Իրանի խորհրդարանն օրենսդրական նախաձեռնություն է պատրաստում, որը կարող է Թեհրանին դրդել դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից:
«Հաշվի առնելով վերջին զարգացումները՝ մենք կկայացնենք համապատասխան որոշում: Կառավարությունը պարտավոր է կիրառել խորհրդարանի կողմից ընդունված օրենքները, սակայն այս օրինագիծը դեռևս պատրաստվում է, և մենք կհամակարգենք այն խորհրդարանի հետ հետագա փուլերում»,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաային:
Բաքային հիշեցրել է Իրանի պաշտոնական դիրքորոշումը, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում, չնայած Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) անցյալ շաբաթ հայտարարել էր, որ Թեհրանը խախտում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի իր պարտավորությունները:
Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը, որն Իրանը վավերացրել է 1970-ին, երկրներին իրավունք է տալիս զարգացնել խաղաղ միջուկային էներգիա՝ միջուկային զենք չստեղծելու և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցելու համաձայնության դիմաց:
Իրանական պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ խորհրդարանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու վերաբերյալ, իսկ մի օրենսդիր ասել է, որ նախաձեռնությունը գտնվում է օրենսդրական գործընթացի վաղ փուլում: