«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ։ Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի որոշումն ուժի մեջ է թողել։ Տեղեկությունը հայտնել են դատական դեպարտամենտից։
Հունիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշում է կայացրել Սամվել Կարապետյանին կալանավորել երկու ամսով:
Հունիսի 19–ին Սամվել Կարապետյանի պաշտպանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել՝ դեմ արտահայտվելով կալանքի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշմանը։ Գործը մակագրվել էր դատավոր Արմեն Դանիելյանին, ինչից հետո պաշտպանական կողմը որոշել էր հրաժարվել բողոքից՝ հիմնավորելով դա դատավորի վերաբերյալ տարիներ շարունակ գոյություն ունեցող բացասական գնահատականներով։ Նրանք ընդգծել էին, որ Դանիելյանը հաճախ է հայտնվել բացարկի միջնորդությունների կենտրոնում և դատական համակարգում ունի նվազ վստահություն։ Չնայած բողոքի հետ կանչմանը, դատավորը գործը շարունակել է քննության առնել և այն չի կարճել։
***
Հայաստանի կառավարության և «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանի հարաբերությունները կտրուկ լարվել են: Հակասությունները սրվեցին այն բանից հետո, երբ Կարապետյանը հունիսի 17-ին քննադատեց Հայաստանի իշխանություններին Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականության դեմ սկսած արշավի համար։
Հայտարարությանը կոշտ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որից հետո Կարապետյանի երևանյան առանձնատանը իրավապահներն իրենց ձևակերպմամբ «օպերատիվ գործողություններ» սկսեցին:
Հունիսի 18-ին ժամը 02:40-ի սահմաններում, Սամվել Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ գնացել է ոստիկանություն։ Իր առանձնատնից դուրս գալիս նա վերահաստատել էր, որ կանգնած է եկեղեցու կողքին։