Բերման ենթարկված 11 անձ, ծառայությունից ազատված 1 ոստիկան․ բողոքի ակցիա Քասախում

Կոտայքի մարզի Քասախ համայնքում բնակիչներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով վերականգնել Երևան-Քասախ երթուղին սպասարկող թիվ 59 ավտոբուսի աշխատանքը։

Ակցիայի ընթացքում մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել մայրուղին, ինչի հետևանքով ոստիկանությունը 11 անձի բերման է ենթարկել։

Բողոքի ժամանակ ոստիկանության ծառայողը բռնություն է կիրառել ակցիան լուսաբանող լրագրողի նկատմամբ՝ խոչընդոտելով նրա մասնագիտական գործունեությունը։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը միջադեպը արձանագրել է մշտադիտարկման շրջանակում։ Պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտել է ոստիկանության նման վարքագիծը և ընդգծել, որ լրագրողների աշխատանքը պետք է ապահովվի անվտանգ պայմաններում։

Այնուհետև ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ միջադեպին մասնակցած ոստիկանն ազատվել է ծառայությունից։

Քասախի բնակիչները նախկինում օգտվում էին 59 համարի երթուղայինից, որն ապահովում էր ուղևորափոխադրում Քասախից Երևան և հակառակ ուղղությամբ՝ 150 դրամ վճարով։ 2024 թվականի ապրիլից երթուղու սպասարկումը դադարեցվել է, և փոխարենը գործարկվել է նոր երթուղի՝ «Մուլտիտրանսպորտ» ընկերության կողմից, ուղեվարձը բարձրացվել է մինչև 200 դրամ։ Բնակիչները նաև դժգոհում են նոր տրանսպորտի որակից՝ նշելով, որ նախկին հարմարավետ ավտոբուսները փոխարինվել են «Գազել» մեքենաներով։

Մեկնաբանել