Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
«Ժողովուրդ» օրաթերթը հունիսի 4-ին հրապարակած հոդվածում անդրադարձել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերին։
Ներկայացնելով նախարարի՝ վերջերս ներկայացրած 2024-ի տարեկան հայտարարագիրը՝ թերթը այն համեմատել է 2018-ի հայտարարագրի հետ։
«Նա չէր հայտարարագրել անշարժ գույք, չէր հիշատակել վերջին տարիներին հայտարարագրում հայտնված մեքենայի մասին»,- գրել է թերթը։
Հոդվածը տարածել են news.am, pastinfo.am, yerkir.am, yerevan.today և այլ լրատվամիջոցները։
Ավանեսյանն իր հերթին հերքում է պահանջել թերթից. «Ես 2018 թվականից հետո որևէ գույք, բաժնետոմս, շահաբաժին կամ ավտոմեքենա ձեռք չեմ բերել, այլ հակառակը` վաճառել եմ մինչև 2018թ. ունեցածս գույքը և այդ գումարը դրված է բանկում` որպես ավանդ: Այս ամենը հստակ հայտարարագրված է…»

#CivilNetCheck-ը գնացել է այս պնդումների հետքերով։
Ինչու՞ է «դատարկ» 2018-ի հայտարարագիրը
«Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ պաշտոնատար անձինք ներկայացնում են պաշտոնական պարտականությունները ստանձնելու/դադարեցնելու և տարեկան հայտարարագիր։
Անահիտ Ավանեսյանը պաշտոնյա է դարձել 2018-ից՝ զբաղեցնելով առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը։ Մինչ այդ Ավանեսյանը եղել է անշարժ գույքի վարձակալությամբ զբաղվող «Աբովյան 39» ՍՊԸ-ի տնօրենը։ Մինչ օրս «Աբովյան 39» ՍՊԸ-ի 50%-ը պատկանում է նրան, մյուս 50%-ը պատկանում է Ավանեսյանի քրոջը՝ Շուշան Վարդանյանին։
Առողջապահության նախարարի պաշտոնում Ավանեսյանը նշանակվել է 2021-ին։
«Ժողովուրդ» օրաթերթը, մասնավորապես, անդրադարձել է Անահիտ Ավանեսյանի 2018-ին ներկայացրած տարեկան հայտարարագրին՝ նշելով, որ այն պարունակում է դատարկ աղյուսակներ։
Ավանեսյանը 2018-ի մայիսին, ստանձնելով առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, ներկայացրել է պաշտոնը ստանձնելու հայտարարագիր, որտեղ հայտարարագրել է բնակարան, հողամաս, այգետնակ, բազմաբնակարան բնակելի շենքի ոչ բնակելի տարածք, ինչպես նաև Ford Fiesta մակնիշի մեքենան։
Ինչ վերաբերում է 2018-ի տարեկան հայտարարագրին, ապա դրանում իսկապես տվյալներ չկան անշարժ գույքերի վերաբերյալ։ Սակայն, 2018-ի տարեկան հայտարարագրում առհասարակ առկա անշարժ գույքի վերաբերյալ բաժին չկա։ Այդ պահին գործող կանոնակարգերի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձից տարեկան հայտարարագրում պահանջվում էր լրացնել միայն տվյալ տարում ձեռք բերված և օտարված անշարժ, շարժական գույքը և այլն։

2019-ի տարեկան հայտարարագրում Ավանեսյանը արդեն մանրամասնորեն նշել է առկա գույքերը, քանի որ առանձին բաժին է բացվել հայտարարագրում, որտեղ պետք է լրացվեր նաև այդ տեղեկությունը։
Նախարարը նշել է, որ այգետնակը ձեռք է բերվել 2005-ին և գտնվում է Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում, բնակարանը գտնվում է Երևանի Արաբկիր թաղամասում, գնվել է 2014-ին: Արաբկիրում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի ոչ բնակելի տարածքը և ավտոմեքենան գնվել են 2015-ին։ Թվարկված անշարժ գույքերից յուրաքանչյուրը նախարարին է պատկանում համատեղ սեփականության իրավունքով։

2022-ին Արաբկիրում գտնվող բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքը վաճառվել է 25 միլիոն դրամով։ Եվ հետագա տարիներին ներկայացված հայտարարագրերում արդեն Արաբկիրում գտնվող բնակարանը, Ղազարավանի այգետնակն ու մեքենան են ներկայացված։
Փաստացի, «Ժողովուրդ» օրաթերթի պնդումը, թե առողջապահության նախարարը 2018-ի տարեկան հայտարարագրում չի նշել ունեցած անշարժ ու շարժական գույքը, մոլորեցնող է, քանի որ տվյալ ժամանակ հայտարարագրում պահանջվում էր լրացնել միայն տվյալ տարում ձեռք բերված կամ օտարված գույքը, ոչ թե առկա ողջ գույքը։