Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը խնդիր չի տեսնում վարչապետի՝ եկեղեցականների վերաբերյալ գրառումների մեջ։ Նախարարի խոսքով, երկրի ղեկավարը խնդիր է բարձրաձայնել՝ իր ընտրած ձևով, ինչը, եթե չի հատում իրավականության սահմանը, խնդիր չի առաջացնում։
«Կարծում եմ՝ խնդրի բարձրաձայնման հետ կապված ամեն մարդ ինքն է ընտրում, թե ինչպես պետք է դա անել։ Եվ գուցե որոշների համար դա սուր երանգներ պարունակող բառամթերք է։ Գուցե, օրինակ, ես կամ մեկ այլ անձ խնդիրները բնորոշելիս նման կերպ չարտահայտվեր, բայց ամեն մարդ ինքն է ընտրում։ Եվ եթե դա չի հատում իրավականության սահմանը, կարծում եմ՝ էստեղ խնդիր չկա», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է արդարադատության նախարարը։
Մայիսի 30-ի առավոտյան կառավարության ղեկավարը մեկը մյուսի հետևից գրառումներ արեց Ֆեյսբուքում՝ ուղղված Հայ առաքելական եկեղեցու և հոգևորականության դեմ՝ զերծ չմնալով վիրավորական բառապաշարից։
Նախարար Գալյանի դիտարկմամբ այսօր քննարկվում է ոչ թե խնդիրը, այլ նրանք, ովքեր բարձրաձայնում են դրա մասին։
«Մենք անընդհատ նույն բանն ենք քննարկում, և մեղադրվում է կողմը, որը բարձրաձայնում է խնդրի մասին, և ընդհանրապես չի խոսվում իրականում գոյություն ունեցող խնդրի մասին։ Իմ դիտարկմամբ, մենք այսօր ունենք խնդիր։ Մենք ունենք եկեղեցի, որը վաղուց զբաղվում է քաղաքականությամբ»,- ասել է նախարարը։
Սրբուհի Գալյանի խոսքով՝ Սահմանադրությունը պարունակում է եկեղեցու վերաբերյալ մեկ դեկլարատիվ բնույթի նորմ, որի համաձայն ՀՀ-ն ընդունում է Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի կյանքում։
Նա նշել է, որ եկեղեցու հետ հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով, և այսօր էլ գոյություն ունի օրենսդրական դաշտ, որը որոշակիորեն կարգավորում է այդ հարաբերությունները։ Գալյանի խոսքով՝ այդ կարգավորումները իրականության մեջ միտված են եկեղեցուն որոշ արտոնություններ տալուն, այդ թվում՝ եկեղեցականների կարգավիճակի հետ կապված։
«Այսինքն՝ մենք ընդունում ենք, որ այս պահին առնվազն այդքանով եկեղեցու և եկեղեցականների հետ հարաբերությունները կարող են օրենքի մակարդակում կարգավորվել։ Եվ մենք չպետք է մոռանանք, որ իրավական պետություն ենք։ Եվ այն, որ եկեղեցու կարգավիճակը սահմանվել է Սահմանադրության շրջանակներում, դա ևս խոսում է այն մասին, որ հնարավոր է, որ իմպերատիվ կարգավորումների դաշտում քննարկվեն այն հարցերը, որոնք այսօր բարձրաձայնվում են», - նշել է Սրբուհի Գալյանը։
Civilnet











