Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ներկայացմամբ՝ Մինասյանը, լինելով բնապահպանության նախարար, տեղյակ է եղել «Սևան» ազգային պարկում ապօրինի կառուցապատման դեպքերից, սակայն որևէ քայլ չի ձեռնարկել խախտումները վերացնելու ուղղությամբ։
Ի պատասխան՝ Արծվիկ Մինասյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ իրեն վերագրվող արարքներն իրավական և փաստական հիմքերից զուրկ են՝ ասելով. «Ես իմ լիազորություններից մինիմալ անգամ չեմ շեղվել, գործել եմ պետության և շրջակա միջավայրի շահերից ելնելով»։
Նա ընդգծեց, որ նախարար նշանակվելու առաջին իսկ ամսում ձեռնամուխ է եղել ոլորտային խնդիրների վերլուծությանը, հատկապես՝ հատուկ պահպանվող տարածքների կարգավիճակի ու հողօգտագործման համակարգային վերանայմանը։
«Որևէ կերպ բացառել, որպեսզի անօրինական կերպով հողերի օգտագործում տեղի չունենա, հողերի օգտագործման դիմաց պետք է վճարվի և օգտագործումը պետք է համապատասխանեցվի բնապահպանական կանոններին»,- ասաց Մինասյանը։
Նրա խոսքով՝ Սևան ազգային պարկի տարածքում մրցույթներն անցկացվել են միջգերատեսչական հանձնաժողովի միջոցով՝ օրենքին համապատասխան։
«Որևէ իրավանորմ տիկին դատախազը այստեղ չի կարող վկայակոչել, որ խախտվել է։ Այն բոլոր պնդումները, թե իբր մրցույթը եղել է ձևական, իրականությանը չի համապատասխանում»,- ասաց պատգամավորը։
Նա հերքեց նաև, թե նախարարությունը պարտավոր էր պարզել մասնակցած անձանց փոխկապակցվածությունը։
«Բնապահպանության նախարարը և բնապահպանության նախարարության աշխատակիցները չունեն որևէ իրավական պարտավորություն ստուգելու, պարզելու անձանց փոխկապակցվածության վերաբերյալ, չունեն ուղղակի։ Դա նաև մարդու իրավունքի խախտում է»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Դիմելով դատախազին Մինասյանը նշեց, որ այս գործը ոչ թե իրավական գործընթաց է, այլ փորձ է՝ վարկաբեկելու իրեն։
«Ես թույլ չեմ տա, որ օրենքների, իրավական ակտերի չիմացությամբ լիազորություններ ունեցող անձինք իրենց չիմացությունը դարձնեն օրենքի նորմ և ինձ վերագրեն բաներ, որոնք իրականության հետ կապ չունեն»,- ասաց նա։