ՀԷՑ-ի ազգայնացումը լի է անորոշություններով. Վաչե Գաբրիելյան

Արշալույս Մղդեսյան

Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության (ՀԷՑ) ազգայնացման շուրջ գործընթացը կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ երկրի ներդրումային միջավայրի, օրենսդրական հստակության և արտաքին տնտեսական հարաբերությունների վրա։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

Երեքշաբթի ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը մի հարցազրույցում իր աջակցությունը հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն և Ամենայն Հայոց կաթողիկոսին, որին Փաշինյանը փորձում է գահընկեց անել։ Իրավապահները նախ խուզարկեցին Կարապետյանի երևանյան առանձնատունը, նրա բերման ենթարկեցին, ապա դատարանը նրան կալանավորեց երկու ամսով։ Փաշինյանը հայտարարեց Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ) ընկերությունը ազգայնացնելու իր մտադրության մասին։

Վաչե Գաբրիելյանն ընդգծեց՝ քանի որ ՀՀ օրենսդրությամբ «ազգայնացում» տերմինը գոյություն չունի, գնահատական տալը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ ներկայացվի հստակ նախագիծ կամ օրենք։

«Այս հարցին պատասխանելը բարդ է, որովհետև պետք է ենթադրություններ անել։ Ազգայնացման գաղափարը մեր օրենսդրության մեջ չկա։ Եթե այն որոշվի իրականացնել, ապա դա պետք է լինի առանձին օրենքի տեսքով, որտեղ հստակ կնշվեն բոլոր պարամետրերը։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի հասկանալ, թե ինչ ենք ունենալու գործնականում»,- նշեց Գաբրիելյանը։

Նրա խոսքով՝ այս փուլում անհասկանալի է, թե իրավական և տնտեսական ինչ հիմքերով է իշխանությունը շարժվում դեպի ՀԷՑ-ի ազգայնացում․ «Բազմաթիվ հարցեր կան՝ գնի, պարտքերի, ներդրողների, ընկերության նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ։ Ինչ էլ ասեմ հիմա՝ լինելու է ենթադրության մակարդակում»։

Գաբրիելյանը ընդգծեց, որ ռազմավարական նշանակություն ունեցող կառույցների նկատմամբ պետական վերահսկողության վերականգնումը պետք է դիտարկել որպես բացառիկ միջոց։ Նա հիշեցրեց՝ պետությունը լավագույն կառավարիչը չէ, թեև որոշ դեպքերում նման քայլը կարող է անհրաժեշտություն լինել։

«Սակայն այս դեպքում, քանի դեռ ինձ հասանելի չեն տվյալներ շահութաբերության, հարկային դաշտի, ծառայությունների տեխնիկական մակարդակի կամ կարգավորման փոփոխության վերաբերյալ, որևէ դատողություն անել չեմ կարող։ Կարևոր է հասկանալ՝ ինչ խնդիր է լուծում այս որոշումը»,- ասաց նա։

Ըստ Գաբրիելյանի՝ ժամանակին ՀԷՑ-ի մասնավորեցումը և ցանցերի փոխանցումն օտարերկրյա ներդրողին իրականացվել է էներգետիկ համակարգի կառուցվածքային բարեփոխումների շրջանակում, որոնց նպատակն էր ոլորտ բերել կառավարման և կարգավորման արդիական մեխանիզմներ։

«Մենք այդ ժամանակ ցանցերը վաճառել ենք՝ որպես էներգետիկ համակարգի բարեփոխման մաս։ Հիմա այս քայլը պետք է դիտարկել էներգետիկ համակարգի կարգավորման ընդհանուր համատեքստում»,- ասաց նա։

Հարցին, թե արդյոք հանրային դժգոհությունները ՀԷՑ-ի սպասարկման մակարդակից կարո՞ղ են հիմք լինել ազգայնացման համար, Գաբրիելյանը արձագանքեց, որ նման պրակտիկայի ծանոթ չէ։ Նրա գնահատմամբ, ազգայնացումը հիմնականում քաղաքական որոշում է․ «Այդպիսի փորձի ես չեմ հանդիպել։ Ազգայնացումը շատ ավելի քաղաքական է, քան տնտեսական որոշում, և դրա համար դատողություններ անելն այդ դաշտում բավական դժվար է»։

Ըստ Գաբրիելյանի՝ ազգայնացումը որպես բացառիկ միջամտություն կարող է հակասել Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին, հատկապես եթե խոսքը օտարերկրյա ներդրումների մասին է։

ՀԷՑ-ում ներգրավված են ներդրումներ Կիպրոսից և Ռուսաստանից, իսկ այդ երկրների հետ Հայաստանը ունի ներդրումների պաշտպանության վերաբերյալ համաձայնագրեր։ Գաբրիլելյանը չի բացառում, որ նման պայմաններում ազգայնացումը կարող է դառնալ միջազգային արբիտրաժային վեճերի հիմք։ Հայաստանում արդեն իսկ եղել են նախադեպեր, երբ ներդրողների հետ ունեցած վեճերը տեղափոխվել են միջազգային հարթակներ։

«Սա ցանկացած պարագայում էքստրաօրդինար երևույթ է։ Ազգայնացումը միշտ էլ ռիսկային է ներդրումների ներգրավման և իրավական, տնտեսական կանխատեսելիության առումով»,- ասաց Գաբրիելյանը։

Ըստ նրա՝ հատկապես ենթակառուցվածքների ոլորտում նման միջամտությունները զգայուն են. «Այստեղ գործ ունենք ընդհանուր կարգավորման ենթակա համակարգի հետ։ Կան օրենսդրական նորմեր, որոնք չեն վերաբերում միայն ազգայնացմանը»,- ասաց նա` հավելելով, որ այժմ գործընթացի վերաբերյալ ցանկացած հարց հանգեցնում է ենթադրությունների շղթայի, որի մեջ, Գաբրիելյանի ձևակերպմամբ, ինքը չէր ցանկական մտնել։

  • “Ազգայնացում” հասկացությունը առկա է “Օտարերկրյա ներդրումների մասին” օրենքում։

Մեկնաբանել