Փոքր ու միջինը տեղի է տալիս

Եթե 2008թ. մանրածախ առևտրի ոլորտում սուպերմարկետների մասնաբաժինը 46,8% էր, ապա անցած տարի՝ արդեն 64,5%։ Իհարկե, խոշոր խանութներում արտադրողականությունը (1 աշխատողին ընկնող շրջանառության ծավալ) 6-2 անգամ ավելի է, սակայն պետք է հաշվի առնել զբաղվածության խնդիրը։ Գերփոքր, փոքր և միջին խանութներում զբաղվածների թիվը 26,4 հազ. է, ընդ որում՝ միայն 18 հազ-ը՝ գերփոքր խանութներում։

Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) մանրածախ առևտրի ոլորտը բնութագրող բավական ուշագրավ ցուցանիշներ է հրապարակել։ Այսպես՝ թեև սուպերմարկետներն ամրապնդում են դիրքերը մանրածախ առևտրի ոլորտում, անցած տարի գերփոքր խանութների (մինչև 5 աշխատակից) թիվն ավելացել է 575-ով, աշխատակիցներինը՝ 503-ով։ Խանութների և աշխատակիցների թվի անհամաչափ աճը ցույց է տալիս, որ 12,52 հազ. գերփոքր խանութներում (2011թ. տվյալները) կրճատվել է շուրջ 250 աշխատակից։

Գերփոքր մեկ խանութի հաշվով աշխատակիցների թվաքանակի նվազումը պայմանավորված է շրջանառության կրճատումով։ Այսպես՝ եթե 2011թ. գերփոքր խանութների տարեկան շրջանառությունը կազմել է Դ168 մլրդ, ապա 2012թ. այն արդեն Դ160 մլրդ էր։ Ընդհանուր մանրածախ առևտրաշրջանառությունում նման խանութների մասնաբաժինը մեկ տարվա ընթացքում նվազել է 2,7-տոկոսային կետով՝ 2012թ. կազմելով 17,8%։

Գերփոքր խանութների թվի ավելացումը գրեթե ամբողջովին բաժին է ընկել Երևանին։ Եթե հաշվի առնենք, որ նման խանութները մասնագիտացած են հիմնականում սննդամթերքի իրացման սեգմենտում, ապա Երևանում խոշոր խանութների (սուպերմարկետների) 7-ով ավելացման պայմաններում 547 գերփոքր խանութների բացումը տնտեսական նպատակահարմարության առումով այդքան է հասկանալի չէ։ Չի բացառվում, որ սա պայմանավորված է փողոցային առևտրի դեմ տարվող պայքարով՝ բացվել են բանջարեղենի խանութներ, որոնք և դասվել են գերփոքրերի խմբին։

Ուշագրավ զարգացում է տեղի ունեցել նաև փոքր խանութների (6-15 աշխատակից) սեգմենտում։ Շրջանառության 20% կրճատման պայմաններում այս տիպի խանութների թիվն ավելացել է 7-ով (կազմել է 752), աշխատակիցներինը՝ 87-ով։ Շրջանառության կրճատման հետևանքով մանրածախ առևտրի ոլորտում փոքր խանութների մասնաբաժինն անցած տարի կրճատվել է 4,2-տոկոսային կետով՝ մինչև 11,5% (Դ103 մլրդ)։ Նորաբաց 7 փոքր խանութներից 4-ը Երևանում են, և դրանք, ամենայն հավանականությամբ, հագուստի խանութներ են։

Միջին չափի խանութների (16-30 աշխատակից) թիվը, որոնք խոշոր խանութների (31-ից ավելի աշխատակից)՝ սուպերմարկետների հիմնական մրցակիցներն են, անցած տարի կրճատվել է 1-ով՝ կազմելով 164, իսկ ահա աշխատակիցների թիվը նվազել է միանգամից 809-ով։ Նման վիճակագրությունը հուշում է, որ անցած տարի խանութները աշխատանքից ազատել են միջինը 5 մարդու։ Սա, ամենայն հավանականությամբ, կա՛մ ընդհանուր շրջանառության ծավալների 11,4%-ով նվազման հետևանք է, կա՛մ էլ խանութների մի մասը մրցակցությանը դիմանալու համար տեղափոխվել է «ստվեր»։

2012թ. խոշոր խանութների (սուպերմարկետների) թիվն ավելացել է 7-ով, բոլորն էլ Երևանում։ ԱՎԾ տվյալներից երևում է, որ 7 սուպերմարկետների բացումը նպաստել է այս սեգմենտում աշխատակիցների թվի մոտ 1,3 հազ-ով ավելացմանը։ Հիմք ընդունելով այս տվյալները՝ ստացվում է, որ յուրաքանչյուր սուպերմարկետ ապահովել է 181 նոր աշխատատեղ, այն դեպքում, երբ 2011թ. մեկ խոշոր խանութի աշխատակիցների միջին թվաքանակը կազմել է 78։ Չի բացառվում, որ անցած տարի խոշոր խանութների աշխատակիցների թվի ավելացումը (1,3 հազ-ով) տեղի է ունեցել հիմնականում աշխատակիցներին «ստվերից հանելու» հաշվին։

Խոշոր խանութների շրջանառությունն անցած տարի ավելացել է 25,8%-ով՝ հասնելով Դ578,6 մլրդ-ի, մասնաբաժինը՝ մանրածախ առևտրի ոլորտում՝ 8,5-տոկոսային կետով՝ մինչև 64,5%։

Վերջին հինգ տարիների ընթացքում խոշոր խանութների թվի 27-ով ավելացման արդյունքում մանրածախ առևտրի ոլորտում նրանց մասնաբաժինը 2008թ. համեմատ աճել է 17,7-տոկոսային կետով։ Սուպերմարկետների գրոհից ամենից շատ տուժել են գերփոքր և միջին չափի խանութները, որոնց մասնաբաժինը ընդհանուր մանրածախ առևտրում նվազել է համապատասխանաբար 6,8 և 6,1-տոկոսային կետով։

Մեկնաբանել