Կրկնակի չափանիշներ. Արսեն Թորոսյանի հակակոռուպցիոն հռետորաբանությունն ու ստվերոտ սեփական պատմությունները

Գևորգ Թոսունյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը տարբեր առիթներով խոսում է նախկին իշխանությունների կոռուպցիոն դրսևորումների մասին։

Արսեն Թորոսյանի միջոցով իշխանությունը թերևս փորձում է նաև հանրային դաշտ նետել նախկին իշխանությունների օրոք կատարված չարաշահումներն ու ապօրինի գույքի ձեռքբերման դեպքերը։ Մեծամասամբ իշխանությունները հայտարարություններից այն կողմ չեն անցնում, օրինակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեպքում։ Իսկ Հայաստանի գործող իշխանությունները փորձում են լռեցնել Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք տեղի ունեցած որոշ առերևույթ չարաշահումներ, օրինակ՝ ԱՆԻՖ-ի հետ կապված տասնյակ միլիոնավոր դոլարների չարաշահումները, պետական գնումներում ՔՊ-ականների ու նրանց մերձավորների ներգրավվածությունը, ՔՊ-ական պաշտոնյաների ունեցվածքի կասկածելի աճը և այլն։ Ուշագրավ է նաև, որ Արսեն Թորոսյանի՝ առողջապահության նախարարությունը ղեկավարելու ժամանակ տեղի են ունեցել կորոնավիրուսի դեմ պայքարի համար հատկացված պետական միջոցների ենթադրյալ յուրացումներ, դրա հետ կապված կա նաև դատական գործընթաց։

ՍիվիլՆեթը փորձել է ի մի բերել Արսեն Թորոսյանի անվան հետ կապված սկանդալային և կոռուպցիոն պատմությունները։

Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների յուրացման գործը

Կորոնավիրուսի համաճարակի շրջանում առողջապահության նախարարն էր Արսեն Թորոսյանը (2018-2021)։ Համաճարակից մեղմումից հետո՝ 2021-ին, Հաշվեքննիչ պալատն ուսումնասիրություն սկսեց համավարակի ընթացքում նախարարության գործողությունների վերաբերյալ։ Պալատը պարզեց, որ կորոնավիրուսի կանխարգելման շրջանակում առանց ծախսային հիմնավորումների ու հաշվետվությունների՝ գումարների վերաբաշխումներ են եղել, որոշ դեպքերում բուժառուների բուժման ծախսերը եղել են ուռճացված, գնումները հիմնականում իրականացվել են մեկ անձից գնման ընթացակարգով և այլն, տարբեր բժշկական կենտրոններում էլ ծախսերը իրականացվել են խեղաթյուրումներով։

Հաջորդ տարի՝ 2022-ին, Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվեց քրեական գործ այդ ուսումնասիրությունների հիման վրա։ 2023-ին մեղադրանք առաջադրվեց առողջապահության նախկին փոխնախարար, Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին, որը Առողջապահության փոխնախարար էր ինչպես Արսեն Թորոսյանի, այնպես էլ նրա հաջորդի՝ Անահիտ Ավանեսյանի օրոք։

Սիմոնյանը շուրջ երկու ամսով կալանավորվեց, ապա ազատ արձակվեց։

Այս գործով մեղադրանք առաջադրվեց նաև «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Բաբկեն Շահումյանին, որը քավոր-սանիկական հարաբերությունների մեջ էր Սիմոնյանի հետ։ Ըստ մեղադրանքի՝ նա կազմակերպել է հիվանդության պատմագրերի 829 դեպքով կեղծում և խարդախությամբ առողջապահության նախարարությունից հափշտակել ավելի քան 263 մլն դրամ։

Ըստ մեղադրանքի՝ Գևորգ Սիմոնյանը անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել ծառայողական պարտականությունները, որն էական վնաս է պատճառել առողջապահության նախարարության իրավունքներին ու օրինական շահերին։

Նրանց հետ միասին մեղադրանք է առաջադրել Լիլիա Հակոբյանին, որը եղել է նույն կլինիկայի ավագ բուժքույրը, և ըստ մեղադրանքի՝ մասնակցել է փաստաթղթերի կեղծմանը և պետական միջոցների յուրացմանը։

Այս գործով հարցաքննվել է նաև Արսեն Թորոսյանը։ Գործը 2024-ի ապրիլից քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։

Այս գործից Գևորգ Սիմոնյանին առնչվող դրվագն այժմ քննվում է դատարանում, բայց գործի մյուս հատվածը դեռ Հակակոռուպցիոն կոմիտեում է։ Ընդ որում, որոշ հանգամանքներ ստիպում են կասկած հայտնել, որ քրեական գործի ամբողջական բացահայտումը կանգ է առել քաղաքական որոշմամբ (օրինակ, դատախազության ներկայացուցիչները նշել էին, որ քրեական վարույթի վրա եղել է ոչ իրավաչափ միջամտություն):

Ձկնաբուծական բիզնես

2022-ին Հետքը գրեց, որ Արսեն Թորոսյանի ընտանիքը ձկնաբուծական բիզնես է սկսել Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում: Ըստ հրապարակման՝ թեև «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի բաժնետերերից մեկը Թորոսյանի հայրն է՝ Գևորգ Թորոսյանը, գյուղում ձկնաբուծարանը հայտնի է որպես «Արսեն Թորոսյանի ձկնաբուծարան»:

Հետքը գրել էր նաև, որ «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2021-ի մայիսի 27-ին: Ընկերության հիմնադիրը եղել է Շավարշ Գրիգորյանը և նրա կինը՝ Էդիտա Գուրօղլյանը: Գրիգորյանը Արսեն Թորոսյանի նախարար աշխատած ժամանակահատվածում զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը: Նա աշխատանքից ազատվել է 2020-ի դեկտեմբերին: Իսկ 2021-ի հոկտեմբերից մինչև 2022-ի ապրիլի 28-ը զբաղեցրել է ՊԵԿ նախագահի խորհրդականի պաշտոնը, իսկ այժմ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարն է:

Արսեն Թորոսյանի հայրը ձկնաբուծարանում բաժնետեր է դարձել 2021-ի հոկտեմբերից՝ ձեռք բերելով ընկերության 40 տոկոս բաժնեմասը։ 2022-ին նա գնում է Շավարշ Գրիգորյանի և նրա կնոջ՝ Էդիտա Գուրօղլյանին բաժնեմասերը՝ դառնալով ընկերության 80 տոկոսի բաժնետերը։

Այդուհանդերձ, Թորոսյանի հայրը ընկերության բաժնետերերի ցանկից դուրս եկավ 2023-ին, հենց այն օրերին, երբ կորոնավիրուսի քրեական գործով ձերբակալություններ ու կալանավորումներ էին։ Մարտի 12-ին այդ գործով Սիմոնյանը կալանավորվեց, իսկ մարտի 16-ին Թորոսյանի հայրը դուրս եկավ ձկնաբուծարանի բաժնետերերի ցանկից։

Ձկնաբուծարան և կաշառք

2021-ին Ղազարավանի ձկնաբուծարանում 20 տոկոս բաժնեմաս ուներ ղազարավանցի Սարգիս Թադևոսյանը, որը Արսեն Թորոսյանի նախկին վարորդի՝ Ռազմիկ Թադևոսյանի հայրն է (վարորդները երբեմն ԱԺ-ում ներկայացվում են որպես պատգամավորի օգնական)։ Ռազմիկ Թադևոսյանը հետագայում անցավ այլ պաշտոնի՝ դառնալով Արագածոտնի մարզպետի խորհրդական։

Ներկայում նա անցնում է կաշառքի գործով, որը վերաբերում է որպես մարզպետի խորհրդական նրա գործողություններին։ Ըստ մեղադրական եզրակացության, որը դատարան է մտել 2024-ի վերջին, Ռազմիկ Թադևոսյանը, իր ծառայողական լիազորություններն ու դրանով պայմանավորված ազդեցությունը օգտագործելով, մեկ դեպքում ստացել է խոշոր, մեկ դեպքում՝ մանր չափի կաշառք։

Որպես նախարար պաշտոնավարման շրջանում Արսեն Թորոսյանի մեկ այլ տեղակալ՝ Արտյոմ Սմբատյանը, ևս հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում՝ ՍիվիլՆեթի հետաքննությունից հետո։ Սմբատյանի զոքանչը, որ անդամակցել էր ՔՊ-ին, Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա/Աբովյան խաչմերուկում ձեռք էր բերել մոտ 130 քմ մակերեսով բնակարան, դրա համար վճարել 86,6 մլն դրամ։ Բնակարանը ձեռք էր բերվել Արսեն Թորոսյանի մեկ այլ տեղակալից՝ Շավարշ Գրիգորյանից։ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ էր հարուցել, ապա կարճել այն։ Հաշվի առնելով, որ վարույթն իրականացնող մարմինները վարույթների կարճման որոշումները չեն տրամադրում լրատվամիջոցներին, բարդ է հասկանալ՝ որքանով է կարճման որոշումը հիմնավոր։

Արսեն Թորոսյանի մյուս տեղակալը՝ Շավարշ Գրիգորյանը, առողջապահության փոխնախարար նշանակվեց 2019-ին ու պաշտոնավարեց մինչև 2020-ի դեկտեմբերը։

Կորոնավիրուսի համավարակի շրջանում, երբ դրա կանխարգելման ամենապարզ գործողություններից մեկը ախտահանող հեղուկների ու նյութերի կիրառությունն էր, Շավարշ Գրիգորյանի աներորդին սկսել էր ախտահանող նյութերի բիզնես։ 2020-ին նա հիմնել էր «Անտիբակ» ընկերությունը։ Այդ ժամանակ Շավարշ Գրիգորյանն առողջապահության փոխնախարարն էր։

«Անտիբակը» պետական մարմինների հետ կնքել էր առնվազն 83 մլն դրամի պայմանագրեր, մատակարարել ախտահանող նյութեր։ 2021-ից Գրիգորյանի պաշտոնանկությանը զուգահեռ «Անտիբակի» հետ պայմանագրերն էլ նվազեցին։ Շավարշ Գրիգորյանը վերադարձավ պետական ապարատ 2021-ից որպես ՊԵԿ նախագահի խորհրդական, իսկ այժմ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարն է։

«Միբս» ընկերության պատմությունը

2020-ին Հետքը պարզեց, որ առողջապահության նախարարությունը ծառայությունների մատուցման պայմանագրեր էր կնքել «Միբս» ընկերության հետ, որի տնօրենն այդ ժամանակ նախարար Արսեն Թորոսյանի կինն է՝ Վարդանուշ Թևանյանը։

Թորոսյանի պաշտոնավարման շրջանում նրա կնոջ ղեկավարած ընկերությունը առնվազն չորս պայմանագիր է կնքել նախարարության հետ։

Հետքը դիմել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որն էլ իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով վարույթ էր հարուցել Արսեն Թորոսյանի նկատմամբ։

2020-ի նոյեմբերին, սակայն, հանձնաժողովը ձայների երեք կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ գտավ, որ Արսեն Թորոսյանի արձակած հրամանների հիմքով առողջապահության նախարարության և «Միբս» ՍՊԸ-ի միջև 2019-2020 թվականներին կնքված պայմանագրերը և 2018-2020-ի պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրերը չեն հանգեցրել Արսեն Թորոսյանի մասնավոր և հանրային շահերի բախմանը, ուստի շահերի բախման դեպքը բացակայում է։ Դեմ էր արտահայտվել միայն հանձնաժողովի ղեկավար Հայկուհի Հարությունյանը։

2020-ից հետո ևս «Միբս» ՍՊԸ-ն ունեցել է պայմանագրեր առողջապահության նախարարության հետ։

Ճնշումներ իրավապահների վրա

Չնայած վերը թվարկած քրեական վարույթներին, Թորոսյանի շրջապատի անձանց կասկածելի գործարքներին՝ իրավապահներն այդպես էլ այդ գործերով չներգրավեցին ՔՊ վարչության անդամ Թորոսյանին։ Զուգահեռ, Թորոսյանն ինքը սկսեց խոսել կալանքների անթույլատրելիության մասին։ Թորոսյանը միակը չէ ՔՊ-ում, որ բողոքում է իրավապահներից. խորհրդարանում իրավապահների հետ քննարկումները ցույց են տալիս, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իրավապահներին առերևույթ ճնշելու գործելակերպ է որդեգրել։ Օրինակ՝ ՀՀ գլխավոր դատախազի մասնակցությամբ քննարկման ժամանակ ՔՊ-ականներն այնպես արեցին, որ դատարանում վաղուց գտնվող ու առ այսօր քննված՝ Ռոբերտ Քոչարյանի ու նրա ընտանիքի անդամներին վերաբերող ապօրինի գույքի քրեական գործը նորից դառնա քննարկման թեմա այն պարագայում, երբ այն 2023-ի հոկտեմբերից քննվում է դատարանում։

Այսօրինակ քննարկումները ցույց են տալիս, որ իշխանական պատգամավորները իրավապահներին հրավիրում են նիստերի ու սկսում հարցեր տալ իրենց կամ իրենց հարազատներին, ընկերներին ու բարեկամներին առնչվող քրեական գործերի վերաբերյալ։

Դատարանները անվավեր են ճանաչել Թորոսյանի հրամանները

Կորոնավիրուսի ընթացքում Արսեն Թորոսյանի հրամաններն էլ անվավեր էին ճանաչել դատարանները։ Այդ մասին գրել էր Հետքը։ Մասնավորապես Վարչական դատարանն 2022-ի հունվարի 4-ին անվավեր և ոչ իրավաչափ էր ճանաչել Առողջապահության նախկին նախարարի երկու հրամանի կետերը, որոնք վերաբերում էին կորոնավիրուսով հիվանդներին բժշկական օգնություն ցույց տալուն, վերջիններիս հոսպիտալացմանը: Ըստ կայքի՝ դատարանը եզրակացրել էր, որ առողջապահության նախարարի հրամանները չեն ընդունվել և գործողության մեջ դրվել սահմանված կարգով:

Կարդացեք նաև այս շարքի հոդվածներից մեկը՝

«Ձախողում, խայտառակություն» և զրո մեղադրյալ. ԱՆԻՖ-ի ծրագրերը՝ ամփոփ

Մեկնաբանել