Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում լայնորեն տարածվում են տեսանյութեր, որոնցում իբրև երևում են Ուկրաինայի «Սարդոստայն» գործողության հետևանքով ռուսական ռազմական օդանավակայաններին հասցված վնասները: Այս տեսանյութերը հավաքել են հարյուր հազարավոր դիտումներ և տարածումներ:
2025 թվականի հունիսի 1-ին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը իրականացրեց «Սարդոստայն» գործողությունը, որի ընթացքում անօդաչու թռչող սարքերով միաժամանակյա հարվածներ հասցվեցին Ռուսաստանի խորքում գտնվող հինգ ռազմական օդանավակայաններին՝ ոչնչացնելով ՌԴ ռազմավարական նշանակության օդանավեր:
#CivilNetCheck-ը ուսումնասիրել է սոցցանցերում տարածվող տեսանյութերը և պարզել, որ դրանցից շատերը կեղծ են:
Կեղծ տեսանյութերը՝ իբր հարվածի հետևանքներ
Սոցցանցերում լայն տարածում է գտավ մի տեսանյութ, որն իբր ցույց է տալիս ռուսական օդանավակայանի վրա հարվածի հետևանքները։ Կադրերում երևում են բազմաթիվ ոչնչացված ինքնաթիռներ, որոնք արտաքինով նման են խորհրդային արտադրության ՄիԳ-31 և ՄիԳ-29 կործանիչներին։
Այս տեսանյութը հունիսի 2-ին Ֆեյսբուքում տարածվել է «Ահա թե ինչի է վերածվել ռուսական ռազմավարական ավիացիան ուկրաինական «Սարդոստան» գործողությունից հետո» վերնագրով և հավաքել է շուրջ 400 հազար դիտում և 5 հազարից ավելի հավանում:
Կադրերի հակադարձ որոնումը ցույց է տվել, որ այս տեսանյութը մեծ տարածում է ստացել նաև Ուկրաինայում և Արևմուտքի երկրներում: Ամենավաղ հրապարակումներից մեկը եղել է հունիսի 2-ին՝ X սոցցանցում @BerberDoris օգտատիրոջ կողմից:
Մանրակրկիտ ուսումնասիրությունը բացահայտում է արհեստական բանականության (ԱԲ) ակնհայտ նշաններ՝ գոյություն չունեցող եռաշարժիչ և քառաշարժիչ կործանիչներ, «երկողմանի» ինքնաթիռներ երկու խցիկներով, և հանկարծակի անհետացող մարդիկ կադրերում։ Այս արտեֆակտները հստակ վկայում են կեղծիքի մասին:

Հարկ է նշել, որ «Սարդոստայն» գործողության թիրախում եղել են ոչ թե կործանիչներ, ինչպես ցույց է տրվում տեսանյութում, այլ շատ ավելի մեծ չափսեր ունեցող «Տու-95» և «Տու-22Մ3» ռազմավարական ռմբակոծիչներ, ինչպես նաև «Ա-50» ռադիոլոկացիոն ինքնաթիռներ:
Վիդեոխաղերից վերցված կադրերը՝ որպես հարվածի տեսանյութ
Լրատվական կայքերում և սոցցանցերում լայնորեն տարածվել է մեկ այլ կեղծ տեսանյութ, որն իբր ցույց է տալիս ուկրաինական անօդաչուների հարվածը ռուսական ռմբակոծիչներին: #CivilNetCheck-ի ուսումնասիրությամբ պարզվել է, որ այս տեսանյութն իրականում «Arma 3» համակարգչային խաղից է:

Բնօրինակ տեսանյութը հրապարակվել է 2025-ի հունիսի 2-ին YouTube-ում վիդեոխաղերի UWC ալիքի կողմից: Տեսանյութի նկարագրությունում հստակ նշված է, որ կադրերը «Arma 3» սիմուլյացիոն խաղից են:
Տեսանյութից հատվածներ հետագայում վերբեռնվել են TikTok-ում, որտեղից արագորեն տարածվել են տարբեր հարթակներում: Հայկական մի շարք կայքեր, այդ թվում՝ Auroranews.am, Mamul.am, Artsakh.news, Yerevanpost.am և Bavnews.am, նյութը ներկայացրել են որպես «ռուսական Տու-95-երի զանգվածային ոչնչացման» իրական կադրեր:
Ամենամեծ տարածումը ստացել է լրագրող Դավիթ Գրիգորյանի կողմից հրապարակված տեսանյութը, որը կարճ ժամանակում հավաքել է շուրջ 500 հազար դիտում և հազարավոր հավանումներ:
Ավելի վաղ նմանատիպ կեղծ տեսանյութեր տարածվել էին նաև Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ընթացող պատերազմի, ինչպես նաև Հնդկաստանի և Պակիստանի միջև սրացումների ժամանակ:
2024-ի կադրերը ներկայացված են որպես 2025-ի իրադարձություն
Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը ևս զերծ չի մնացել այս գործողության հետ կապված սխալ տեղեկությունների հրապարակումից։ Հունիսի 2-ին ֆեյսբուքյան իր էջում տարածել է կադրեր՝ պնդելով, որ օրեր առաջ ուկրաինական մեկ այլ հարված ոչնչացրել է երկու ռուսական ռազմանավ Վլադիվոստոկի նավահանգստում:
«…մայիսի 31-ի ուկրաինական թռչող հրթիռի մահացու հարվածը ռուսական Վլադիվոստոկի նավահանգստին (ռուս-ուկրաինական սահմանից 9,500 կմ), որը խոցել է երկու ռազմանավ»,- պնդել է Խզմալյանը:

#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ լուսանկարները կապ չունեն ո՛չ Վլադիվոստոկի, ո՛չ էլ վերջին օրերին Ռուսաստանի դեմ ուկրաինական գործողությունների հետ: Դրանք 2024 թվականի նոյեմբերի գործողության կադրեր են, երբ ուկրաինական անօդաչուները հարվածել էին «Թաթարստան» և «Դաղստան» նավերին Կասպից ծովի ափին՝ ՌԴ-ի ռազմածովային բազայում:
Ուշագրավ է, որ Խզմալյանը հաջորդ հրապարակմամբ տարածել է վերոնշյալ ԱԲ-ով ստեղծված կեղծ տեսանյութը:
«Սարդոստայն» գործողության իրական արդյունքները՝ համաձայն արբանյակային լուսանկարների
Չնայած սոցցանցերում տարածվող ապատեղեկատվության հսկայական ծավալին, արբանյակային լուսանկարների և անկախ հետազոտողների շնորհիվ հնարավոր է պարզել ռուսական ռազմավարական ավիացիայի կորուստների իրական չափը:
01/06/25, атакованы авиабазы "Оленья", Мурманская обл. и "Белая", Иркутская обл. (не уверен, какие именно на видео, на 1м "Белая")https://t.co/rkfjRImvtF https://t.co/BvYj7qYHYp ttps://t.co/Xg38GhLnDI #вксрф #потерьнет pic.twitter.com/c4dq8O6fl7
— Necro Mancer (@666_mancer) June 1, 2025
Planet Labs, Maxar և Capella SAR ընկերությունների բարձր լուծաչափի արբանյակային լուսանկարները փաստում են, որ 2025-ի հունիսի 1-ին ռուսական ռազմավարական ավիացիան իրոք կրել է զգալի կորուստներ:
ՌԴ Իրկուտսկի շրջանի «Բելայա» օդանավակայանում արբանյակային լուսանկարներով հայտնաբերվել են առնվազն ոչնչացված երեք «Տու-95ՄՍ» և չորս «Տու-22Մ3» ռմբակոծիչ: Եվս մեկ ռմբակոծիչ հավանաբար ստացել է մասնակի վնասներ:

Capella SAR-ի տվյալներով՝ «Օլենյա» ռազմակայանում (Մուրմանսկի շրջան) հայտնաբերվել են հավանաբար ոչնչացված երկու «Տու-95ՄՍ», ևս երկուսը՝ լուրջ վնասվածքների նշաններով: Նկատվել է նաև այրված տրանսպորտային ինքնաթիռ, ենթադրաբար՝ «Ան-12»: «Դյագիլևո» օդանավակայանում (Ռյազանի շրջան) հետազոտողները դիտարկել են հրդեհի երկու օջախ, ենթադրվում է մի քանի ռմբակոծիչների վնասման մասին։
Today, Ukrainian intelligence reportedly launched 117 attack drones from trucks that had been placed near Russian air bases. I tasked several collects this morning via @umbraspace and my first images have already started processing. What a remarkable success in a well-executed… pic.twitter.com/LzXulw8jnK
— Chris Biggers (@CSBiggers) June 2, 2025
«Իվանովո-Սևերնի» օդանավակայանում (Իվանովոյի շրջան) Mizar-ի արբանյակային պատկերներում հայտնաբերվել է ինքնաթիռի այրված մնացորդներ, որոնք հավանաբար պատկանում են «Ա-50» ռադիոլոկացիոն ինքնաթիռին, ինչպես նաև հարևանությամբ կայանված վնասված «Իլ-76»։
Հակառակ ուկրաինական պնդումներին՝ 40-ից ավելի ռուսական ռազմավարական ինքնաթիռների խոցման մասին, անկախ հետազոտողները և արբանյակային պատկերները փաստում են շուրջ 10-15 ինքնաթիռի ոչնչացման կամ վնասման մասին։
Այնուամենայնիվ, «Սարդոստայն» գործողությունը դարձել է ամենախոշոր հարվածը ռուսական ռազմավարական ավիացիային 2022-ից մեկնարկած պատերազմի ամբողջ ընթացքում: Սակայն սոցցանցերում շրջանառվող տեսանյութերի մի մասը կեղծ է և չի արտացոլում իրական պատկերը: