«ՀԱՊԿ-ի մասին մենք ոչ միայն ակնարկում ենք, այլ ուղիղ տեքստով ասում ենք, որ այսպես երկար չի կարող մնալ»,- հունիսի 26-ին կառավարությունում ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով երկրի դիրքորոշմանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հանդեպ:
Նրա խոսքով՝ «ի վերջո, եթե ՀԱՊԿ գործընկերները, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնությունը, հանդես չգան քաղաքական հայտարարություններով, որոնց մասին խոսվել է դեռևս տարիներ առաջ՝ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ հարձակումից հետո, ապա Հայաստանը կկայացնի վերջնական որոշումներ»։
Հարցին, թե երբ կարող է Հայաստանը որոշում կայացնել ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ, փոխնախարարը պատասխանեց. «Հայաստանի Հանրապետությունը, լինելով ինքնիշխան պետություն, ինքն է որոշում, թե երբ է ճիշտ ժամանակը այս կամ այն քայլը կատարելու համար»։
Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցությանը՝ Կոստանյանը նշեց. «Մենք շարունակում ենք լինել Եվրասիական միության անդամ և շարունակում ենք խորացնել մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ։ Այն պահին, երբ անհրաժեշտություն կառաջանա հստակ որոշումներ կայացնելու, նման որոշումներ կկայացվեն»։
Հունիսի 21-ին ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության համար չվճարելու հարցը կարող է քննարկվել միայն դեկտեմբերի 31-ից հետո։ «Դրանք բացառապես ընթացակարգային, կանոնադրական պահանջներ են։ Թե ինչ տեսանկյունից է այն դիտարկվելու՝ դա արդեն այլ հարց է։ Բոլորը հասկանում են, որ Հայաստանը, որը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին, չի մասնակցում որոշումների կայացմանը, բայց չի էլ խոչընդոտում դրան»,- ասել է նա։
Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ից հայտնել էին, որ Երևանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ ֆինանսավորմանը մասնակցելուց։
Հայաստանը ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը սառեցրել է 2024-ի փետրվարին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։
ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սրվեցին 2022-ի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինուժի ապօրինի ներխուժումից հետո, երբ կազմակերպությունը ռազմական և քաղաքական աջակցություն չհայտնեց իր անդամ երկրին։
Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։
Հայաստանը դադարել է անդամավճարներ փոխանցել կազմակերպությանը և ներկայացուցիչներ ուղարկել նրա միջոցառումներին ու զորավարժություններին։
Civilnet











