Փորձում ենք մետրոն բերել մինչև օդանավակայան. «Զվարթնոցի» տնօրեն

Հունվարի 30-ին Դուբայում «Զարգացող երկրների օդանավակայաններ» երկրորդ ամենամյա համաժողով-ցուցահանդեսին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը մրցանակ ստացավ «ԱՊՀ, Ռուսաստանի և բալթյան երկրների լավագույն օդանավակայան» անվանակարգում։ Այս առիթով ՍիվիլՆեթը զրուցել է «Զվարթնոցի» գլխավոր տնօրեն, արգենտինացի Մարսելո Վենդեի հետ:

Մարսելո Վենդեն այն թիմի անդամներից է, որոնց էդուարդո Էռնեկյանը բերել է Հայաստան և նշանակել ենթակառուցվածքային տարբեր ծրագրերի պատասխանատուներ: Դրանցից մեկը օդանավակայանն է: Մարսելո Վենդեն պատասխանատու է նաև գինեգործության ու գինու արտադրության համար՝ «Կարաս» գինիների գործարանում:

Զվարթնոցը» լավագույն օդանավակայան է ճանաչվել ԱՊՀ և բալթյան երկրներում: Կա՞ր մրցակցություն: Որքա՞ն էր մեր հաղթելու հավանականությունը:

Դա շատ մեծ մրցույթ էր, քանի որ մասնակիցների թվում էին ռուսական «Շերեմետևո», «Դոմոդեդովո» և «Պուլկովո» օդանավակայանները: Այսինքն՝ մեր մրցակիցները մեծ օդանավակայաններ էին, ուստի սա մեզ համար ուղղակի մրցանակ չէր, որ ստացանք, այլ հաղթեցինք կարևոր մրցույթի արդյունքում:

Հաղթանակը իհարկե մեզ ուրախացնում է, երբ Հայաստանի տեղը քարտեզի վրա շատերին հայտնի է դառնում: Զգալի ի՞նչ այլ ազդեցություն դա կարող է ունենալ ընկերության և օդանավակայանի համար:

Տարբեր նշանակություն: Օրինակ՝ ինձ համար. ես եկել եմ այստեղ տասը տարի առաջ, երբ օդանավակայանը շատ վատ վիճակում էր, և մենք սկսեցինք աշխատել, կառուցել օդանավակայանը, ուսուցանել աշխատակիցներին` ինչպես աշխատել, ինչպես զարգացնել իրենց մասնագիտական որակները: Այս մրցանակը այդ ամենի արդյունքն է: Այն այլ նշանակություն ունի երկրի համար, օդանավակայանում աշխատող մարդկանց համար, որոնք շատ ուրախ ու հպարտ են: Երբ ժամանեցինք, մեծ տոնակատարություն էր օդանավակայանում, մեծ տորթ, բոլորը տոնում էին, բոլորն այդ օդանավակայանը իրենց տունն էին համարում: Համոզված եմ՝ պարոն Էռնեկյանի համար ևս սա մեծ նշանակություն ունի, քանի որ տասը տարի առաջ, երբ Հայաստանում էր, մեծ դժվարությունների էր առերեսվել, սակայն հիմա տեսնում ենք արդյունքը: Վերջիվերջո, այս մրցանակը նաև նրա համար է:

Բնականաբար, ոչ միայն օդանավակայանի աշխատակիցներն են ուրախ և հպարտ, այլև մենք՝ բոլորս: Արդյոք դա Ձեզ օդանավակայանի հնարավորությունները ընդլայնելու, ասենք` տարանցիկ հանգույց դառնալու հնարավորություն ընձեռո՞ւմ է:

Օդանավակայանը կառուցված է ուղևորների շատ ավելի մեծ թվաքանակի համար, քան մենք ներկայում ունենք: Սա մեր ակնկալիքն է: Մենք աշխատում ենք կառավարության հետ` բացելու օդային ուղիները, ավելի մեծ թվով ավիաընկերություններ բերելու երկիր, ավելի մեծ ընտրություն ունենալու, քանի որ Հայաստանը մեծ ներուժ ունի ավելի շատ զբոսաշրջիկներ գրավելու համար, և մենք կարող ենք հեշտությամբ կրկնապատկել օդանավակայանի հնարավորությունները: Այսինքն՝ ներկայում «Զվարթնոցը» կարող է սպասարկել կրկնակի թվով այցելուների: Կարծում եմ` հաջորդ տարի, կառավարության օգնությամբ, երկիր ավելի շատ ավիաընկերություններ ու զբոսաշրջիկներ բերելու համար կունենանք ավելի լավ քաղաքականություն:

Դա իսկապես ավելի շատ կառավարությա՞ն գործն է, Ձե՞ր, թե՞ քաղավիացիայի պատասխանատուների: Ո՞վ պետք է աշխատի սա տարանցիկ հանգույց դարձնելու ուղղությամբ:

Բոլոր երկրները պետք է ունենան որոշակի քաղաքականություն զբոսաշրջիկներ ներգրավելու համար: Բնականաբար, միայն օդանավակայան կառուցելով՝ երկիր չես բերի զբոսաշրջիկների: Սակայն օդանավակայանը շատ կարևոր է: Մեզ անհրաժեշտ է համագործակցել քաղավիացիայի, կառավարության հետ, որ երկրում զբոսաշրջության զարգացման լավ քաղաքականություն մշակվի:

Սովորաբար, օդանավակայանն առաջինն է, որը մեզ դիմավորում կամ ճանապարհում է երկիր այցելելու կամ երկրից մեկնելու ժամանակ, և այս ընթացքում մենք միշտ սթրեսային իրավիճակում ենք: Օդանավակայանը մի քանի գործակալություններից է կազմված: Ձերը տնօրինման պատասխանատվությունն է: Կա նաև Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը, Սահմանային պարեկային ծառայությունը, Մաքսային վարչությունը, Ոստիկանությունը, սպասարկման ծառայությունները և զանազան տարբեր գործակալություններ: Սրանցից որո՞նք են գտնվում Ձեր ազդեցության տակ, որո՞նց հետ եք խնդիրներ ունենում:

Վերջիվերջո, ամեն ինչ հանգեցնում է օդանավակայանին, մենք ենք պատասխանատու մարդկանց` օդանավակայանի մասին ունեցած կարծիքների համար: Եթե ուղևորներն ունենում են բողոքներ, հայտնում են օդանավակայանին: Այսպիսով, մենք, իհարկե, պատասխանատու չենք ամեն ինչի համար, բայց պետք է կարողանանք համատեղ աշխատել քաղավիացիայի, կառավարության հետ` բարելավելու աշխատանքը օդանավակայանում գործող բոլոր սուբյետների հետ:

Դժվա՞ր է:

Հեշտ չէ, քանի որ նրանք ունեն իրենց ներքին կանոնադրությունը, և մենք պետք է փորձենք բարելավել այն միջազգային չափանիշներին համապատասխան, քանի որ անհրաժեշտ է փոխել խորհրդային տարիներից մնացած կանոնադրությունները: Այս տեսնակյունից` դրանք բարելավվում են, և մենք համագործակցում ենք կառավարության, մասնավորապես` քաղավիացիայի վարչության հետ, և փորձում անընդհատ բարելավել իրավիճակն օդանավակայանում:

Երբևէ բախվո՞ւմ եք անհատական բիզնեսի շահերի, երբ իրականում խնդիրը կառավարության քաղաքականությունը չէ, այլ մասնավոր բիզնես շահերը:

Գուցե սկզբում ունեցանք նման խնդիրներ, սակայն հետո բոլորը հասկացան, որ մենք այստեղ ենք` ստեղծելու լավ և ուղևորի համար հարմարավետ օդանավակայան, և որևէ մեկն այլևս մեզ չի խոչընդոտում:

Ի՞նչ կասեք ծախսերի մասին: Երբեմն նշում են, որ «Զվարթնոցը» տարածաշրջանի ամենաթանկ օդանավակայաններից մեկն է: Դրա պատճառը օդի՞, վառելանյութի՞, թե՞ ծառայությունների թանկ լինելն է: Ո՞րն է խնդիրը:

Դա շատ ծիծաղելի է: Գները նույնն են բոլոր երկրներում, և բոլոր օդանավակայաններն էլ դժգոհում են թանկությունից: Ամեն ինչ ամեն տեղ թանկ է, բայց մենք փորձում ենք ապացուցել կառավարությանը, քաղավիացիային, որ մենք ամենաթանկ օդանավակայանը չենք տարածաշրջանում, Թբիլիսիից կամ Բաքվից թանկ չենք, իհարկե: Հնարավոր է` որոշ օդանավակայաններից, օրինակ` ասենք որոշ չինականներից, թանկ լինենք: Բայց եթե մեզ համեմատենք տարածաշրջանի օդանավակայանների հետ, թանկ չենք: Հնարավոր է` վառելիքն ավելի թանկ լինի, քանի որ երկար ճանապարհ է անցնում այստեղ հասնելու համար:

Դո՞ւք եք վաճառում վառելիքը, թե՞ մասնավոր ընկերություններն են վաճառում:

Ոչ, մենք ենք վաճառում վառելիքը: Մենք ներկրում ենք, բայց դրա համար վառելիքը ճանապարհ է անցնում, ինչն ազդում է գնի վրա:

Օդանավակայանի հին շենքին ինչ ապագա է սպասվում:

Հին շենքը լավ վիճակում չէ: Դեռ մտածում ենք՝ արդյոք կարող ենք խորհրդային հին շենքը նորոգել:

Երկար ժամանակ խոսվում էր այն մասին, որ օդանավակայանի շրջակա տարածքը վերածվելու է ազատ առևտրի գոտու: Դեռ կա՞ նման խոսակցություն:

Այո, մենք կառավարության հետ վերջնական տեսքի ենք բերում, թե ինչպիսին պետք է լինի պայմանավորվածությունը: Այդքան էլ հեշտ չէ օդանավակայանում ստեղծել ազատ առևտրի գոտի: Օդանավակայանի շրջակա տարածքը նույնպես շատ վատ վիճակում է, այնպես որ՝ մենք փորձում ենք հասկանալ, թե ինչպես ենք կատարելու այդ ներդրումը, և հաջորդ տարի արդեն կսկսենք:

Իսկապես, ի՞նչ է նշանակում ազատ առևտրի գոտի:

Ազատ առևտրի գոտի նշանակում է, որ ցանկացած կազմակերպություն, որը կցանկանա որևէ բան արտահանել Հայաստանից կամ արտադրել Հայաստանում արտահանման նպատակով, կարող է անել դա` առանց հարկ վճարելու: Այս դեպքում նրանք շատ գումար կխնայեն հարկերի հաշվին: Քանի որ Հայաստանը շրջափակված երկիր է, ամեն անգամ, երբ ցանկանում եք ինչ-որ բան ներմուծել, պետք է հարկեր վճարեք, այս դեպքում, եթե ինչ-որ բան կուզեք բերել երկիր, կարող եք թողնել ազատ առևտրի գոտում և երբ ցանկանաք այն օգտագործել, կարող եք վճարել հարկերը և անել դա: Սա լավ ձև է պահեստավորելու ներմուծվող ապրանքները, ինչը որոշակիորեն կնվազեցնի գները երկրում:

Ի՞նչ կարող են անել քաղաքացիները, արդյոք մենք ունե՞նք լծակներ, որ կարողանանք հնարավոր դարձնել հետևյալ նախագծերից որևէ մեկը` հարմարավետ տրանսպորտ դեպի օդանավակայան, մետրոյի գիծ, նոր ճանապարհ, տարանցիկ հանգույցի կառուցում: Կա՞ն լծակներ, որ մենք` քաղաքացիներս, ունենք, թե՞ սա բանակցություն է ձեր և կառավարության միջև: Արդյոք ես՝ որպես քաղաքացի, կարո՞ղ եմ մի բան անել:

Իհարկե, խոսքն այստեղ մեծ ներդրումների մասին է, և մարդիկ չեն կարող որևէ բան անել, քանի որ դա կազմակերպությունների, գործարարների գործն է: Մարդիկ կարող են ազդեցություն ունենալ կառավարության որոշումների վրա ընտրություններին իրենց ձայնով:

Ներդրումները բավական մեծ գումարներ են պահանջում: Օրինակ՝ այժմ մենք ցանկանում ենք նոր ճանապարհ կառուցել դեպի օդանավակայան, որը կապվում է քաղաքի հետ, և կբարելավի օդանավակայանից դեպի քաղաք փոխադրումների որակը:

Եվ կշրջանցի Երևանի և օդանավակայանի միջև տարերայնորեն կառուցապատված որոշ մասը:

Մենք նաև փորձում ենք մետրոն բերել մինչև օդանավակայան, որը նույնպես կարևոր է քաղաքի համար:

Ձեր տեսլականը երբեք կանգ չի առնում:

Դրա համար է, որ մենք այստեղ ենք, որ շարունակենք աշխատանքները և ներդրումները:

Զրուցել է Սալբի Ղազարյանը

Լուսանկարը՝ ՍիվիլՆեթի արխիվից: Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Մեկնաբանել