Հայաստանի լրջագույն մարտահրավերը՝ Փաշինյանի անձնական անվտանգության և պաշտոնի միահյուսումը

Կարեն Հարությունյան

Այսօր կեսգիշերն անց դատարանը ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին երկու ամսով կալանավորեց։ Կարապետյանի տան խուզարկությունը, նրա ձերբակալումը և հետո կալանքը տեղի ունեցավ բառացիորեն 48 ժամից պակաս ժամանակահատվածում՝ փաստացի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով։

Դեպքերի հաջորդականությունը

Երեքշաբթի առավոտյան Սամվել Կարապետյանը մի հարցազրույցում իր աջակցությունը հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն ու կաթողիկոսին, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել և ցանկանում է գահընկեց անել։ Կարապետյանն ասաց, որ «եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»։ Կաթողիկոսի նկատմամբ Փաշինյանի ցասումը բռնկվեց, երբ մայիսի վերջին վեհափառը Շվեյցարիայում մասնակցեց արցախցիների իրավունքների հարցով համաժողովի։

Կարապետյանի հայտարարությանն անմիջապես արձագանքեց Փաշինյանը՝ պետության ղեկավարին անհարիր բառապաշարով ֆեյսբուքյան հաջորդական գրառումներոով և սպառնալիքներով։

Վարչապետի գրառումից հետո ոստիկանությունը խուզարկություն սկսեց Կարապետյանի երևանյան առանձնատանը։ Չորեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները Կարապետյանին բերման ենթարկեցին։

Փաշինյանը պաշտոնից ազատեց Ազգային անվտանգության

ծառայության տնօրենին, որն ըստ մամուլի հրապարակումների, հրաժարվել էր ԱԱԾ աշխատակիցներին ներգրավել Կարապետյանի տան խուզարկությանը։ Աբազյանի պաշտոնանկությունը Փաշինյանը բացատրեց, որ նա արդեն հինգ տարի աշխատել էր և վաստակել էր հանգստի իրավունք։

Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց «ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչի» համար։

Փաշինյանը սպառնաց ազգայնացնել Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը (ՀԷՑ)։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նույն օրը 10 մլն դրամով տուգանեց ՀԷՑ-ին խախտումների համար։

Սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունը լայնածավալ ստուգումներ սկսեց Կարապետյանին պատկանող «Տաշիր պիցցա»-ների ցանցում։ Արդյունքում մի քանի սրճարանների գործունեություն կասեցվեց։

Չորեքշաբթի Ազգային ժողովում Փաշինյանը հայտարարեց, թե իբր դեռ մեկ ամիս առաջ հանձնարարություն էր տվել ստուգումներ անցկացնել ՀԷՑ-ում այդ ընկերության ծառայություններից դժգոհությունների պատճառով։

Չորեքշաբթի կեսգիշերն անց դատարանը երկու ամսով կալանավորեց Սամվել Կարապետյանին։

Հետևություններ

Այս փաստերի շարադրումն ինքնին բավական է եզրակացություններ անելու՝ Փաշինյանի հարձակումը Կարապետյանի և նրա բիզնեսների վրա ակնհայտ քաղաքական պատճառներ ունի; իրավապահ մարմինները և պետական մյուս գերատեսչությունները գործում են ոչ թե օրենքով, այլ վարչապետի ցուցումներով; Հայաստանում մասնավոր բիզնեսը պաշտպանված չէ քաղաքական կամայականություններից; ներդրումային միջավայրը չի կարող լինել նպաստավոր և այլն։

Իմ գործընկերները Democracy Watch խորագրի հոդվածում իրավացիորեն նշում են, որ Փաշինյանի ամբողջական վերահսկողությունը իրավապահ մարմինների և այլ պետական կառույցների վրա և դրանց կամայական կիրառումը կարող են հեշտությամբ օգտագործվել իշխանության այլ քննադատների դեմ։ 2026-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ և առհասարակ սա լուրջ վտանգ է Հայաստանի առանց այն էլ խարխուլ ժողովրդավարական ուղուն։ Իշխանության ներսում փաստացի չկան հակակշիռներ, քաղաքական ընդդիմությունն իմպոտենտ է, պետական ծառայողների ու դիվանագետների զգալի մասը կամազուրկ է, քաղաքացիական հասարակության էական հատված կոոպտացվել է Փաշինյանի ռեժիմին, իսկ իրապես անկախ մի քանի լրատվամիջոցները հազիվ են դիմակայում քարոզչական ու ապատեղեկատվական փոթորիկներին։

Սամվել Կարապետյանի դեմ իրավական առումով խիստ խնդրահարույց գործողություններին կարելի է գումարել Փաշինյանի՝ դատարանները շրջափակելու 2019-ի կոչը, SMS-ով Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարին աշխատանքից ազատելու փաստը, ընդդիմախոսների դեմ կամայական բազմաթիվ այլ գործողություններ։

Այս քայլերով Փաշինյանն իր սեփական անվտանգությունն ու պաշտոնը գնալով ավելի է միահյուսում և ամեն կերպ փորձելու է պահել իշխանությունը պատասխանատվությունից խուսափելու համար։

Ամենակարևորը՝ Փաշինյանը չափազանց լավ գիտակցում է, որ անպայման պատասխանատվություն է կրելու իր անխոհեմ արտաքին քաղաքականության արդյունքում Արցախի կորստի ու երկրի անվտանգության փլուզման համար։

Փաշինյանի իշխանության ամրապնդումը բռնի մեթոդներով և քաղաքական ընդդիմախոսների հետապնդումը ստվերում է Հայաստանի ժողովրդավարական հեռանկարը։ Երկիրը հայտնվել է խաչմերուկում, որտեղ քաղաքացիական ազատությունները, տնտեսական զարգացումը և ազգային անվտանգությունը միաժամանակ վտանգի տակ են։ Կարապետյանի դեպքը ոչ թե բացառություն է, այլ համակարգային խնդրի վառ արտահայտություն։

Եթե հասարակությունը չկարողանա միավորվել և պահանջել իրական ժողովրդավարական բարեփոխումներ, ապա Փաշինյանի վարչակարգը կշարունակի ոչ միայն խորացնել ներքին ճգնաժամը, այլև վտանգել երկրի պետականությունը՝ հատկապես այն պայմաններում, երբ արտաքին սպառնալիքները շարունակում են մնալ անմիջական և իրական։

Read the article in English: Pashinyan’s Vendetta: The Weaponization of State Power

Մեկնաբանել