Հայստանցիներն ավելի շատ վստահում են բանակին ու եկեղեցուն, ավելի քիչ՝ պետական համակարգերին

Գևորգ Թոսունյան
«Կովկասյան բարոմետր 2024»-ի տվյալները վկայում են, որ Հայաստանում ձևավորված է պետական և հասարակական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության բևեռացում։ Մյուս կողմից, բարձր վստահություն ունեն բանակն ու կրոնը։ Հուլիսի 27-ից հոկտեմբերի 10-ն անցկացված հարցմանը մասնակցել է 1,561 քաղաքացի, որոնք գնահատել են իրենց վստահությունը մի շարք կառույցների նկատմամբ։
Բանակն ու Հայ-Առաքելական եկեղեցին՝ առաջատարներ
Հարցման մասնակիցների 50 տոկոսը նշել է, որ լիովին վստահում է բանակին, ևս 24 տոկոսը՝ ավելի շուտ վստահում է։ Սա պետական ինստիտուտների շարքում ամենաբարձր ցուցանիշն է։ Բարձր վստահությամբ երկրորդ հորիզոնականում դավանած կրոնի հաստատությունն է։ Հարցվածների 62 տոկոսը լիովին, 17 տոկոսը՝ ավելի շուտ վստահում է իր դավանած կրոնի հաստատությանը։ Մեկ այլ հարցմամբ էլ 80 տոկոսը նշել է, որ Հայ-Առաքելական եկեղեցու հետևորդ է։
Մեկ այլ ուշագրավ փաստ՝ նույն կազմակերպությունը 2021-ին ևս իրականացրել է հարցում ու ըստ այդ արդյունքների՝ կրոնական հաստատությանը լիովին վստահում էր ընդամենը 11 տոկոսը, ավելի շուտ վստահում՝ 23 տոկոսը, մինչդեռ 31 տոկոսը ընդհանրապես չէր վստահում։ 2024-ի տվյալները ցույց են տալիս, որ կրոնական հաստատությունների հանդեպ վստահության մակարդակը Հայաստանում շեշտակի բարձրացել է։ Բանակի հանդեպ վստահության մակարդակը առանձնապես չի փոխվել։
Քաղաքական համակարգը վստահության ճգնաժամում է
Քաղաքական ինստիտուտների նկատմամբ վստահության մակարդակը ամենացածրն է։ Քաղաքական կուսակցություններին բոլորովին չի վստահում հարցվածների 51 տոկոսը, Ազգային ժողովին՝ 50 տոկոսը, իսկ դատական համակարգին՝ 41 տոկոսը։ Այդ կառույցների նկատմամբ լիարժեք վստահություն են հայտնել համապատասխանաբար միայն 2, 6 և 6 տոկոսը։ Վարչապետին և նախարարներին հարցվածների 42 տոկոսը բոլորովին չի վստահում, նույնքան տոկոս էլ գրանցվել է նախագահի դեպքում։ Այս կառույցների նկատմամբ լիարժեք վստահություն հայտնել է, համապատասխանաբար, 12 և 9 տոկոսը։
Բանկերի, կրթության և ոստիկանության նկատմամբ կարծիքները բևեռացված են
Բանկերին բոլորովին չի վստահում 28 տոկոսը, իսկ լիովին վստահում է 14 տոկոսը։ Կրթական համակարգի ցուցանիշները նույնն են։ Ոստիկանությանը բոլորովին չի վստահում 29 տոկոսը, լիարժեք վստահում է 16 տոկոսը։ Այս ինստիտուտների հանդեպ նկատվում է խառը վերաբերմունք՝ առանց հանրային վստահության հստակ կենտրոնացման։
ՆԱՏՕ-ն ավելի վստահելի է, քան ՀԱՊԿ-ը
Հարցվածների 50 տոկոսը նշել է, որ բոլորովին չի վստահում ՀԱՊԿ-ին, մինչդեռ ՆԱՏՕ-ի դեպքում այդ ցուցանիշը 39 տոկոս է։ Լիարժեք վստահություն ՀԱՊԿ-ին հայտնել է 4 տոկոսը, ՆԱՏՕ-ին՝ 7 տոկոսը։
Եվրամիության նկատմամբ վստահությունն ավելի հավասարակշռված է. բոլորովին չի վստահում 32 տոկոսը, լիովին վստահում է 10 տոկոսը, ավելի շուտ վստահում՝ 20 տոկոսը։
Հանրային վերահսկողության մարմինները ևս ցածր վարկանիշ ունեն
Լրատվամիջոցներին բոլորովին չի վստահում 34 տոկոսը, լիովին վստահում՝ 4 տոկոսը։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին չի վստահում հարցվածների 32 տոկոսը, լիովին վստահում է 12 տոկոսը։ Հասարակական կազմակերպություններին լիարժեք վստահում է միայն 7 տոկոսը, իսկ բոլորովին չի վստահում՝ 29 տոկոսը։
Վստահություն տեղական ինքնակառավարման և ոստիկանության նկատմամբ
Տեղական ինքնակառավարման մարմիններին բոլորովին չի վստահում 36 տոկոսը։ Միևնույն ժամանակ, 12 տոկոսը լիովին վստահում է։ Ոստիկանությանը լիարժեք վստահություն հայտնել է 16 տոկոսը, իսկ 29 տոկոսը բոլորովին չի վստահում։
Այսպիսով՝ «Կովկասյան բարոմետր 2024»-ի տվյալները վկայում են, որ Հայաստանի հասարակությունում գերակշռում է պետական և քաղաքական ինստիտուտների նկատմամբ խոր անվստահությունը։ Վստահության բարձր մակարդակ ունեն հիմնականում ոչ քաղաքական ոլորտները՝ բանակը և կրոնը։ Միևնույն ժամանակ, միջազգային կառույցների նկատմամբ կարծիքներն ավելի հավասարակշռված են՝ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն ունեն ավելի բարձր վստահություն, քան ՀԱՊԿ-ը։ Այս միտումները վկայում են հանրային վերաբերմունքի փոփոխության և վստահության ճգնաժամի մասին՝ հատկապես պետական կառավարման հիմնարար կառույցների հանդեպ։
Civilnet










