Այսօր՝ հուլիսի 4-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում կայացած արտահերթ նիստի ընթացքում ընդունվել է հայտարարություն, որով անդրադարձ է կատարվում Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև 2020-ի դեկտեմբերին ստորագրված համաձայնագրի շրջանակներում հեռարձակվող ռուսական հեռուստածրագրերի գործունեությանը։
Հանձնաժողովը փաստում է, որ ռուսական «ՌՏՌ-Պլանետա» և «Առաջին ալիք. Համաշխարհային ցանց» հեռուստածրագրերը պարբերաբար խախտում են ինչպես համաձայնագրի դրույթները, այնպես էլ ՀՀ օրենսդրությունը՝ ներառյալ Հայաստանի պետական ինստիտուտների և քաղաքացիների հասցեին վիրավորանքներ, փաստերի խեղաթյուրում, ազգային հիշատակի օրերի ընթացքում արգելված բովանդակության հեռարձակում:
Նշվում է, որ համաձայնագրի ստորագրումից 4,5 տարի անց էլ Հայաստանի Հանրային հեռուստաալիքը չի հեռարձակվում ՌԴ տարածքում, իսկ «ունիվերսալ հեռարձակման լիցենզիա» հասկացությունը գոյություն չունի ՌԴ օրենսդրության մեջ։
Հանձնաժողովն ընդգծում է, որ հանրային մուլտիպլեքսը չպետք է ծառայի օտարերկրյա քաղաքական օրակարգերի, քարոզչության ու սադրիչ ուղերձների տարածման նպատակներին, և վերահաստատում է իր հանձնառությունը՝ պաշտպանելու հանրային շահը, ազգային արժանապատվությունն ու ՀՀ քաղաքացիների հավաստի տեղեկատվություն ստանալու իրավունքը։