Անի Գրիգորյան, #CivilNetCheck
Սոցցանցերում և լրատվամիջոցներում հունիսի 13-ին տարածվում է տեղեկություն, թե ադրբեջանական մարտական ինքնաթիռները թռիչքներ են սկսել Լեռնային Ղարաբաղի առաջնագծում։
«Minval.az-ի փոխանցմամբ՝ այսօր Ադրբեջանի ռազմաօդային ուժերի մարտական ինքնաթիռները թռչում են Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ»,- գրել են հայաստանյան լրատվամիջոցները։ Նշվում է նաև, թե Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է տեղեկատվությունը։
Մինչդեռ տեղեկության աղբյուր ներկայացվող Minval.az-ն այս տեղեկությունները կեղծ է որակել։
Հունիսի 13-ի առավոտյան Իսրայելի՝ Իրանի վրա հարձակումից հետո տարածաշրջանում լարվածությունը նաև ապատեղեկատվության նոր հոսքի հիմք է դարձել։
Ինչ «ապացույցներ» են ներկայացրել լրատվամիջոցները
Լրատվամիջոցներն ու սոցցանցային էջերը տեղեկությանը կցել են նաև լուսանկար, որում իբրև Ադրբեջանի կործանիչներն են։

Այս լուսանկարը, սակայն, 2017-ին է արված։ Դրանում ռուսական արտադրության ՄԻԳ-29 կործանիչներ են: Լուսանկարը պատկանում է ռուսական «Ռիա նովոստի» գործակալությանը և արվել է Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի 105-ամյակի տոնակատարության ժամանակ։
Լրատվամիջոցները թեև գրել են, թե Ադրբեջանի ՊՆ-ն այս տեղեկությունը հաստատել է, սակայն իրականում որևէ հաստատում չի եղել։
Ավելին, Minval.az-ը հայկական ու ռուսական լրատվամիջոցներին է մեղադրում այս թեմայով ապատեղեկատվություն տարածելու մեջ։
Լրատվամիջոցներում նաև տեղեկություն էր տարածվել, թե Ադրբեջանը օդ է բարձրացրել իր կործանիչները՝ իրանական հրթիռների և կամիկաձե անօդաչուների հնարավոր հարձակումը հետ մղելու համար։
Ադրբեջանի մեդիայի զարգացման գործակալությունը ևս հայտարարություն է արել՝ նշելով, որ այս տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։