ՄԻՊ ներկայացուցիչները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում այսօր՝ հունիսի 19-ին, տեսակցել են Սամվել Կարապետյանին և խորհրդապահական առանձնազրույց ունեցել նրա հետ: Այս մասին հայտնում են պաշտպանի գրասենյակից։
Տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Կարապետյանին ներկայացված մեղադրանքին առնչվող հարցերի, այդ թվում՝ փաստաբանների կողմից բարձրացված, ինչպես նաև ՄԻՊ աշխատակազմի թեժ գիծ հեռախոսահամարին ստացված ահազանգերի (ավելի քան 40 ձերբակալված անձանց օրենքով սահմանված ժամկետից ավել անազատության մեջ պահելու և մի շարք տրանսպորտային միջոցներ Ոստիկանության հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ) Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ հունիսի 18-ին սկսել է քննակման ընթացակարգ:
«Նույն օրը պարզաբանումներ են պահանջվել իրավասու պետական մարմիններից:
Վերոնշյալ հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է Կարապետյանի փաստաբանների հետ»,- հայտնում են պաշտպանի գրասենյակից:
Հունիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշում է կայացրել Սամվել Կարապետյանին կալանավորել երկու ամսով:
***
Հունիսի 17-ից Հայաստանի կառավարության և «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանի հարաբերությունները կտրուկ լարվել են: Հակասությունները սրվեցին այն բանից հետո, երբ Կարապետյանը հունիսի 17-ին քննադատեց Հայաստանի իշխանություններին Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականության դեմ սկսած արշավի համար։
Հայտարարությանը կոշտ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որից հետո Կարապետյանի երևանյան առանձնատանը իրավապահներն իրենց ձևակերպմամբ «օպերատիվ գործողություններ» սկսեցին:
Հունիսի 18-ին ժամը 02:40-ի սահմաններում, Սամվել Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ գնացել է ոստիկանություն։ Իր առանձնատնից դուրս գալիս նա վերահաստատել է, որ կանգնած է եկեղեցու կողքին։
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն մայիսի 24-ին Ժնևում մասնակցել էր Արցախի ժողովրդի իրավունքների հարցերով համաժողովի, ինչից հետո Փաշինյանը քննադատական հարձակումներ սկսեց նրա նկատմամբ՝ բարձրաձայնելով նրա՝ կուսակրոնության ուխտը խախտելու մասին։ Ավելի ուշ Փաշինյանը սկսեց պահանջել, որ Գարեգին Բ-ն ազատի վեհարանը։
Փաշինյանը հայտարարել է նաև Սամվել Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն ազգայնացնելու մասին։