Ե՞րբ է հեռացվել Հեյդար Ալիևի արձանը Մեխիկոյում

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Հայկական մի շարք լրատվամիջոցներ հունիսի 8-ին «Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը» վերտառությամբ հոդված են հրապարակել։ Հոդվածում ներկայացրել են բլոգեր Ալեքսանդր Լապշինի ֆեյսբուքյան գրառումը, որում վերջինս պատմում է, թե ինչպես է Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում տարիներ առաջ տեղադրվել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանը, որն այնուհետ ապամոնտաժվել է։

«Շաբաթ վաղ առավոտյան, մթության քողի տակ և ամենուր հայտնված լրագրողներից հեռու, Մեխիկոյի իշխանությունները ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը։ Ադրբեջանի վիրավորված դեսպան Իլգար Մախմուդովը բռնապետի արձանը վերադարձրել է դեսպանատուն և այդ ժամանակվանից այն կանգնած է Մեխիկոյում Ադրբեջանի դեսպանատանը»,- թարգմանել ու վերահրապարակել են լրատվամիջոցները Լապշինի գրառումից։

Մինչդեռ իրականում Ալիևի արձանը Մեխիկոյում ապամոնտաժվել է դեռևս 12 տարի առաջ։ Այս մասին թեև Լապշինը հայտնում է գրառմանը կցված տեսանյութում, սակայն լրատվամիջոցներից շատերը միայն գրառման տեքստն են վերահրապարակել, որից տպավորություն է ստեղծվում, թե օրեր առաջ է արձանը ապամոնտաժվել։

Այդ լրատվամիջոցների ցանկանում են՝ tert.am, 24news.am, oragir.news, 168.am և այլն։

Բացի այդ, լրատվամիջոցները գրել են, թե արձանը հանվել է և փոխարինվել Ադրբեջանի քարտեզով, իրականում քարտեզը եղել է այնտեղ ի սկզբանե՝ արձանի հետ։ Իսկ Լապշինը արձանը քարտեզով փոխարինելու վերաբերյալ պնդում չի արել։

Էկրանապատկերում՝ 2012-ին արված արձանի լուսանկարը՝ հետևում քարտեզը

Ի՞նչ են գրել լրատվամիջոցները, ի՞նչ է ասում Լապշինը տեսանյութում

Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում, մասնակվորապես, գրել է․ «Ադրբեջանական սադրանքի ամոթալի ավարտը՝ Մեխիկոյի կենտրոնում Հեյդար Ալիևի արձանի տեղադրման հետ կապված։ Ամեն ինչ սկսվեց 15 տարի առաջ՝ Բարեկամության այգին ֆինանսավորելու պատրվակով»։

Գրառմանը կցված տեսանյութում, սակայն, Լապշինը հստակ նշում է, որ արձանը ապամոնտաժվել է 2013-ին՝ տեղացիների պահանջով։

«2013-ին տեղի բնակիչները՝ մեքսիկացիները, սկսեցին բողոքի ցույցեր անցկացնել […]: Նրանք պահանջել են, որպեսզի իշխանությունները հեռացնեն բռնապետ Ալիևի արձանը»,- ասում է Լապշինը տեսանյութում։

Ինչպե՞ս է տեղադրվել և ինչու՞ է ապամոնտաժվել արձանը

Հեյդար Ալիևի արձանը տեղադրվել է Մեխիկոյի «Մեքսիկա-Ադրբեջան բարեկամության այգի» վերանվանված տարածքում 2012-ի օգոստոսին, որը վերանորոգվել է Ադրբեջանի ֆինանսավորմամբ։ Արձանի բացմանը մասնակցել է նաև Մեխիկոյի քաղաքապետը։

Նույն ժամանակահատվածում Մեխիկոյում վերանորոգվել և Խոջալուի այսպես կոչված «ցեղասպանության» զոհերի հիշատակին նվիրված հուշարձան է տեղադրվել մեկ այլ այգում։ Այս երկու հանրային տարածքների վերանորոգման համար Ադրբեջանը ծախսել է 5.4 մլն դոլար։

Արձանի տեղադրումից շաբաթներ անց տեղացիները բողոքել են՝ պահանջելով հեռացնել Ալիևի արձանը, և 2013-ի հունվարին այն ապամոնտաժվել է։

Ադրբեջանի նախկին դեսպանը Մեքսիկայում՝ Իլգար Մուխտարովը, տեղական լրատվամիջոցների հետ զրույցում պնդել էր, թե արձանի շուրջ վեճն իբր հրահրվել է Մեքսիկայի հայկական համայնքի կողմից։ Արձանի ապամոնտաժմանն ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանություններն անգամ սպառնացել էին կրճատել իրենց ներդրումները Մեքսիկայում։

Այսպիսով, լրատվամիջոցները սխալ են մեկնաբանել բլոգեր Ալեքսանդր Լապշինի ֆեյսբուքյան գրառումը՝ որոշ դեպքերում վերահրապարակելով միայն տեքստը և բաց թողնելով տեսանյութը, որտեղ Լապշինն ինքը հստակ նշում է, որ արձանը ապամոնտաժվել է 2013-ին։

Նաև սխալ է լրատվամիջոցների պնդումը, թե արձանի փոխարեն տեղադրվել է Ադրբեջանի քարտեզը, այն եղել է ի սկզբանե՝ արձանի հետ միասին։

Մեկնաբանել