Իսրայել-Իրան սրացումը ներդրողների աչքում Հայաստանը կարող է դարձնել ռիսկային. ֆինանսների նախարար

Իրանի և Իսրայելի միջև սրված հակամարտության սրացումը կարող է Հայաստանը դարձնել ռիսկային միջավայր, ինչը կազդի նաև տոկոսադրույքների ու ֆինանսական պայմանների վրա։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասուլիսի ժամանակ։

Նախարարի դիտարկմամբ՝ այդ հակամարտությունը կարող է ինչպես բացասական, այնպես էլ որոշակի դրական հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության համար։ Հովհաննիսյանը նաև ընդգծել է, որ կա անորոշությունների բարձր աստիճանն ու զարգացման սցենարների բազմազանություն։

«Կան երևույթներ, որոնք կարող են բացասաբար ազդել մեզ վրա, կան երևույթներ, որոնք կարող են դրական ազդել, և այստեղ ամեն ինչ կախված է սրացման աստիճանից ու դրա տևողությունից», – նշել է նախարարը՝ անդրադառնալով Իրանա-իսրայելական ներկա լարվածությանը։

Նա հիշեցրել է, որ 2022-ին սկսված ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ հայկական կողմը ևս դիտարկել էր բացասական սցենարներ՝ հիմնվելով 2014-ի փորձի վրա, սակայն զարգացումները, ըստ նախարարի, որոշակի դրական ազդեցություն ունեցան Հայաստանի տնտեսության վրա։

«Հիմա էլ շտապ եզրակացություններ չենք անում։ Մեր անելիքները մնում են նույնը՝ անկախ տարածաշրջանային զարգացումներից»,- հավելել է Հովհաննիսյանը։

Նախարարը նշել է նաև, որ Իրանի տարածքով իրականացվող լոգիստիկ մատակարարումների հարցը ևս գտնվում է ուշադրության կենտրոնում։ Թեև Ֆինանսների նախարարությունը անմիջականորեն չի ղեկավարում այդ գործընթացները, նա վստահեցրել է, որ Էկոնոմիկայի նախարարությունը արդեն աշխատում է այդ ուղղությամբ։

«Մատակարարումներն Իրանի տարածքով կարող են խաթարվել, երկարել կամ թանկանալ, եթե իրավիճակը սրվի»,- ընդգծել է նախարարը։

Հովհաննիսյանը նշել է, որ անհրաժեշտ է հետևել տարածաշրջանային զարգացումներին և գնահատել հնարավոր քայլերը, որոնք կարող են մեղմել հնարավոր բացասական ազդեցությունները Հայաստանի տնտեսության վրա։

Մեկնաբանել