Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպությունն արձագանքել է ԱՄՆ հարվածներին, մեղադրել նաև Մագատէ-ին

Լուսանկարում՝ Բուշերի կառուցվող ատամակայանը Իրանում։

«Սիոնիստական թշնամու [Իսրայել] վերջին օրերի վայրագ հարձակումներից հետո, այսօր առավոտյան՝ արեգակի ծագման պահին, Իրանի Իսլամական Հանրապետության թշնամիները դաժան հարվածներ են հասցրել երկրի միջուկային օբյեկտներին Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում։ Այս գործողությունը հակասում է միջազգային իրավունքին, հատկապես՝ Միջուկային զենքի չտարածման պայմանագրին»,- նշված է Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպության հայտարարության մեջ, փոխանցում է Tehran Times-ը․

«Այս գործողությունը, որն անհամատեղելի է միջազգային իրավունքի նորմերի հետ, ցավոք իրականացվել է ոչ միայն միջազգային հանրության անտարբերության պայմաններում, այլև՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (Մագատէ) համագործակցությամբ»,- ասված է հայտարարությունում։

Հայտարարության համաձայն՝ ամերիկյան թշնամին՝ իր երկրի նախագահի միջոցով, ստանձնել է պատասխանատվություն հիշյալ օբյեկտների դեմ իրականացված հարձակման համար, որոնք Մագատէի մշտական հսկողության ներքո են՝ համաձայն Հսկողության պայմանագրի և Միջուկային զենքի չտարածման դրույթների։

«Ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կդատապարտի «ջունգլիների օրենքի» սկզբունքով այս անօրինականությունը և աջակցություն կցուցաբերի Իրանին իր օրինական իրավունքների իրագործման հարցում»։

Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպությունն ընդգծել է, որ «չնայած թշնամիների չարախնդիր դավերին, երկրի հազարավոր հեղափոխական և նվիրված գիտնականների ու մասնագետների ջանքերով թույլ չի տրվի դադարեցնել այս ազգային ոլորտի զարգացումը»։

«Կազմակերպությունն իր օրակարգում ներառել է անհրաժեշտ քայլերը, այդ թվում իրավական գործընթացների իրականացումը՝ իրանցի ազնիվ ժողովրդի իրավունքները պաշտպանելու նպատակով»։

Շաբաթ երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը ավերիչ հարվածներ են հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին։

Տե՛ս՝ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի հիմնական միջուկային օբյեկտները

Մեկնաբանել