Գլխավոր Լրահոս

Մեկնարկել է Ավինյանն ընդդեմ ՍիվիլՆեթի դատը․ քաղաքապետը 3 մլն դրամ է պահանջում

Մեկնարկել է Ավինյանն ընդդեմ ՍիվիլՆեթի դատը․ քաղաքապետը 3 մլն դրամ է պահանջում

Գևորգ Թոսունյան

Մայիսի 26-ին Երևանի քաղաքացիական դատարանում սկսվեց Տիգրան Ավինյանի՝ ընդդեմ ՍիվիլՆեթի դատական նիստը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ՍիվիլՆեթին դատի է տվել «Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու» հետաքննական հոդվածի համար, պահանջում է հերքում և 3 մլն դրամ։

Դատական նիստի մեկնարկին դատավոր Տաթևիկ Ստեփանյանը կողմերից հետաքրքրվեց, թե արդյոք հաշտվելու եզրեր տեսնում են։ Երկու կողմն էլ նշեցին, որ չեն ցանկանում գործը լուծել հաշտության ճանապարհով։

Դատական նիստին Ավինյանի ներկայացուցիչ Վահագն Գասպարյանը ներկայացրեց հայցը, ասաց, որ ՍիվիլՆեթի դեմ հայցի հիմք է եղել հոդվածում տեղ գտած երկու արտահայտություն՝ «Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու» և «Նրա քաղաքական կարիերայի աճն ուղեկցվում էր ընտանքիի հետ կապված բիզնեսի բարգավաճմամբ, այդ թվում՝ պետական ծրագրերից անուղղակի օգուտներ ստանալու միջոցով»։

Պատասխանող, ՍիվիլՆեթի ներկայացուցիչ Կարեն Տոնոյանը հարցեր ուներ հայցապահանջի վերաբերյալ։ Նա հետաքրքրվեց, թե արդյոք հայցվորը երկու արտահայտությունները միաժամանակ դիտարկում է և՛ վիրավորանք, և՛ զրպարտություն։ Վահագն Գասպարյանը դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ այդպես էլ գրել են հայցում։

Տոնոյանի խոսքով՝ եթե նախադասության մի մասը կողմը դիտարկեր՝ որպես վիրավորանք, իսկ մյուսը՝ զրպարտություն, խնդիր չէր առաջանա, տվյալ դեպքում նույն արտահայտությունները միաժամանակ վիրավորանք են դիտարկվում ու զրպարտություն։ Հայցվորը կրկնեց, որ իրավական առումով որևէ արգելք կամ սահմանափակում նախատեսված չէ։

Այնուհետև Կարեն Տոնոյանը հրապարակեց հայցի վերաբերյալ կողմի պատասխանը։

Նա նախ ասաց, որ պատասխանողը հստակ տարանջատել է վիրավորանքը զրպարտությունից՝ յուրաքանչյուրին տալով իր սահմանումը։ Ըստ Տոնոյանի՝ նույն բառը կամ արտահայտությունը կարող է տարբեր իրավիճակներում գնահատվել և՛ որպես վիրավորանք, և՛ որպես զրպարտություն, սակայն՝ ոչ միաժամանակ։ 

«Վիրավորանք» և «զրպարտություն» որակումների հիմնական տարբերությունն այն է, որ զրպարտության պարագայում խոսքը վերաբերում է դիտավորությամբ կեղծ, իրականությանը չհամապատասխանող փաստերի, փաստացի տվյալների տարածման միջոցով անձի արժանապատվությունն արատավորելուն, նրան հանցանքի կամ զանցանքի մեջ իրականությանը չհամապատասխանող փաստերի հիման վրա մեղադրելուն, իսկ վիրավորանքը ենթադրում է անձի՝ դիտավորությամբ, կանխամտածված նվաստացում»,- շեշտեց ներկայացուցիչը։

Փաստաբանը հիշեցրեց, որ ՍիվիլՆեթն իրականացրել է լրագրողական հետաքննություն, որի շրջանակում հավաքագրել է տվյալներ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, Պետական եկամուտների կոմիտեից և այլ մարմիններից․ «Փորձել է նաև լսել Տիգրան Ավինյանին, նրա հորը՝ Արմեն Ավինյանին, եղբորը՝ Դավիթ Ավինյանին, սակայն վերջիններս չեն արձագանքել պատասխանողի՝ մեկնաբանություններ ստանալու գրավոր հարցումներին, ինչը փաստում է վիրավորելու կամ զրպարտելու նպատակի բացակայությունը, քանի որ պատասխանողը ձեռնարկել է ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները տեղեկատվության իրականությանը համապատասխան լինելու հանգամանքը ճշտելու համար, և դրանք հիմնված էին ստույգ փաստերի վրա»,- ասաց Տոնոյանը։

Նրա խոսքով՝ հոդվածում նկարագրվածը պայմանավորված է հանրային գերակա շահով և հիմնված է ստույգ փաստերի վրա, որոնք բխում են պետական մարմինների կողմից տրամադրված տեղեկություններից և հանդիսանում են փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություն։

«Վիճարկվող արտահայտությունները նպաստել են ընդհանուր շահի քննարկմանը, քանի որ վերաբերում են Երևանի քաղաքապետի ընտանիքի՝ մինչև նրա կողմից պաշտոն զբաղեցնելը և դրանից հետո ունեցած ֆինանսական միջոցներին։ Տեղեկատվությունը ստացվել է պետական մարմիններից, այսինքն՝ եղել են արժանահավատ, իսկ հրապարակման ձևն ու բովանդակությունը եղել են կոռեկտ և չեն առաջացրել հետևանքներ»,- շեշտեց Կարեն Տոնոյանը։

Հայցվորի փաստաբան Վահագն Գասպարյանը մեջբերումներ արեց հոդվածի պատրաստման շրջանակում ՍիվիլՆեթի ստացած իցատասխաններից մեկից՝ Էկոնոմիկայի նախարարությունից, որտեղ շեշտվում էր, թե գյուղատնտեսական որոշ՝ կարկտապաշտպան ցանցերի ծրագրերում «Իրիգեյթ» ընկերությունը չի եղել շահառու, ոչ էլ շահառուների համար աշխատել է որպես կապալառու։

«Այ դուք խոսում եք բարեխղճությունից, ինչով է պայմանավորված, որ չի ներկայացվում, որ ներգրավված չի եղել որոշ բիզնեսներում»,- հետաքրքրվեց Վահագն Գասպարյանը։

Կարեն Տոնոյանն ասաց, որ լրագրողները օրական բազմաթիվ հարցումներ են իրականացնում ու տվյալներ ստանում, այդ պատասխաններից հոդվածի համար օգտակար ու կարևոր տեղեկատվություն են ներառում․ «Ի՞նչ եք կարծում՝ ՍիվիլՆեթը պետք է գրեր բոլոր այն ծրագրերը, որոնցից «Իրիգեյթը» օգուտ չի՞ ստացել։ Նպատակն էր ներկայացնել այն բիզնես ծրագրերը, որոնցից օգուտ ստացել է ընկերությունը։ Թե ինչից չի ստացել, մեծ հաշվով հանրությանը չի հետաքրքրում»,- նշեց փաստաբանը։

Հարց ուներ նաև դատավոր Տաթևիկ Ստեփանյանը՝ ՍիվիլՆեթի ներկայացուցչից նա հետաքրքվեց, թե լրատվամիջոցն ինչպես է որոշում հանրության հետաքրքրության շրջանակն ու աստիճանը։

«Ամենակարևոր պայմանը, մեծ հաշվով, անձով է պայմանավորված։ Տվյալ դեպքում խոսում ենք Երևանի քաղաքապետի մասին։ Նա արդեն իսկ մեծ հետաքրքրություն է ներկայացնում հասարակության համար՝ որպես քաղաքական պաշտոն զբաղեցնող։ Բացի այդ, մամուլում եղել են նաև հրապարակումներ Ավինյանի ընտանիքի բիզնես գործունեության վերաբերյալ, որը հետաքրքրություն է ներկայացնում ինչպես հասարակության, այնպես էլ լրագրողական համայնքի համար»,- շեշտեց փաստաբանը։

Կողմերին լսելուց հետո դատավորը բաշխեց ապացուցման բեռը և նշանակեց հաջորդ նիստի օրը՝ օգոստոսի 18-ին։

***

Երևանի քաղաքապետը դատի է տվել Սիվիլիթաս հիմնադրամին (ՍիվիլՆեթի մայր կազմակերպությանը)՝ լրագրողներ Մկրտիչ Կարապետյանի և Անի Գրիգորյանի «Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու» հետաքննական հոդվածի հիմքով։ Հոդվածը պատրաստվել է Կազմակերպված կոռուպցիայի և հանցավորության լուսաբանման նախագծի (OCCRP) հետ համատեղ։

ՍիվիլՆեթի հետաքննությունը բացահայտել է, որ 2018-2021 թվականներին, երբ փոխվարչապետի պաշտոնում Ավինյանը համակարգում էր նաև գյուղատնտեսության ոլորտը, գյուղատնտեսական մի ծրագրի ինը շահառու ենթապայմանագրային աշխատանք են տվել ծրագիրը վերահսկող պաշտոնյայի՝ Տիգրան Ավինյանի ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ընկերությանը: Այդ շահառուներից հինգը ստացել է մոտ 620,000 դոլարի ուղղակի վճարումներ՝ ինտենսիվ այգիներ հիմնելու համար: Այգիների հիմնումն իրականացրել է Ավինյանների ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ՍՊԸ-ն։ Հետաքննության պատրաստման ընթացքում ՍիվիլՆեթը բազմիցս փորձել է կապ հաստատել Ավինյանի և նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև քաղաքապետարանի խոսնակի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով։ Ավինյանները չեն արձագանքել հարցումներին և չեն օգտվել հերքման իրավունքից։ Փոխարենը՝ հոդվածի հրապարակումից շաբաթներ անց՝ դեկտեմբերի 10-ին, նրանք հայցադիմում են ներկայացրել դատարան։

Հայցով Տիգրան Ավինյանը ՍիվիլՆեթից պահանջում էր հերքել իրեն վերաբերող «նրա քաղաքական կարիերայի աճն ուղեկցվում էր ընտանիքի հետ կապված բիզնեսի բարգավաճմամբ, այդ թվում՝ պետական ծրագրերից անուղղակի օգուտներ ստանալու միջոցով» պնդումը և փոխհատուցել 3 մլն դրամ։

Դեկտեմբերի 18-ին «Ֆակտոր» հեռուստաընկերության եթերում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ բանավեճի ընթացքում Ավինյանը, արձագանքելով իրեն ուղղված մեղադրանքներին և վերոնշյալ հոդվածին, հայտնել էր ՍիվիլՆեթի դեմ դատական հայց ներկայացնելու մասին և հորդորել էր հորը նույնպես հայց ներկայացնել։

Ավինյանը լրատվամիջոցներին «մեծ աղբանոց» էր անվանել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում