Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն դիմելով Իրանում գտնվող Ֆրանսիայի քաղաքացիներին, հայտնել է, որ Իրանից կարող են դուրս գալ Հայաստանի և Թուրքիայի սահմանով։ Իրան-Իսրայել պատերազմի պատճառով Իրանի օդային տարածքը փակ է։
X-ի իր միկրոբլոգում նախարարը նշել է, որ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են լքել երկիրը և դեռ չեն կապվել դեսպանատան հետ, պետք է հնարավորինս արագ հայտնեն այդ մասին։ Նախարարը հայտնել է, որ Հայաստանը և Թուրքիան կարող են ընդունել նրանց առանց վիզայի։
Հունիսի 2-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում Ֆրանսիան պատվո հյուպատոսություն է բացել։
Այն քաղաքացիները, ովքեր չեն կարողանում ինքնուրույն հասնել Թուրքիայի կամ Հայաստանի սահման, կտեղափոխվեն շարասյունով մինչև շաբաթվա վերջ։
Նախարարը հայտնել է, որ ֆրանսիական թիմերն արդեն տեղակայվել են երկու սահմաններին՝ աջակցելու Ֆրանսիայի քաղաքացիներին՝ դյուրացնելու համար հյուպատոսական ընթացակարգերը։ Սահմանն անցնելուց հետո քաղաքացիները կտեղափոխվեն օդանավակայաններ։
Հունիսի 13-ից Իսրայելը պատերազմ է սկսել Իրանի դեմ՝ թիրախավորելով միջուկային օբյեկտները։ Իրանը պատասխան ավիահարվածներ է հասցրել։ Մեկ շաբաթ ընթացքով օդային պատերազմի ընթացքում երկու կողմում էլ զոհեր ու վիրավորներ կան։