Հուսով եմ՝ կկայացվի օրենքին համապատասխան որոշում․ Կարեն Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին

Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն արձագանքել է գործարար Սամվել Կարապետյանի շուրջ վերջին օրերին ծավալվող զարգացումներին՝ ընդգծելով թե՛ իր բարեկամական կապը վերջինիս հետ, թե՛ հանրային հնչեղություն ստացած գործընթացների նկատմամբ իր մտահոգությունը։ Կարապետյանը շեշտել է, որ փորձել է հնարավորինս պահպանել փաստարկված և օբյեկտիվ գնահատականի շրջանակը՝ չնայած սեփական զգացմունքային կապին Սամվել Կարապետյանի հետ։

Կարեն Կարապետյանի խոսքով՝ Սամվել Կարապետյանը երբևէ որևէ պաշտոն չի զբաղեցրել և որևէ իշխանության կազմում չի եղել։ Նրա ֆինանսական կարողությունները ձևավորվել են Հայաստանի սահմաններից դուրս, ինչը, ըստ նախկին վարչապետի, հիմնավորում է Կարապետյանի գործունեության անկախությունը քաղաքական գործընթացներից։

«Սամվել Կարապետյանը Հայաստանում և Արցախում իր աննախադեպ ու լայնամասշտաբ բարեգործական գործունեությունը ծավալել է՝ դա չպայմանավորելով օրվա իշխանության ով լինելու հանգամանքով կամ այդ իշխանության նկատմամբ ունեցած վերաբերմունքով: Այս իրողության մեջ կարելի է համոզվել անգամ հպանցիկ հայացք նետելով այն բարեգործությունների շարքին, որոնք նա կատարել է այս տարիների (այդ թվում` վերջին յոթ տարիների) ընթացքում»- նշել է Կարեն Կարապետյանը։

Նախկին վարչապետը նշել է՝ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր անձ իրավունք ունի արտահայտելու սեփական կարծիքը՝ անկախ այն բանից, թե որքանով այն համընկնում է որևէ պաշտոնատար անձի տեսակետի հետ։

Կարեն Կարապետյանի խոսքով՝ Սամվել Կարապետյանի դերը սփյուռքում շատ ավելի ընդգրկուն է, քան միայն նյութական աջակցությունը։ Նա հիշատակում է, որ գործարարը տարբեր առիթներով գործել է հաշտեցնողի, խորհրդատուի և ճգնաժամային իրավիճակները մեղմելու դերակատարմամբ։

«Կարապետյանն իրավունք ունի ունենալ իր վերաբերմունքը մեր եկեղեցու նկատմամբ, արտահայտել դիրքորոշում ու կարծիք եկեղեցու շուրջ վերջին ժամանակահատվածում կատարվող իրադարձությունների վերաբերյալ, իր չափով ու ձևով ունենալ մասնակցություն այդ հարցի քննարկմանը, լուծմանը և հաղթահարմանը»- ասված է Կարեն Կարապետյանի հայտարարության մեջ:

Նախկին վարչապետը կասկածի տակ է դնում Սամվել Կարապետյանի կողմից հնչեցված խոսքի այն մեկնաբանումը, որը հիմք է ծառայել նրա դեմ իրականացվող քրեական գործընթացին։ Կարապետյանի խոսքով՝ հարցերի լուծման բազմաթիվ այլընտրանքային ուղիներ և իմաստային շերտեր կարելի էր տեսնել տվյալ ձևակերպումների ներքո։

Կարեն Կարապետյանը խստորեն քննադատում է Սամվել Կարապետյանի հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքը՝ այն որակելով ոչ արդար և, ինչպես ինքն է ձևակերպում՝ «ոչ մարդավարի»։

Ամփոփելով միտքը՝ Կարապետյանը խոսում է Հայաստանում ձևավորված բացասական մթնոլորտի՝ ատելության, անհանդուրժողականության և հակադիր կարծիքների մերժման մասին՝ ընդգծելով, որ այդ առումով առաջին հերթին անելիք ունի գործող իշխանությունը։

«Հուսով եմ՝ իրավասու պետական մարմինները կկայացնեն տրամաբանական ու օրենքին համապատասխան որոշում՝ նկատի ունենալով Սամվելի կենսագրությունը», – ընդգծել է Կարեն Կարապետյանը։

Մեկնաբանել