումներ։ Եվ եթե այդ սպասումները չարդարանան՝ լինի դա մեր կառավարության կողմից, թե մեր ԵՄ գործընկերների, ապա մենք կունենանք խորը հիասթափություն։
Ի վերջո, սա մի տարածաշրջան է, որտեղ զգացմունքները՝ պատմականորեն և ավանդաբար, մեծ դեր ունեն։ Եվ եթե այս սպասումները հանգեցնեն ոչ թե դրական արդյունքների, այլ հիասթափության, ապա այդ դեպքում նույնպես կկորցնենք ստեղծված պահը։ Եվ ես դժվարությամբ եմ պատկերացնում՝ երբ կկարողանանք վերսկսել այս գործընթացը»,- եզրափակել է նախարարը։
Civilnet











