Տիգրան Ուլուբաբյանը կալանավորվել է ավազակությանն օժանդակելու համար․ ՔԿ

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացվող քրեական վարույթի շրջանակում կալանավորվել է Տիգրան Ուլուբաբյանը։ Նա և Գ.Պ.-ն մեղադրվում են ավազակությանն օժանդակելու համար։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Մարտի սկզբին մամուլում ու սոցցանցերում հրապարակումներ արվեցին Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում արցախցի երիտասարդ Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ կատարված բռնության մասին։ Ըստ Տիգրանի՝ ոստիկանները ծեծելով, հայհոյանքներով ու անհարգալից վերաբերմունքով ստիպել են խոստովանական ցուցմունք տալ, իբրև թե իր բարեկամի տան վրա ավազակային հարձակում իրականացրած ենթադրյալ հանցագործների հետ կապ ունի:

Քննչական կոմիտեի հուլիսի 4-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ 2025-ի մարտի 14-ին երկու անձ ապօրինի մուտք են գործել Վանաձոր քաղաքի բնակչուհի Ք.Բ.-ի բնակարան, ատրճանակները պահել են վերջինիս և նրա անչափահաս երեխայի ուղղությամբ, ապա ատրճանակի սպառնալիքով պահանջել են ոսկյա զարդեր և գումար, որից հետո Ք.Բ.-ն ննջասենյակից վերցրել և զարդատուփով նրանց է փոխանցել 7 հատ ոսկյա զարդ:

Գ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ ավազակության և ապօրինի հրազեն պահելու մեղադրանքով։ Գ.Մ.-ն այս պահին ազատության մեջ է։ Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրա հայտնաբերման և կալանավորման համար։

Ինչպես Տիգրան Ուլուբաբյանի, այնպես էլ Գ.Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

Ավելի վաղ Տիգրան Ուլուբաբյանի պաշտպան Ռոման Երիցյանը պնդել էր, որ Ուլուբաբյանը հանիրավի է կասկածվում։

Մեկնաբանել