ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը քննադատել է Չինաստանի խախտումները Տիբեթում, Սինցզյանում 

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը մատնանշում է Չինաստանի խախտումները Տիբեթում և Սինցզյանում՝ կոչ անելով ազատ արձակել կալանավորվածներին և բարեփոխել օրենսդրությունը:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը երեքշաբթի իր ելույթում մտահոգություն է հայտնել Չինաստանի տարածքում, մասնավորապես Տիբեթում և Սինցզյանում մարդու իրավունքների շարունակվող խախտումների վերաբերյալ: Նա կոչ է արել ազատ արձակել բոլոր այն անձանց, որոնք կալանավորված են իրենց իրավունքներն իրացնելու համար, ինչպես նաև հորդորել է համապատասխանեցնել ազգային օրենսդրությունն ու քաղաքականությունները միջազգային իրավունքի նորմերին։

Թյուրքն ընդգծել է, որ աշխարհը աճող զինված հակամարտությունների, կլիմայական խնդիրների, տնտեսական անորոշության և տեխնոլոգիական անվերահսկելի առաջընթացի խաչմերուկում է գտնվում։ Նա հատուկ մտահոգություն է հայտնել Իսրայելի և Իրանի միջև ռազմական լարվածության աճի կապակցությամբ՝ կոչ անելով անհապաղ դիվանագիտական բանակցությունների և խաղաղության հաստատման, հատկապես շեշտելով խիտ բնակեցված շրջաններում քաղաքացիական անձանց պաշտպանության անհրաժեշտությունը։

Հանձնակատարը հիշեցրել է, որ յուրաքանչյուր ճգնաժամի ետևում մարդկային տառապանքն է և զգուշացրել է, որ միջազգային համաձայնագրերի նկատմամբ անտարբերությունը սպառնում է համաշխարհային խաղաղությանը և արդարադատությանը։ Թյուրքը հիշեցրել է ՄԱԿ-ի գլխավոր առաքելության մասին՝ պատերազմներին վերջ տալու, մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ հավատքը վերահաստատելու, արդարությունն ու միջազգային իրավունքը խրախուսելու։

Թյուրքը նաև քննադատել է համաշխարհային մակարդակով մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի նկատմամբ աճող արհամարհանքը՝ դա անվանելով անընդունելի։ «Քաղաքացիական անձինք դառնում են դիտավորյալ հարձակումների թիրախ։ Պատերազմող կողմերը սովն ու սեռական բռնությունը օգտագործում են որպես մարտավարություն։ Կան խոչընդոտներ մարդասիրական օգնության տրամադրման համար, իսկ մարդասիրական աշխատողները թիրախավորվում են»,- ասել է նա։

Իր ելույթի ավարտին ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան կոչ է արել պահպանել միջազգային իրավունքը, պաշտպանել մարդու իրավունքները և դիմակայել ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքների քայքայմանը։

Չինաստանի հետ կապված, Թյուրքն ասել է․ «Ես շարունակում եմ ուղիղ շփումները Չինաստանի հետ տարբեր հարցերի շուրջ։ Մտահոգված եմ այն հանգամանքով, որ օրենսդրական անհրաժեշտ բարեփոխումները չեն կատարվում՝ ապահովելու միջազգային իրավունքի պահանջներին համապատասխանությունը։ Դժբախտաբար, մեր կողմից բարձրացված անհատական գործերը ներկայում դեռ լուծում չեն ստացել։ Մեր գրասենյակը շարունակում է ստանալ մտահոգիչ տեղեկություններ Սինցզյանից, այդ թվում՝ անհիմն բանտարկությունների, մեկուսացված կալանքի և հիմնարար իրավունքների սահմանափակումների մասին։ Ըստ նրա՝ Հոնկոնգում ազգային անվտանգության օրենքների կիրառման շարունակականությունն արդեն իսկ վտանգել է քաղաքացիական ազատությունները, իսկ Տիբեթում շարունակվում են խախտումները մշակութային և այլ իրավունքների ոլորտներում։ Ես կրկին կոչ եմ անում ազատ արձակել բոլոր այն անձանց, ովքեր կալանավորված են իրենց իրավունքների իրացման համար, և հորդորում եմ Չինաստանին՝ իր օրենսդրությունը և քաղաքականությունը համահունչ դարձնել մարդու իրավունքների միջազգային չափանիշներին»։

Մեկնաբանել