Արշալույս Մղդեսյան
Հնդկաստանը Հայաստանին առաջարկում է իր ռազմական արտադրության ողջ տեսականին առանց քաղաքական պայմանների՝ ի տարբերություն այլ մատակարարների: Այս մասին ՍիվիլՆեթի տաղավարում քննարկմանն ասել է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ռազմական փորձագետ Էդուարդ Առաքելյանը:
Առաքելյանը և քննարկման մյուս մասնակիցը՝ APRI Armenia հետազոտական կենտրոնի ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյան բացատրում են, թե ինչու Հայաստանը 2022-ից սկսել վերանայել սպառազինության ձեռքբերման համակարգը՝ ավանդական ռուսական ուղղությունից թեքվելով դեպի նոր մատակարարներ: Այս քայլը ռազմավարական ընտրություն չէր, այլ հարկադրված գործողություն, քանի որ Ռուսաստանի տրամադրած անվտանգության երաշխիքներն անբավարար էին վերջին տարիների ճգնաժամերին դիմակայելու համար:
Արդեն հայտնի է, որ պաշտպանական ոլորտում գործակցության բազմազանեցման ընթացքում Հայաստանի հիմնական նոր գործընկերներն են դարձել Հնդկաստանը և Ֆրանսիան: Քննարկման մյուս մասնակցի` APRI Armenia հետազոտական կենտրոնի ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանի կարծիքով, դեռ 2021-ին Հայաստանը լրիվ այլ ծրագրեր էր մշակում անվտանգության ոլորտում: Մասնավորապես Զինված ուժերի բարեփոխման ծրագիրը կազմվում էր Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ:
Սակայն 2022-ից հետո՝ Ուկրաինայում պատերազմի, տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության նվազման և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մի շարք ռազմական բախումների ֆոնին, որոնց հանդեպ Մոսկվան գրեթե անտարբեր մնաց, Հայաստանը ստիպված էր դիմել այլ երկրների:
Առաքելյանը կարծում է, որ Հնդկաստանի ընտրությունը տրամաբանական էր, քանզի Հնդկաստանը Հայաստանին առաջարկում է իր ռազմական արտադրության ողջ տեսականին առանց քաղաքական պայմանների։ Ֆրանսիայի հարցում փորձագետները համակարծիք են՝ Փարիզը հանդես է գալիս որպես բարձր տեխնոլոգիական, սակայն ավելի թանկ գործընկեր, հատկապես կապի և էլեկտրոնիկայի ոլորտներում:
Սպառազինության գնումների բազմազանեցման քննադատները, հատկապես ռուսաստանցի փորձագետները Հայաստանին մեղադրում են շփոթ ստեղծելու համար՝ մատնացույց անելով տարբեր ստանդարտները, տրամաչափերը և լոգիստիկ համակարգերը։ Այդ տեսակետի պաշտպանները գտնում են, որ տարբեր երկրներից ձեռք բերված սպառազինությունն ու ռազմական տեխնիկան դժվար է համադրել և արդյունավետ կիրառել մարտական պայմաններում:
Առաքելյանի կարծիքով, այս քննադատությունը հաշվի չի առնում ռազմավարական անհրաժեշտությունը. «Եթե մենք անցնում ենք 155 մմ [ՆԱՏՕ-ի ստանդարտ] հրետանու ընդունմանը, դա տրամաբանական է, համաշխարհային չափանիշ է: Դրա համար արկեր գնելն ավելի հեշտ է, քան խորհրդային 152 մմ-ի համար»։ Հնդկաստանից ներկայում ձեռք բերվող հրետանին 155 մմ ստանդարտով է։
Լեոնիդ Ներսիսյանը նշում է, որ հնդկական հրետանին իրականում արևմտյան նմուշների հիբրիդ է: «Օրինակ՝ Trajan հրետանային համակարգը, որը ֆրանսիական Caesar-ի փոփոխված տարբերակն է, բաղկացած է արևմտյան էլեկտրոնիկայից և եվրոպական այլ համակարգերի բաղադրիչներից: Մեկ այլ օրինակ՝ MArG ինքնագնաց հրետանին բնութագրերով մոտ է ամերիկյան M777-ին: Նրա բաղադրիչների արտադրության պատվերները Հնդկաստանը ստացել է ԱՄՆ-ից»,- ասում է Ներսիսյանը:
Երկու փորձագետները համաձայն են, որ Հայաստանը հասանելիություն է ստանում ժամանակակից զինատեսակների՝ շրջանցելով այն երկրներից ուղիղ գնումները, որտեղ դա անհնար կլիներ քաղաքական սահմանափակումների պատճառով:
Էդուարդ Առաքելյանն ընդգծում է, որ Հնդկաստանից և Ֆրանսիայից մատակարարումների լոգիստիկան իր բարդությամբ չի տարբերվում ռուսական զենքի մատակարարումներից. «Մենք, այնուամենայնիվ, ամեն ինչ տեղափոխում ենք կա՛մ Վրաստանով, կա՛մ Իրանով»:
Հետաքրքիր է, որ Հնդկաստանը՝ որպես զարգացող ռազմարդյունաբերական երկիր, մի շարք ուղղություններով ձեռք է բերում արևմտյան տեխնոլոգիաներ՝ դրանք հարմարեցնելով ներքին կարիքներին:
Փորձագետների կարծիքով՝ դա Հայաստանի համար նշանակում է մատչելի գնով առաջադեմ զենքեր ձեռք բերելու հնարավորություն:
Լեոնիդ Ներսիսյանը նշում է, որ հայկական շուկայի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև այլ երկրներ, մասնավորապես՝ Սլովակիան։
«Օրինակ՝ Սլովակիայի նախագահը Հայաստան իր (մայիսի) վերջին այցի ժամանակ պատվիրակության կազմում ներառել էր սլովակյան պաշտպանական ընկերությունների ներկայացուցիչների, ինչը վկայում է սպառազինության մատակարարումների նկատմամբ հետաքրքրության մասին»,-ասում է Ներսիսյանը՝ հավելելով, որ սպառազինության գնումների բազմազանեցումը ոչ թե ճոխություն է, այլ գոյատևման միջոց, և այսօր Հայաստանն ունի նույնիսկ մատակարարողների միջև ընտրություն կատարելու հնարավորություն: