Ժնևում կայացել է Իրանի ու եվրոպացի նախարարների միջև հանդիպումը

«Միայն ագրեսիայի դադարեցումը կարող է ճանապահ բացել դիվանագիտության ուղղությամբ»․ այս մասին շեշտել է Իրանի պատվիրակությունը՝ հունիսի 20-ին Ժնևում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ։

Բանակցություններին մասնակում էին Իրանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի արտգործնախարարները։

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ «Իրանը պատրաստ է դիվանագիտության ուղղությամբ շարժվել, եթե ագրեսիան դադարեցվի և ագրեսորը պատասխանատվության ենթարկվի կատարված հանցագործությունների համար»։ Այս մասին հայտնում է «Ալ ջազիրա» լրատվականը։

«Մենք աջակցում ենք Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ԵՄ-ի հետ քննարկումների շարունակությանը և մոտ ապագայում կրկին հանդիպելու պատրաստակամություն ենք հայտնել»,- հավելել է Արաղչին:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամիի խոսքով՝ եվրոպացի առաջնորդները պարզ են արտահայտվել հանդիպմանը՝ շեշտելով, որ «Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք»:

«Սա վտանգավոր պահ է, և շատ կարևոր է, որ մենք չտեսնենք այս հակամարտության տարածաշրջանային էսկալացիա»,- ասել է Լամին լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ իրենք կարող են շարունակել ընթացիկ քննարկումները և բանակցությունները:

Հունիսի 13-ի վաղ առավոտից իսրայելական կողմն սկսեց հրթիռային հարվածներ հասցնել Իրանին, նույն օրը երեկոյան Իրանը սկսեց պատասխան հարվածներ հասցնել։ Հունիսի 20-ի դրությամբ կողմերը շարունակում են հրթիռային հարվածներ հասցնել միմյանց ուղղությամբ։ Թիրախավորվում են թե Իրանի, թե Իսրայելի մի շարք քաղաքներ։

Մեկնաբանել